Հայ Ազգային կոնգրեսն օրերս հայց է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ուժային կառույցների գործողությունների իրավաչափությունը։ Հայցադիմումը ներառում է 100-ից ավելի քաղաքացիների բողոքը: Այդ մասին tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փաստաբան Վահե Հովսեփյանը: Հայցապահանջում ասվում է. «2008թ. մարտի 1-ից ՀՀ նախագահի գլխավորությամբ գործադիր իշխանության մարմինների, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության կողմից նախաձեռնված ՀՀ քաղաքացիների արտահայտվելու ազատության իրավունքի, հավաքների ազատության իրավունքի, տեղաշարժվելու ազատության իրավունքի խախտումները, 2008 թվականի մարտի 1-2-ը իրականացվող խաղաղ հավաքները բռնությամբ եւ ապօրինաբար դադարեցնելու, սպանություններով զուգորդելու եւ ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների վերոնշված իրավունքները Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտմամբ սահմանափակելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ»: Փաստաբան Վ. Հովսեփյանը նշել է, որ դեռեւս հայտնի չէ` իրենց հայցն ընդունվե՞լ է վարույթ, թե՞ ոչ: «Դեռ որեւէ բան չենք ստացել դատավարական որեւէ գործողություն կատարելու մասին»,- ասել է նա։