Կոմֆորտ՝ լրագրողների հաշվին

26/10/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ՀՀ Ազգային ժողովի նորակառույց դահլիճում իրենց առաջին աշխատանքային օրը սկսեցին պատգամավորներն ու լրագրողները: Պատգամավորները մի փոքր շփոթված էին այդ շքեղ պայմաններից, չէին կարողանում օգտվել քվեարկության նոր` համակարգչային տարբերակից, որը դեռ ամբողջությամբ չէր աշխատում` քարտային համակարգը դեռ միացված չէր: Պատգամավորներն իրենց փափուկ եւ ճոճվող բազկաթոռներին նստած՝ պտտվում էին այս ու այն կողմ, վերեւ-ներքեւ էին նայում ու մի տեսակ մեղավոր ժպտում էին վերեւում գտնվող լրագրողներին:

Եթե պատգամավորների դահլիճն ու տեղերը բավականին հարմարավետ էին իրենց օրենսդրական աշխատանքի համար, ապա լրագրողներին հատկացված սենյակները շատ անհարմար էին աշխատելու համար: Նախ՝ լրագրողների «օթյակները» գտնվում էին երրորդ հարկում եւ, այսպես ասած, կախված էին երկրորդ հարկում գտնվող դահլիճի վրա: Շատ անհարմար ու սահմանափակ էր ձայնագրման համակարգը, լրագրողների սենյակներում տեղադրված էին ընդամենը երկուական փոքրիկ բարձրախոսներ, որոնք փակցված են երկու դեմ դիմաց պատերին ու բավականին նեղ հատվածում: Ձայնագրելու համար լրագրողները պետք է խմբվեն այդ բարձրախոսների մոտ, ընդ որում, շատ խիտ ու ձեռքերը վեր պարզած, որ ձայնագրիչը հասցնեն այդ սարքին: Հին դահլիճում լրագրողներին հատկացված գրեթե բոլոր նստատեղերի թիկնակներին համապատասխան սարքեր էին տեղադրված, որտեղից հնարավոր էր ձայնագրել: Ոչ միայն շատ նեղ ու փոքր էին այդ սենյակները, այլ ունեին շատ վատ օդափոխության համակարգ: Մի սենյակում եթե տասից ավելի լրագրող էր նստում, օդը դառնում էր հեղձուցիչ: Իսկ նստած դիրքում լրագրողին տեսանելի էր միայն դահլիճի նախագահության հատվածը, պատգամավորները չէին երեւում: Պատգամավորների մի մասին տեսնելու համար անհրաժեշտ էր մոտենալ ապակե պատին: Իսկ մոտենալուց հետո էլ դահլիճի մի կողմն էր երեւում, մյուս թեւը տեսնելու համար անհրաժեշտ էր անցնել լրագրողների մյուս սենյակը: Ի դեպ, լրագրողների վերին «օթյակները» ապակեպատ էին, եւ բացի բարձրախոսներից խոսող պատգամավորներից, մնացած որեւէ խոսք հասանելի չէր: Ապակու հետեւից հնարավոր չէր դահլիճի որակյալ լուսանկարներ ստանալ: Օրինակ` ԱԺ նախագահին կամ փոխնախագահներից որեւէ մեկին նկարելիս լուսանկարողը դուրս էր գալիս նրանց «կրծքին փարված» վիճակում, որովհետեւ ապակե պատը արտացոլում էր նկարողի պատկերը: Եվ բավականին զվարճալի կադրեր էին ստացվում: Եվ, որ ամենակարեւորն է, լրագրողը չէր հասցնում «բռնացնել» դահլիճից դուրս եկող պատգամավորին, որովհետեւ երրորդ հարկից մինչեւ երկրորդ հարկ հասնելը, պատգամավորն արդեն լքում էր միջանցքը: Ի դեպ, մինչեւ դահլիճի նորոգումը հատկապես իշխանական պատգամավորներն անընդհատ ուրախությամբ ակնարկում էին, որ վերանորոգելուց հետո իրենք լրագրողների համար բավականին անհասանելի կլինեն: Եվ այդպես էլ եղավ: Այս նոր տարբերակում հնարավոր չէ հետեւել նիստերին եւ միաժամանակ լսել, թե ինչ ռեպլիկներ են նետում ազգընտիրները միմյանց հասցեին: Հին դահլիճում դա էլ հնարավոր էր: Նաեւ դրա համար որոշվեց լրագրողներին առանձնացնել եւ պատգամավորներին մեկուսացնել:

Այսօր դժգոհություններից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց լրագրողներին, լսեց ու խոստացավ դրանք ներկայացնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ասաց, թե բարձրախոսների հետ կապված ու տեխնիկական մյուս խնդիրները ինքը կարող է լուծել, սակայն ապակե պատի հարցը պետք է որոշի ԱԺ նախագահը: Նաեւ հասցրեց նկատողություն անել: «Եթե խոսում եք, առաջինը խոսենք ձեր դրես կոդից` ԱԺ աշխատակազմից սկսած՝ ցանկացած ելումուտ ունեցող պետք է այնպես հագնվի, որ ներքեւից կամ վերեւից իրար նայելուց որեւէ արտառոց բաների մասին չխոսենք: Մի հատ եկեք ներքեւից ձեզ նայեք»,- հակադարձեց Գ. Ղարիբջանյանը:

Նրա աշխատասենյակում գտնվող լրագրողները հագնված էին շատ համեստ, իսկ «ամենաանհամեստ» հագնված լրագրողի զգեստը պատգամավորների գործավարուհիների հագուկապի հետ համեմատած` կարելի էր փարաջա համարել:

Հիշեցնենք նաեւ, որ անցած երկու տարում ԱԺ-ն որոշակիորեն սահմանափակել է լրագրողների աշխատանքի հնարավորությունը: Բավական է միայն հիշել, որ, եթե նախկինում հավատարմագրված լրագրողներն իրենց անցագրով կարող էին աշխատանքային բոլոր օրերին մտնել ԱԺ, ապա ոչ վաղ անցյալում ԱԺ ղեկավարությունը որոշեց, որ այդ իրավունքը պետք է տրվի միայն նիստերի օրերին: Մնացած օրերին լրագրողները պետք է ԱԺ-ում ներկա պատգամավոր գտնեն, որ իրենց համար անցաթուղթ տրամադրի: Գ.Ղարիբջանյանը խոստացավ վերացնել նաեւ այդ սահմանափակումը: Ի դեպ, ԱԺ ղեկավարությունը այս նոր դահլիճի հնարավորությունների մասին խոսելիս անընդհատ մեջբերում էր, թե բոլոր եվրոպական երկրների խորհրդարաններում էլ լրագրողներին հատկացված հատվածը առանձնացված է նիստերի դահլիճից: Դա այդպես է, բայց դժվար է հիշել որեւէ խորհրդարան, որտեղ լրագրողների «օթյակները» ապակեպատ լինեն: Օրինակ, Եվրախորհրդի նիստերի դահլիճում նույնպես լրագրողներին հատկացված հատվածը բաց է, եւ այնտեղից ողջ դահլիճը տեսանելի է:

Իսկ իշխանական պատգամավորները դրական գնահատեցին իրենց նոր աշխատավայրը: Օրինակ, Ապարանից ընտրված Լյովա Խաչատրյանն ասաց, թե բացման օրն այդ առիթով «ինը բաժակ է խմել»: «Այն դեպքում, երբ վաղուց չէի խմել»,- ասաց նա: ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն ամեն ինչ շատ լավ գնահատեց: Նոր դահլիճը դուր էր եկել նաեւ ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար, բնականաբար, թե նոր դահլիճը, թե լրագրողներին հատկացված սենյակները կատարյալ էին: Իսկ այն դժգոհություններին, թե լրագրողներն այս նոր պայմաններում չեն կարողանա լիարժեք հետեւել պատգամավորներին, Գ.Սահակյանն այսպես հակադարձեց. «Պատգամավորը ձեզ համար դիդակտիկ նյութ չէ»: Մինչդեռ եթե նախկին դահլիճում հնարավոր էր լսել պատգամավորների ռեպլիկներն ու դուրս գալ նրանց հետեւից, ապա հնարավոր չէր տեսնել նրանց ամբողջությամբ: Իսկ այստեղ պատգամավորներն իսկապես դիդակտիկ նյութ են լրագրողների համար, որովհետեւ նրանց ձայնը լսելի չէ, սակայն շարժումներն ամբողջովին նկատելի են: Վերեւից տեսանելի է, թե որ պատգամավորն է սիրում նիստերի ժամանակ ոտքերը հանել կոշիկներից, որ պատգամավորն է ձանձրույթից հորանջում ու ճոճվում այսուայն կողմ, եւ այդպես շարունակ: Արդյո՞ք այդ նոր պայմաններն իրենց հնարավորություններով կնպաստեն, որ բարձրանա ՀՀ խորհրդարանի օրենսդրական գործունեության արդյունավետությունը: «ԱԺ մակարդակը, ԱԺ կազմն է որոշում, ոչ թե պատերը եւ կահույքը: Բայց որ դահլիճը լավ է ու հարմար, եւ վատ աշխատելու պատճառ չկա, դա հաստատ է»,- ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:

Իսկ քվեարկություններից հետո պատգամավորների գերակշիռ մասը լքեց դահլիճն այն նույն արագությամբ, ինչպես դա անում էին հին դահլիճից: Եվ այդ նորոգված պատերը, փոխված կահույքն ու նոր տեխնիկան «չխանգարեցին», որ երեկ ողջ օրը նիստերը կրկին անցնեն կիսադատարկ դահլիճում: