Շաբաթ օրն Ախուրյանում տեղի ունեցավ շաքարի գործարանի բացումը։ Սա որոշակի իմաստով կարելի է իրադարձություն համարել Հայաստանի տնտեսական կյանքում, թեկուզ այն պատճառով, որ մեր երկրում ոչ թե ամեն օր, անգամ մի քանի տարին մեկ գործարան չի բացվում։
Հատկապես, որ գործարանը կառուցվել է, այսպես ասած, զրոյից։
Աշխատանքները սկսվել են 2006թ-ից, եւ մինչ օրս ներդրվել է 102 միլիոն դոլար։ Տեխնոլոգիական սարքավորումները ձեռք են բերվել հիմնականում եվրոպական երկրներից։ Մասնագիտական հաշվարկների համաձայն՝ ՀՀ շաքարավազի շուկայի ներքին պահանջարկը միջինում կազմում է տարեկան 90 հազար տոննա։ Այսինքն՝ ամեն տարի մենք ներմուծում ենք 90 հազար տոննա շաքարավազ՝ արտասահմանյան արտադրողներին ուղարկելով տասնյակ-միլիոնավոր դոլարներ։
Շաքարի գործարանում շրջայցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ կատարված աշխատանքը շատ տպավորիչ է, եւ ի թիվս այլ խնդիրների, որ կարող է լուծել գործարանը, կարեւոր է հատկապես ներմուծման կրճատման եւ արտահանման ավելացման քաղաքականության իրականացումը: «Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես, շաքար չի ներմուծվելու, որովհետեւ այս գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու եւ ավելի էժան է լինելու, քան արտերկրում արտադրված շաքարը»,- ասել է Ս. Սարգսյանը:
Գործարանը լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում կարող է արտադրել 220 հազար տոննա սպիտակ շաքար։ Այսինքն՝ այն ամբողջությամբ կարող է ծածկել ներքին պահանջարկը։ «Լուսաստղ-Շուգր» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Սարգսյանը հավաստիացնում է, որ իրենք մեծ շահույթ չեն հետապնդի, գինը կլինի համեմատաբար ցածր։ «Ինչ վերաբերում է որակին, ապա մեր շաքարի որակը բավականին լավն է, ուկրաինական շատ գործարաններ չեն կարողանում այս որակը ստանալ` եւ քաղցրության, եւ մաքրության տեսանկյունից»,- ասում է տնօրենը։ Արտահանման ուղղությամբ որոշակի աշխատանք արդեն կատարվել է, 1.5 հազար տոննա արտահանվել է Վրաստան։ «Իրանի հետ բանակցությունները նույնպես ընթացքի մեջ են։ Դեռ որոշակիություն չկա, բայց հույս ունենք, որ կզբաղեցնենք մեր տեղն այդ շուկայում: Եթե Թուրքիայի ճանապարհը բացվի, չի բացառվում, որ Թուրքիա էլ արտահանենք»,- ասում է Էդ. Սարգսյանը։
Այս պահին գործարանը շաքար արտադրում է հարավ-ամերիկյան երկրներից ներկրվող հումքով։ Սակայն 220 հազար տոննայից 40 հազարը արտադրվելու է տեղական ճակնդեղի վերամշակման արդյունքում։ ՀՀ-ում աճեցված շաքարի ճակնդեղի վերամշակման սխեման ավարտին հասցնելու համար մնացել են գործարկման եւ կարգավորման աշխատանքները, որոնք կիրականացվեն բերքահավաքից հետո: Այստեղ կա մեկ այլ խնդիր։ 40 հազար տոննա շաքար արտադրելու համար հարկավոր է վերամշակել շուրջ 300 հազար տոննա ճակնդեղ։ Նշենք, որ ՀՀ-ում շաքարի ճակնդեղ մշակվել է մինչեւ 1988թ., երբ երկրաշարժի պատճառով քանդվեց Սպիտակի շաքարի գործարանը, իսկ առավելագույն համախառն բերքը եղել է 1985թ.՝ 161.5 հազար տոննա։ 25 տարվա ընդմիջումից հետո մեր ճակնդեղագործներն առայժմ դժվարանում են շաքարի ճակնդեղի բերքահավաքի գործում։ Դա ծանր ձեռքի աշխատանք է, իսկ մեր պայմաններում այդ աշխատանքը դժվար է մեքենայացնել։ Թերեւս հենց դրանով է պայմանավորված, որ գյուղացիները ցածր են համարում գործարանի առաջարկած գինը եւ չեն ցանկանում ճակնդեղ մշակել։ Էդ. Սարգսյանը նշում է, որ, օրինակ, եվրոպական երկրներում, որտեղ ճակնդեղից շաքար էին արտադրում, պետությունը սուբսիդավորում էր այդ գործընթացը։ Ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում Գյուղնախարարության հետ համատեղ։ Սակայն նկատի ունենալով, որ շաքարի ճակնդեղի հումքով շաքարի արտադրությունը լրիվ հզորության կարող է հասնել 4-5 տարիների ընթացքում՝ ենթադրվում է, որ առաջիկա տարիներին տեղական հումքը կբավարարի ընդամենը 8-9 հազար տոննա շաքարի արտադրության համար։ Ավելացնենք, որ այս պահին գործարանում աշխատում է 700 հոգի, որոնց թիվը ժամանակի ընթացքում կարող է հասնել 1000-ի։