Ռուդիկ Հյուսնունցը «քցել» է քաղաքացուն

26/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Լեռնային Ղարաբաղում իշխանություն չկա, կա բանդա, որը երկիրը կառավարում է մաֆիայի օրենքներով: Իշխում են մի քանի կրիմինալներ, որոնք եթե ուզեն` թույլ կտան մտնես Ղարաբաղ, իսկ եթե ոչ, ուրեմն` գլխիդ կսարքեն կնստացնեն կամ էլ խփել կտան»,- ասում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից Կամո Աթալյանը, ում մուտքը Ղարաբաղ խստիվ արգելված է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, այժմ` պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի կողմից: Կ. Աթալյանը թեեւ 2008թ.-ին Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շաղբուլախ ավանում հսկայական ջերմոցային տնտեսություն է ստեղծել, այդուհանդերձ, այսօր իրավունք չունի այնտեղ ոտք դնել, քանի որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, հանքարդյունաբերող «Տիգրանակերտ» ՍՊԸ-ի հիմնադիր Ռ. Հյուսնունցը սպառնացել է նրան «խփել» տալ: «Նա բազմիցս ստիպել է թողնել, հեռանալ, հակառակ դեպքում գլխիս կսարքի, կնստացնի կամ խփել կտա: Ասել է` նայի՛, գրպանդ նարկոտիկ կգցենք, էս կողմերում ոտք չդնես»,- պատմում է Կ. Աթալյանը: Սպառնալիքների վերաբերյալ վերջինիս կողմից ԼՂՀ Ոստիկանությունում հնչեցրած ահազանգերը, որպես կանոն, մնացել են անպատասխան, քանի որ, ըստ Կ. Աթալյանի` Ղարաբաղում թե՛ Ոստիկանությունը, թե՛ բոլոր այլ պետական կառույցները ղեկավարում են մի քանի պաշտոնյաներ, ընդ որում` ղեկավարում են գողական աշխարհի սկզբունքներով: Կ. Աթալյանը հայտարարում է, որ ԼՂՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաները դրսից ներդրողներ գտնելով` խրախուսում են Ղարաբաղում բիզնես-ծրագիր իրականացնելու ներդրողի մտադրությունները, «ոսկե սարեր», աջակցություն են խոստանում, այնուհետեւ ներդրողին «քցում» ու առանց ոչնչի վտարում են տարածքից: Ի դեպ, նույնիսկ Ղարաբաղ-Հայաստան երթուղի իրականացնող տաքսիստներն են այդ մասին ուղեւորներին պատմում` ասելով. «Փողատերերին համոզում-բերում են մեր մոտ, թողնում են` լավ չաղանա, իսկ հետո մորթում-ուտում են: Ռուդիկ Հյուսնունցը Ղարաբաղի Յապոնչիկն ա»: Վերջին տարիներին ԼՂՀ-ում հսկայական ներդրումներ կատարած մի քանի տնտեսվարող սուբյեկտներ արժանացել են նման վերաբերմունքի: ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես՝ ԼՂՀ ԱԺ նախագահի նախկին տեղակալ Ռ. Հյուսնունցի առաջարկով՝ բավականաչափ ներդրումներ են կատարել, գործարաններ են կառուցել, այնուհետեւ ենթարկվելով տարբեր մանիպուլյացիաների ու շանտաժի` ձեռնունայն հեռացել են` հասկանալով, որ հակառակ դեպքում իրենց դեմ է դուրս գալու «մաֆիան»: Կ. Աթալյանն ասում է, որ շատերն են ցանկանում այդ մասին բարձրաձայնել, իրենց իրավունքների ու արդարության համար պայքարել: «Ով էդ մասին ասում է` ազգի դավաճան են հանում: Այսինքն` արտաքին թշնամու ֆակտորը կարելի է անընդհատ շահարկել ներսի կեղտերը ծածկելու համար: Բայց ինչքա՞ն կարելի է… Հետո էլ Ղարաբաղում բնակչության արտագաղթի մասին են խոսում: Գյուղերն ու սարերը մի քանի հոգու ձեռքում է, իսկ էն սովորական գյուղացին, որն այդ հողերի համար արյուն է թափել` ոչ մի կտոր հող չունի: Սովից մեռնում է կամ ստիպված թողնում-հեռանում է: Ֆեոդալական հասարակարգ է, որովհետեւ ջուրը, հոսանքը, հողը, ամեն ինչը մի քանի հոգու ձեռքում է: Կուզի՝ կտա, չի ուզի` չի տա: Փող ունեցողին պետական մակարդակով համոզում են, թե՝ ներդրում արա, բիզնեսդ ծաղկեցրու, համ քեզ լավ կլինի, համ Ղարաբաղի ժողովրդին: Միլիոններ ես ծախսում, զրոյից բիզնես ես ստեղծում, եւ երբ արդեն եկամուտ ստանալու ժամանակը գալիս է` կանգնում են գլխիդ, զենքով, սպառնալիքով տարածքից վտարում են»,- ասում է Կ. Աթալյանը` նշելով, որ ԼՂՀ ժողովուրդն այժմ ապրում է պատերազմի սինդրոմով, այսինքն` ինչ ուզում է լինի` միայն պատերազմ չլինի:

Ինչի՞ համար են երաշխավորում հիմնադրամները

Կ. Աթալյանը քրոջ որդու` Ռոմա Բաղդասարյանի հետ Ղարաբաղյան պատերազմից հետո մշտապես ապրել է Ռուսաստանում, որտեղ լավ բիզնես է ունեցել եւ կարողացել է որոշակի կարողության հասնել: 2008թ. ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռ. Հյուսնունցը հասկանալով, որ Ռ. Բաղդասարյանը մեծ գումար ունի` «գայթակղիչ» առաջարկություն է արել (ամիսներ առաջ այս թեմայով հրապարակում տպագրել էինք)։ «Ասաց` ամեն ինչով սատար կկանգնենք: Հողը կհատկացնենք, կազմակերպչական, շինարարություն իրականացնելու թույլտվության, հարկային արտոնության, բոլոր փաստաթղթային հարցերը մենք կլուծենք: Բա՝ էսպես կանենք, էնպես կանենք, մենակ դուք ներդրումը կատարեք ու բիզնեսը սկսեք…»,- պատմում են Կ. Աթալյանը եւ նրա քույրը` Ա. Աթալյանը, ում անվամբ էլ հետագայում գրանցվել է ընկերությունը: Ռ. Հյուսնունցը խոշոր գումարի դիմաց, շրջանցելով օրենքը, նաեւ կազմակերպել է, որպեսզի ՌԴ քաղաքացի Ռ. Բաղդասարյանը ԼՂՀ-ում գրանցում ստանա, որից հետո Ռ. Հյուսնունցին սեփականության իրավունքով պատկանող մոտ 2000քմ մակերեսով հողատարածքի վրա Կ. Աթալյանը, քրոջ եւ քրոջ որդու հետ երկարատեւ աշխատանքի եւ մեծ ներդրումների շնորհիվ, ջերմոցային տնտեսություն է կառուցել: Երկու կողմերի միջեւ համաձայնության արդյունքում որոշում է կայացվել համատեղ բիզնես իրականացնել, հետեւաբար, քանի որ Ռ. Հյուսնունցը գումար ներդնելու հնարավորություն չի ունեցել, առաջարկել է. «Նա ասաց` դուք ներդրումն եք անում ու կառուցում եք ամեն ինչ, իսկ ես` կազմակերպչական բոլոր հարցերով եմ զբաղվում: Մենք առաջարկել ենք ջերմոցը կառուցել 700 մետրի վրա, որովհետեւ ավելի մեծ տարածքում տնտեսություն իրականացնելու ռեսուրսներ չունեինք: Նա ասաց` ես 300.000 դոլար ունեմ ստանալու Գյումրիի իմ բենզալցակայանից: Ու համոզեց, որ 700-ից ավելի, այսինքն` մոտ 2000քմ-ով ջերմոց կառուցենք իր կաթսայատան եւ այլ հարակից կցակառույցների հետ միասին: Հետագայում պարզվեց` ոչ մի ներդրում էլ չի կատարելու»: Հյուսնունցի պաշտոնական դիրքը, ԼՂՀ իշխանությունների մասնակցությունն այս բիզնես-ծրագրի մեջ, Աթալյաններին ստիպել են հավատալ, որ բանավոր պայմանավորվածությունն իրենից կշիռ է ներկայացնում: Միայն հիմա է Կ. Աթալյանը հասկանում, որ անհրաժեշտ էր բանավոր պայմանավորվածությունները փաստաթղթերի վերածել` հետագայում շանտաժի չենթարկվելու համար: Նաեւ նշենք, որ ջերմոցային տնտեսություն ԼՂՀ-ում առաջին անգամ իրականացրել են Աթալյանները, որից հետո արդեն տեղի մեծահարուստները, հասկանալով այդ բիզնեսի շահութաբերությունը, տարբեր շրջաններում սկսել են զարգացնել տնտեսության այդ ճյուղը: «Ջերմոցը կառուցելուց հետո Ռ. Հյուսնունցը սկսեց օգտագործել մեր ներդրած բիզնեսը: Նա ջերմոցը գրավ դնելով՝ 31մլն էր վերցրել ու իր համար ջիփ էր գնել, որի մասին հետագայում ենք իմացել»,- ասում է Ա. Աթալյանը: Որոշ ժամանակ անց, երբ արդեն եկել է բերք ստանալու, եկամուտներն ապահովելու ժամանակը, Հյուսնունցը սկսել է վիճաբանություններ հրահրել. «Մեր ջերմոցի փողերով առած ջիփով գալիս էր տարածք, թե` դավայ-դավայ, հլը գործ արեք: Բա թե` էս սենց արեք, էն նենց… Էս ի՞նչ ձեւ եք աշխատում… Մի խոսքով` ուզում էր պրովոկացիա աներ, որ մի բան ասեինք ու պատմություն սարքեր, որ մեր ստեղծածին, տիրանար: Հետո մի խելքով մեզ ասաց` էս ի՞նչ եք անում, ոչ մի փաստաթուղթ ձեւակերպված չի, ամեն ինչ անօրինական ա, նա ոչ մի բան չի արել, նույնիսկ շինթույլտվություն չի ձեւակերպել»,- պատմում է Կ. Աթալյանը, ով հետո իսկապես պարզել է, որ իրենց ստեղծած ջերմոցային տնտեսության փաստաթղթերով Ռ. Հյուսնունցը ընդհանրապես չի զբաղվել: Ի դեպ, Աթալյանները պնդում են, որ Ռ. Հյուսնունցի գրավ դրած գույքի դիմաց ստացած գումարների երաշխավորը եղել է «ԼՂՀ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը»: Այլ կերպ ասած` նրանց խոսքերով` հիմնադրամն աջակցել է այդ անօրինականությանը, գումարները տրամադրվել են ոչ նպատակային ծրագրերի համար: Հասկանալով, որ Ռ. Հյուսնունցն իրենց «քցում» է, Կ. Աթալյանը 2009թ. մարտին նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` մանրամասն տեղեկացնելով կատարվածը: Բառացիորեն շարադրել է Ռ. Հյուսնունցի կողմից խաբեության ենթարկվելու մասին: Դրանից հետո, սակայն, Ռ. Հյուսնունցը սկսել է ջերմոցը հոսանքազրկել, սարքավորումները ջարդուփշուր անել եւ այլն, այսինքն` ամեն ինչ անել` բիզնեսը ձախողելու եւ այս մարդկանց «զզվեցնելու» համար: Ըստ Կ. Աթալյանի` նամակով կատարվածի մասին տեղեկանալուց հետո ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը Ռ. Հյուսնունցին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հեռացրել է: ԼՂՀ իշխանությունների միջամտությունից հետո ներդրողները ստեղծել են «Ալվարդ գրուպ» ՍՊԸ-ն եւ ջերմոցային տնտեսությունը գրանցել են իրենց անունով, օրինականացրել են. «Բայց ասացին` պայմանով, որ Ռ. Հյուսնունցի ներդրած գումարը պիտի հետ տաք: Նա ոչ մի գումար չէր ներդրել, բայց հանկարծ մեզ ստիպում են Հյուսնունցին 21 մլն դրամ տալ: Հետագայում հասկացա, որ Բ. Սահակյանի` Ռ. Հյուսնունցին պաշտոնից հեռացնելը տրյուկ էր: Պաշտոնից հանեց, բայց ասեց` էսքան փող պիտի իրեն տաս: Մենք պնդում էինք, որ նախ՝ նա ներդրում չի կատարել, եւ հետո՝ մենք շահույթ չենք ստանում: Երբ տնտեսությունը ոտքի կանգնի` կփորձենք պայմանավորվածության համաձայն` որպես համատեղ բիզնես իրեն գումար տալ: Մեզ բռնի ուժով ստիպեցին վարկ վերցնել եւ Հյուսնունցին 21մլն տալ»: Ռ. Բաղդասարյանի մայրը` Ալվարդ Աթալյանը, վստահեցնում է, որ Ռոմային օրերով պահել են Ոստիկանությունում, այնուհետեւ տեղափոխելով ԱԺ պատգամավոր Ռ. Հյուսնունցի աշխատասենյակ՝ զենքի սպառնալիքի տակ ստիպել են վարկ վերցնել եւ Հյուսնունցին գումար տալ. «Ասել են՝ էս կաբինետից դուրս չես գա: Հայհոյելով, նվաստացնելով, զենքով, գրպանը նարկոտիկ գցելով, դատելով են սպառնացել: Ասել են` եթե վաղն առավոտյան դու բանկից վարկը չվերցնես, Ղարաբաղից ողջ դուրս չես գա: Հեռախոսով զանգել են, ու Բակո Սահակյանի ձայնով մեկն ասել է` Ռուդիկ, ձեռքերդ ազատ ա, դրա հետ ինչ ուզում ես արա: Հասկանալով, որ կյանքին վտանգ է սպառնում՝ Ռոման ինքնակամ գնաց բանկից վարկ վերցրեց եւ 21մլն դրամ տվեց Հյուսնունցին»,- պատմում է Ա. Աթալյանն, ում որդին Ղարաբաղից «դուրս պրծնելուց» հետո այլեւս այնտեղ ոտք չի դրել, հեռացել է Ռուսաստան:

Աթալյանները վստահեցնում են, որ ԼՂՀ-ում ջերմոցային տնտեսություն հիմնելու համար 2 տարիների ընթացքում ներդրել են 180.000 դոլար, ինչը կարող են ապացուցել փաստաթղթերով: Արդեն մեկ տարի է, ինչ նրանք ԼՂՀ ոտք չեն դնում. «Չեն թողի մենք էնտեղից ողջ դուրս գանք: Նրանց ասածն արած է: Ասել են` կվերացնեն, ուրեմն` կվերացնեն: Վերջերս Ռուդիկն իր թիկնապահների հետ գնացել, ջերմոցի պահակին վախեցրել էր, մի քանի օրից էդ մարդն ինֆարկտ էր ստացել, մահացել էր: Ես չգիտեմ` էնտեղ ի՞նչ է կատարվել, ծեծե՞լ են, թե ի՞նչ են արել: Հյուսնունցն իր մարդկանց հետ ամբողջ մեր ստեղծածը թալանել, ջարդուփշուր է արել: Նասոսները, կատելնին, կոնստրուկցիաները գողացել, տարել են»: Բազմաթիվ դիմում-բողոքների հիման վրա 2010թ. ԼՂՀ Գլխավոր դատախազությունը Երեւանի բնակչուհի Ալվարդ Աթալյանի դիմումների կապակցությամբ, որով նա ահազանգել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռ. Հյուսնունցի կողմից իր ընտանիքի դեմ կատարված անօրինականությունների մասին` քննություն է կատարել: Այս տարվա սեպտեմբերի 15-ին ԼՂՀ Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ա. Բարսեղյանը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է ընդունել: Քրգործ հարուցելը մերժելու մասին որոշման արձանագրությունը շատ հետաքրքիր է, քանի որ քննիչը հիմնվել է ոչ թե փաստերի, այլ տեղեկությունների վրա: Ի դեպ, եթե անկախ փորձագետները ջերմոցային տնտեսությունը գնահատել են 84 մլն դրամից ավելի, ապա քննչական մարմինների արձանագրության մեջ այն 33 մլն է գնահատվել: «Պարզ է, որ Դատախազության կոնտրոլն իրենց ձեռքում է, եւ առանձնապես հույս չկար, որ անաչառ քննություն է կատարվելու: Թող Հայաստանի իշխանությունները կամ դրսից հիմնադրամներին օգնության գումարներ նվիրաբերողները հետաքրքրվեն այդ գումարների մասին: Հիմնադրամը երաշխավոր է կանգնում ինչ-որ մի կրիմինալի, մաֆիոզին ջիփ գնելու համար անհրաժեշտ փողը տրամադրելուն: Իսկ գյուղատնտեսությունը զարգացնում են մի քանի անհատներ` իրենց գրպանների համար: Հիմա մեր վրա մեծ պարտքեր են կուտակվել, որոնց վրա տոկոսներ են գալիս: Ջերմոցային տնտեսությունը 33մլն-ով կվաճառեն կամ կգնեն այն մարդիկ, որոնց դա պետք էր: Մեր փողերով կառուցեցինք, իսկ հիմա կտիրանան: Դա հստակ մեխանիզմ է, որը գործում է ԼՂՀ-ում, եւ որի թակարդն են ընկել մեզ նման շատ մարդիկ: Ռ. Հյուսնունցը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ (Լիցկա) բաջանաղներ են, նա նույնիսկ այդ մարզում էլ է այդ մեխանիզմը կիրառել, ինչի պատճառով այսօր ներդրողները բանտում են հայտնվել»,- ասում են Աթալյանները, ովքեր շուտով ձեռնունայն կհեռանան Ռուսաստան: Տիկին Ալվարդը վստահեցնում է, որ այս ամենի մասին բարձրաձայնելու համար դիմելու են նաեւ ռուսական մամուլին:

Ո՞վ է Ռուդիկ Հյուսնունցը

Ի դեպ, ժամանակին նա եղել է Արցախի «Հայ Եկեղեցասիրաց եղբայրակցության» միության ղեկավարը, եւ ըստ իր խոսքերի` քարոզչական ու հոգեւոր-մշակութային գործունեություն էր ծավալում: Ավելին, մի շարք հարցազրույցներ կարող եք կարդալ, որոնցում նա իր գործունեությունն է անվերջ գովերգում` Աստծո անունը շահարկելով, վեհ գաղափարներից, մեր բազմադարյա պատմությունից, Եզնիկ Կողբացուց խոսելով: Այս անգամ նա ԼՂՀ ԱԺ պատգամավոր դարձավ «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջին եռյակում ընդգրկվելով` ԼՂՀ վարչապետ, «Ղարաբաղ գոլդ» ձեռնարկության սեփականատեր Արայիկ Հարությունյանի հետ, որի հովանավորությունն էլ նա վայելում է: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանն էլ, իր հերթին, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է (ավելին, եթե հիշում եք` վերջինիս մասին նույնիսկ ԶԼՄ-ներում գրում էին, որ գլուխ էր գովում, թե երկու վարչապետ է նշանակել. մեկը` ԼՂՀ-ում` Արայիկ Հարությունյանը, մյուսը` ՀՀ-ում` Տիգրան Սարգսյանը): Ա. Հարությունյանը, ով Ռ. Հյուսնունցի հետ «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ էր, 2005-2007թթ. եղել է նախագահը: Հյուսնունցն իրեն համարում էր «հոգեւոր ոլորտից քաղաքականություն եկած մարդ»: Լրագրողի հարցին, թե արդյոք նա զբաղվո՞ւմ է բիզնեսով, պատասխանել էր. «Ես բիզնեսով չեմ զբաղվում, ընդամենը հիմնադիր եմ եւ փայատեր, իսկ գործերը վարում են իմ ընկերները»: Ահա այսպես, Աստծո անունը շահարկելով, կարող են մարդկային ճակատագրերի հետ խաղալ: Ճիշտ այնպես, ինչպես ՀՀ որոշ կարկառուն քաղաքական գործիչներ, որոնք եկեղեցական որեւէ ծես, տոն բաց չեն թողնում մասնակցելու եւ տեսախցիկների առջեւ երեւալու, հոգեւոր բարձր արժեքներից խոսելու համար, բայց իրականության մեջ կարող են երկրի, մարդու կյանքում ամենավտանգավոր դերակատարումն ունենալ: