Հոկտեմբերի 23-ին 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանում ժամանակակից արվեստի առաջնեկ, արվեստագետ, փիլիսոփա Վիգեն Թադեւոսյանը: Երեւանի ժամանակով 13:20-ին` մահվանից հինգ րոպե անց, ամբողջ ինտերնետային Facebook-յան տարածքի բնակիչները` աշխարհի տարբեր երկրներում սփռված հայազգի արվեստագետները, այս մասին էին միմյանց ահազանգում եւ ափսոսում այդ մեծ կորստի համար: «1970-ական թթ. Վ. Թադեւոսյանի վերացական գեղանկարները բեկում էին Խորհրդային Հայաստանի արվեստային կյանքում: Նա առաջիններից էր, որ կոտրեց այն ժամանակ մեծ տարածում գտած նկարիչ-հանճարի կարծրատիպը` իր իսկ օրինակով մարմնավորելով ինտելեկտուալ-արվեստագետի կերպարը, ով միեւնույն ժամանակ իր երկրի ճակատագրով մտահոգված ակտիվ քաղաքացի է: Վիգեն Թադեւոսյանը եղել է «Գարուն» ամսագրի երկարամյա գեղարվեստական խմբագիրը, իսկ 1990-ական թթ. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցած արդի արվեստի պատմության մասին նրա դասընթացները անմոռանալի ազդեցություն են թողել բոլոր ներկաների վրա եւ իրենց դերը խաղացել արվեստագետների նոր սերնդի ձեւավորման գործում: Վիգեն Թադեւոսյանը առանցքային ազդեցություն է ունեցել ՀՀ-ում ժամանակակից արվեստի դաշտի կայացման համար»,- գրել էր epress.am-ը: Շատերը փորձում էին իրենց ֆոտոարխիվներից գտնել նրա լուսանկարը: ԱՄՆ-ից` Հոլիվուդից, նկարիչ Սէվը (Հենրիկ Խաչատրյան) գրեց. «Այսօր Երեւանում մահացավ մեր բոլորիս ուսուցիչ, Հայաստանի աբստրակտ նկարչության ու արդի արվեստի ամենակարեւոր դեմքը` ՎԻԳԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ…»: Ապա, թե՝ «Իմ շփումը Վիգենի հետ երկար ժամանակ եղել ա միջնորդավորված… Քիքիի, Արմեն Հաջյանի ու նրա մյուս առաջին աշակերտների միջոցով: Սկվազնյակո՞ւմ, թե՞ Կազիրոկում Վիգենը, Արմեն Վշտունին, Սեյրան Խաթլամաջյանը, Վարդան Թովմասյանը էդ եթերային մթնոլորտի առանցքներն էին… չթերագնահատելով մյուսներին` ասեմ, որ Վիգենը ամենաինտելեկտուալն էր, քանի որ շատ հանդարտ ու խաղաղ էր բոլոր իրադրություններում ու գրեթե երբեք ափերից դուրս չէր գալիս…»: