Ինքնամասնակիացում

26/10/2010

ՀՀ կառավարությունը կոալիցիոն երեք` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների հետ մի զավեշտալի առաջարկություն է ներկայացրել չարչրկված` «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծում: Խնդիրն այս պարագայում օրենսդրական փոփոխությունները չեն, այլ այդ փոփոխությունների մասին Կառավարության եւ կոալիցիոն երեք խմբակցությունների եզրակացությունը: ԱԺ-ում շրջանառության մեջ դրված այս առաջարկությունների ամփոփաթերթիկում եզրակացության հատվածում նշված է, որ առաջարկություններն ընդունվում են «մասնակի»: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունն ու այս խմբակցություններն իրենք իրենց առաջարկություն են անում եւ իրենց արած առաջարկությունը ընդունում են մասնակի: «Երեւի ամբողջ աշխարհում նման բան չկա, որ դու քեզ առաջարկություն անես ու այդ առաջարկությունը մասնակի ընդունես: Ես ուզում եմ հասկանալ` երբ կառավարությունը նման առաջարկություն էր անում, ինքը չէ՞ր հասկանում, թե ինչ առաջարկություն է անում, որ իր առաջարկությունը մասնակի է ընդունել: Թող ինքը մասնակի առաջարկություն աներ, մասնակի էլ ընդուներ: Ինչ է նշանակում` կառավարությունն անում է առաջարկություն եւ իր առաջարկությունն ընդունում է մասնակի: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասաց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` հույս հայտնելով, որ դա վրիպակ է եւ կուղղվի: Ի դեպ, այդ առաջարկի տակ ստորագրել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: