Գրեբենշչիկովը` հայերեն

26/10/2010

Հոկտեմբերի 31-ին Երեւանի նորաբաց «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա հայտնի ռուս ռոքեր, «Ակվարիում» խմբի հիմնադիր Բորիս Գրեբենշչիկովի` ԲԳ-ի բանաստեղծական հավաքածուհի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է Բ. Գրեբենշչիկովի բանաստեղծական ընտրանին, որի թարգմանիչը գրող Արմեն Շեկոյանն է: Երբ բանաստեղծը` բանաստեղծին է թարգմանում, միշտ շատ հետաքրքիր արդյունք է ստացվում, եւ այդ արդյունքը դժվար է միայն թարգմանություն անվանել: Թերեւս ճիշտ կլինի այն օտար լեզվով հնչող ստեղծագործական տարբերակ անվանել: Ա. Շեկոյանի ստեղծած տարբերակը բառացի թարգմանություն չի լինելու, նա փորձել է ավելի շուտ ԲԳ-ի ոգին փոխանցել: ԲԳ-ն ռուսական լեգենդ է, ում հիմնած «Ակվարիում» խումբը սոցիալական ու գեղագիտական ունիկալ ոճ է ստեղծել: Այդ ոճը միանգամից կռահվում է եւ մեղմ բալլադներում, եւ կրքոտ ռոքային կոմպոզիցիաներում: Նրա երգերը բավական չէ լսել, պետք է ներթափանցել դրանց մեջ, քանի որ բոլոր երգերը վերծանման կարիք ունեն: Եվ այդ վերծանման համար լսողից աշխատանք է պահանջվում, պետք է գործի դնել ենթագիտակցությունը, քանի որ միայն գիտակցությամբ` ռուսերեն լեզվով գրված տեքստերը չես հասկանա: Եվ Ա. Շեկոյանն էլ շատ լավ կարողացել է փոխանցել ԲԳ-ի էներգետիկան, ոգեղենի ու հողեղենի միաձուլումը: ԲԳ-ն ինչ էլ որ երգում է, ստացվում է երգ` ոգու մասին: «Իմ երաժշտությամբ ու տեքստերով ունկնդրին սեփական հետազոտություն կատարելու եմ հրավիրում: Կուզեք` ինձ հետ կանցնեք այդ ոգու վարժանքը, չեք ուզենա` չեք անցնի»,- ասում է ԲԳ-ն: Եվ պատահական չէ, որ նրա համերգներից հետո շատ հաճախ ոչ թե «Բիս» են գոռում, այլ` «Շնորհակալություն»: «Եթե Աստված քեզ որեւէ մեկի հետ է ծանոթացնում, ընդունիր, որ դա պատահական դիպված չէ, ուրեմն քեզ այդ մարդը ինչ-որ բանի համար անհրաժեշտ է: Եվ նրա հայտնությունը քո կյանքում քո ներաշխարհից ծնված կոչ է»,- ասել է ԲԳ-ն: Եվ միգուցե Գրեբենշչիկովի ու Շեկոյանի այս համատեղ գիրքն էլ երկու մեծ պոետների, մեծ ոգու տեր մարդկանց յուրատեսակ երկխոսությունը կդառնա: Ա. Շեկոյանը վաղուց արդեն բանաստեղծություններ չի գրում, բայց նրա բոլոր պոետիկ կոմպոզիցիաներն էլ իրենց ֆորմայով շատ հեշտությամբ կարող են երգ դառնալ: Եվ այս գիրքն էլ կարող է լավ առիթ դառնալ` հայ պոետի գործերին նորովի անդրադառնալու համար: Ա. Շեկոյանի բանաստեղծություններից շատերը պատրաստի նյութ են` ռոքի լեզվով հնչելու համար:

Գրքի շնորհանդեսի օրը Բ. Գրեբենշչիկովը համերգով ելույթ կունենա Երեւանի Օպերայի եւ բալետի թատրոնում` ներկայացնելով իր նոր՝ «Կարմիր գետ» ծրագրի մեջ ընդգրկված, ինչպես նաեւ` հին ու «անմահ» կոմպոզիցիաները: Համերգային ծրագրի հատուկ հյուրը կլինի նաեւ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ով արդեն տեւական ժամանակ ԲԳ-ի հետ է համագործակցում: ԲԳ-ն գերադասում է իր երգերը ազատ օգտագործման նպատակով ինտերնետում տեղադրել, երգերով գումար աշխատելը նրա համար էական չէ: «Մենք բոլորս այս աշխարհ ենք գալիս` ինչ-որ բան սովորելու համար: Բայց անցնելով մեր կյանքի ուղին` ստիպված ենք ընդունել, որ չափազանց շատ անպետք ցանկություններով են շրջապատում մեզ: Դրախտում ռեստորաններ, մեքենաներ եւ մնացած անիմաստ բաները չկան, եւ երբ մեզանից ոմանք, իրոք, դրախտում են հայտնվում, նրանք հիասթափվում են: Այնպես որ, որքան քիչ ցանկություններ ունենք, այնքան ավելի լայն են բացվում մեր աչքերը: Չէ՞ որ գեղեցկությունը դիտողի աչքերի մեջ է, այլ ոչ թե դրսում»,- ասել է ԲԳ-ն: