Հոկտեմբերի 24-ին Երեւանի ամենագեղեցիկ կանաչ տարածքներից մեկը` Սիրահարների այգին, լի էր երեխաներով ու աղմուկով:
Այդ օրը Համահայկական նկարչական տոն էր անցկացվում, եւ հարյուրավոր երեխաներ նկարում էին իրենց երազած քաղաքն ու սեփական պատկերացումները` հայրենի բնության ու բնապահպանական խնդիրների մասին: Երեխաները մոլբերտների, սեղանների ու պաստառների վրա ահազանգեր էին նկարում` շատ հաճախ ընտրելով «SOS»` ահազանգի թեման, եւ պատկերելով այն, ինչ տեսնում են իրենց առօրյայում, այսինքն` հատվող ծառերը, աղտոտված ջրավազանները, սպանված կենդանիներին եւ ընդհանրապես այն դաժան ու աղետալի հետեւանքներ ունեցող վերաբերմունքը, որի ականատեսն են լինում իրենց կյանքում: Հետագայում նրանց նկարները կամբողջացվեն կատալոգներում, օրացույցներում ու գրքերում, ինչպես նաեւ` ինտերնետային տարածքում կազմակերպվելիք հատուկ մրցույթի մասնակիցը կդառնան: «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը, որը պարբերաբար նման մրցույթներ, էկոլոգիական խնդիրներին նվիրված արշավներ ու խաղեր է կազմակերպում, շատ գեղեցիկ կերպով միավորում է արվեստն ու սոցիալական խնդիրները: Տարբեր իրադարձությունների համար պատրաստվող շապիկների, տոպրակների, բացիկների ու պաստառների դիզայնը միշտ աչքի է ընկնում բարձր ճաշակով ու մինիմալիստական ձեւավորմամբ: Որպես կանոն՝ օգտագործվում է վերամշակված թուղթը, որն իր մուգ ու անմշակ նյութով կարող է մրցակցել փայլող «գլամուրի» հետ: Եվ երեխաներն էլ այդ նյութի մեջ շատ ազատ ու օրգանապես «մաքուր» ինքնազգացողություն են ունենում: Սակայն այս անգամ հիմնադրամը նկարելու ավանդույթին մեծ ծավալ ու թափ էր հաղորդել, թուղթ, ներկեր ու վրձիններ բաժանելուց բացի, նաեւ` փորձել էր «տոնին» համապատասխան ատրիբուտներ ներմուծել: Այսինքն` նկարելու պրոցեսը ուղեկցել երգով, պարով, աճպարարությամբ ու էլի տարբեր միջոցառումներով, որոնք էկոլոգիական բովանդակությունից դուրս են: Սակայն ցանկացած լավ նախաձեռնություն ուռճացվելու (ոմանց համոզմամբ` «զարգանալու») ու իր լավ հատկությունները կորցնելու միտում է ունենում: Այս նախաձեռնությունն էլ «համահայկական» եւ «տոն» անվանումները ձեռք բերելով` սկսում է տեղավորվել այն ֆորմատի մեջ, որը «միջոցառում» է կոչվում ու ամեն առիթով գործի է դրվում: Մեզանում ընդունված է կարծել, որ տոնը երգով ու պարով հագեցած զրնգուն ու աղմկոտ մի բան է: Եվ Համահայկական նկարչական տոնը Սիրահարների այգու արհեստական լճակում տեղակայված կղզյակ-բեմի վրա մի քանի ժամ շարունակ երգեր էր հնչեցնում ու մանկական պարային խմբերի ելույթներ ցուցադրում: Այգու տարբեր անկյուններում տեղադրված բարձրախոսների շնորհիվ երգերը հասու էին դառնում բոլորին` թույլ չտալով մեկուսանալ ու այգու լռությունը ըմբոշխնել: Ընդ որում` երգերի բովանդակությունն ու մատուցման ձեւը (հայկական, ռուսական էստրադայի առույգ գործիքավորմամբ) այնքան շահարկված ու չարչրկված է մեզանում, որ հոգնեցնելուց բացի, այլ դերակատարում չի կարող ունենալ: «Պողոսյան այգիներ» հիմնադրամի ուժերով ստեղծված Սիրահարների այգին ճապոնական ասկետիկ ոճ ունի եւ կառուցված է մարդուն ու բնությունը միայնակ թողնելու ու նրանց երկխոսությունը չխախտելու սկզբունքով: Այստեղ ամեն մի քարը, առվակն ու կանաչ բլրակը միկրոկոսմոս են ստեղծում: Իսկ համատարած տոնը ջնջում է բնության հետքը` դրդելով զանգվածային միջոցառման մասնակիցը դառնալ: Այգին կարեւորում է լուռ խորհող անհատին, իսկ երգն ու պարն ուղղված են զանգվածային տրամադրություն ստեղծելուն: Եթե հաշվի առնենք, որ նկարող երեխաները բոլորն էլ վառ անհատականություններ են, ապա երգերը նրանց միայն խանգարում էին, քանի որ աղմկոտ ֆոնի մեջ նրանք բոլորը միանման շվարած էակներ են դառնում: Նկարելու պրոցեսն ինքնամփոփ զբաղմունք է, եւ այս օրը կարող էր մարդկանց հիշողության մեջ մնալ որպես լռության վերագտնման փորձ: Լռությունը (սեփական գործով լուռ զբաղվելը) մեր օրերում շատ թանկ արժե: Իսկ միջոցառումային ֆորմատը երեխաներին միայն շեղում է բուն գործից: Չէ՞ որ նրանք այգի էին եկել ոչ թե պարելու, այլ նկարելու համար: Այսինքն` արդեն կատարել էին իրենց ընտրությունը: «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը նշում է, որ նպատակ ունի «կանաչ սերունդ» անվանումը ստացած պատանի հայաստանցիների հոգում տիրոջ զգացումն արթնացնել, ողջունել նրանց վառ երեւակայությունն ու «քաջ» մտքերը: Հիմնադրամի շնորհիվ երեխաներն արդեն պատմվածքներ են տպագրում (նաեւ աուդիո-գրքերի ֆորմատով) ու ֆիլմեր են նկարահանում: Շատերը վստահ են, որ իրենց ձայնը չի անտեսվելու: Եվ բնավ էլ կարիք չկա այդ երեխաներին սուզել փոփ-միջավայր, ու զանգվածային միջոցառման փոքր օղակի դեր տալ նրանց: Հարուստ ներքին բովանդակության մասին հաճախ հենց մինիմալիստական ֆորմաներն են փաստում: Օրինակ՝ նվազագույն ջանք, բայց մեծ հեռանկարներ ունի «Արեւորդի» ավտոբուսը, որը նկարազարդվել է երեխաների ուժերով ու պարբերաբար Հայաստանի մարզերով է շրջում` գյուղերի պատանի բնակիչների համար շրջիկ գրադարանի դեր կատարելով: Իսկ հիմնադրամի ուժերով ստեղծված «Ճանաչիր եւ հիշիր» պարզ բնապահպանական խաղը, որը փոքր քարտերի միջոցով ծանոթացնում է հայկական բնաշխարհի էնդեմիկ բույսերի ու կենդանիների հետ, շատ ավելի լավ նվեր է ցանկացած երեխայի համար, քան պլյուսային ֆոնոգրամայով հերթական զվարթ երգ հրամցնելու պրակտիկան: