Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գտնվող El Camino վերականգնողական կենտրոնում սպանվել է 13 մարդ: Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 25-ի գիշերը: Կլինիկայի մուտքի մոտ են եկել մի քանի մեքենաներ: Ականատեսները պնդում են, որ ավազակները 13 մարդու շարել են պատի տակ, հրամայել ծնկի իջնել եւ գնդակահարել են: Ենթադրվում է, որ հարձակման թիկունքում կանգնած է տեղական թմրակարտելներից մեկը: Րոպեներ անց ոստիկանական ռադիոալիքով կապի մեջ է մտել անծանոթ մեկը, ով հայտնել է, որ գնդակահարությունը վրեժ է մարիխուանայի խոշոր խմբաքանակի առգրավման համար: Թմրավաճառները սպառնացել են մեկական մարդ սպանել ամեն տոննայի համար, ոստիկաններն առգրավել էին 134 տոննա մարիխուանա: 2006-ից, երբ Մեքսիկայում լայնածավալ պայքար է սկսվել թմրամաֆիայի դեմ, սպանվել է 28 հազար մարդ: