Ընդդեմ Լուժկովի եւ ԱՄՆ օրենքների

26/10/2010

Երեկ ռուսական լրատվական կայքէջերից մեկը գրել էր, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն անցյալ շաբաթ դիմել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` մուտքի վիզա ստանալու նպատակով: Յու. Լուժկովի այդ գործողության մասին տեղեկանալուն պես Ռուսաստանի հոմոսեքսուալիստները դիմել են Անգլիայի Արտգործնախարարություն` խնդրելով նախկին քաղաքապետին ոչ մի դեպքում վիզա չտրամադրել: Այդ քայլով նրանք փորձել են վրեժխնդիր լինել Լուժկովից, քանի որ Լուժկովը մշտապես արգելել է գեյ-պարադները: Մոսկվայում գեյ-պարադների կազմակերպիչն այդ երկրի բոլոր հոմոսեքսուալիստներին կոչ է արել պայքարել Լուժկովի` Անգլիա մեկնելու գործողությունների դեմ եւ ամեն ինչ անել դա խոչընդոտելու համար:

ԱՄՆ-ի հոմոսեքսուալիստները հայտարարել են, որ դեկտեմբերի 10-ին այդ երկրում բնակվող բոլոր միասեռականները հրաժարվելու են աշխատանքի գնալ եւ բոյկոտ են հայտարարելու: Այդ քայլը նրանք հիմնավորել են գեյերի իրավունքների ոտնահարման դեպքերով եւ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքով: Վերջիններիս նաեւ զայրացրել է Կալիֆոռնիայի իշխանությունների կողմից միասեռ ամուսնություններն օրենքով արգելելու փաստը: Ամերիկացի հոմոսեքսուալիստներն առայժմ միմյանց հետ բանակցում են դեկտեմբերի 10-ի բոյկոտն ավելի պատկերավոր դարձնելու ուղղությամբ: Նրանցից ոմանք առաջարկել են աշխատանքի չգնալուց բացի՝ նաեւ տարբեր ակցիաներ կազմակերպել, մի մասը կողմ է ագրեսիվ գործողություններին, իսկ մյուս մասը կողմ է խաղաղ երթի: Նրանք համոզված են, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել միասեռականների խնդիրները: Նրանք համոզված են, որ դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի՝ ինչպես պետական կառույցները, այնպես էլ` մասնավոր գործատուները փաստի առաջ են կանգնելու, քանի որ միասեռականների բազմությունը շատ մեծ է: