Ընդդիմությունը սխալ գործեց

19/10/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Պետք է նկատենք, որ վերջին ՏԻՄ ընտրությունները նախորդներից տարբերվեցին միայն մեկ բանով: Հանրապետության գրեթե բոլոր խոշոր համայնքներում (բացառությամբ, թերեւս, Երեւանի Կենտրոն համայնքի) ընդդիմությունն այդպես էլ որեւէ լուրջ մասնակցություն չցուցաբերեց ընտրություններին, եւ ընտրապայքարն ընթանում էր իշխանական տարբեր թեւերի միջեւ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, քաղաքական այդ գործընթացներին լիարժեքորեն չմասնակցելով, ընդդիմությունը սխալ է թույլ տվել: «Ինչքան էլ ասեն, թե ՏԻՄ ընտրությունները տեղական մակարդակի են, անձնավորված են եւ քաղաքական նշանակություն չունեն, միեւնույն է, իմ կարծիքով` դա այդպես չէ: Ընտրություններն ինքնին քաղաքական պրոցեսներ են: Եվ ես ի սկզբանե այն կարծիքին եմ եղել, որ գոնե խոշոր համայնքներում ընդդիմությունը պետք է ակտիվ լիներ. ոչ թե ՏԻՄ ղեկավար ունենալու նպատակով, այլ քաղաքական պրոցես գեներացնելու համար»,- ասում է Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա` ընդդիմությունը, չմասնակցելով ՏԻՄ ընտրություններին, հասարակությանը զրկում է քաղաքական ընտրության հնարավորությունից: Այսինքն` եթե ընդդիմությունը մասնակցեր այդ ընտրություններին, ապա ժողովուրդն ընտրություն կաներ «քաղաքական ուժի», տվյալ դեպքում` հենց ընդդիմության եւ «կրիմինալի»` այսօրվա իշխանության միջեւ: Բայց քանի որ քաղաքական ուժերն իրենք կամովին հրաժարվեցին գործընթացներին մասնակցելուց, ապա հասարակությունն ինքնին զրկվեց ընտրության հնարավորությունից: Բացի այդ, Սուրենյանցի համոզմամբ, այստեղ կա մեկ ուրիշ պրոբլեմ: «Ռոբերտ Քոչարյանն ու իր վարչախումբը, ի վիճակի չլինելով ղեկավարելու նորմալ, բաց, ժամանակակից հասարակություն եւ միարժեքորեն մերժվելով այդ հասարակության կողմից, այս տարիների ընթացքում հետեւողականորեն փորձում են հասարակության արժեքային համակարգը, ճաշակը հարմարեցնել իրենց բավական ցածր քաղաքական կուլտուրային: Այն քաղաքական կուլտուրային, որն ընդհանուր ոչինչ չունի ոչ ժամանակակից պետության, ոչ էլ քաղաքակիրթ աշխարհի այսօրվա ընդունված չափանիշների հետ: Այսինքն` ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը չհարմարվելով այս հասարակությանը, փորձում է վերջինիս հարմարեցնել իրեն»,- իր գնահատականն է տալիս պարոն Սուրենյանցը: Զրուցակիցս կարծում է, որ ընդդիմության՝ ընտրություններին մասնակցելը չպետք է սահմանափակվեր միայն Երեւանի Կենտրոն համայնքում թեկնածու առաջադրելով: «Լոկալ մակարդակով մասնակցությունը չի կարող խնդիր լուծել, քանի որ իշխանությունն իր ողջ ռեսուրսները կկենտրոնացներ միայն այն համայնքում, որտեղ ընդդիմադիր թեկնածու կա: Պետք է մասնակցեին խոշոր համայնքներում, եւ այդ դեպքում իշխանությունների համար անհամեմատ ավելի մեծ պրոբլեմներ կստեղծվեին»,- իր կարծիքն է արտահայտում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը: Այդ դեպքում ինչո՞ւ հենց իրենց «Հանրապետություն» կուսակցությունն էլ չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին: Սուրեն Սուրենյանցի խոսքերով, այս հարցի վերաբերյալ իրենք երկու մոտեցում ունեին: Առաջին մոտեցումն այն էր, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի միայն ապօրինի իշխանություններին հեռացնելուց հետո՝ այսօր ուժերը կենտրոնացնելով, իրենց կարծիքով, ավելի գլոբալ խնդրի վրա: Իսկ երկրորդ մոտեցումը բուն մասնակցությունն է ընտրություններին: «Խոշոր համայնքներում, մասնակցելով ընտրություններին, մի կողմից` ապացուցում ենք իշխանությունների սնանկությունը, մյուս կողմից` մաշեցնում ենք նրանց ռեսուրսները, ինչպես նաեւ` հնարավորություն ենք ունենում տիրապետելու այն կեղտոտ տեխնոլոգիաներին, որոնք կիրառելու են նաեւ Սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար»,- իրենց մոտեցումներն է ներկայացնում Սուրեն Սուրենյանցն ու հավելում, որ իր անձնական կարծիքով` երկրորդ տարբերակը շատ ավելի արդյունավետ կլիներ: Այնպես որ, այսքանից հետո հայրենի ընդդիմությունը խոր վերլուծությունների եւ իր ընտրած մարտավարության հարցում լուրջ վերանայման կարիք ունի: