Առայժմ` թու, թու, թու

19/10/2005

«Ճի՞շտ է, որ «թռչնի գրիպի» համաճարակը սպառնում է նաեւ Հայաստանին»: Մեր հարցին ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը պատասխանել է. «Թռչնի գրիպը» որ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին է սպառնում: Դրանով զբաղվում է նույնիսկ Կոնդոլիզա Ռայսը, որն իր մոտ պարբերաբար քննարկումներ է անցկացնում»: Իսկ Դավիդյանի տեղակալ Լեւոն Յուլյանը վստահեցրեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է եւ ամեն օր թարմ տեղեկատվություն են ստանում, թե որ երկրներին է մոտեցել համաճարակը: «Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, մենք այսօր թռչնագրիպով հիվանդ չունենք, թե վաղն ինչ կլինի` Աստված գիտի»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Յուլյանը: Ի դեպ, Ն. Դավիդյանը երեկ տեղեկացրեց, որ թռչնագրիպի համաճարակ ամբողջ աշխարհում եղել է 1918թ., որի հետեւանքով մահացել է 50 մլն մարդ: Սակայն, ըստ նախարարի, այն ժամանակ համաճարակը տարածվել է ոչ միայն թռչնի մսի միջոցով, այլեւ` մուտանտների: Այսինքն` մարդկանց միջոցով: Նախարար Դավիդյանը նշեց, որ թռչնագրիպի դեմ վակցինա գոյություն ունի, որը պետք է ձեռք բերի նաեւ Հայաստանը: «Ամեն ինչ արվում է, որ այդ վակցինան ձեռք բերենք, բայց թե դա որքանով է լիարժեք` չգիտեմ»,- ասաց նա` հավելելով, որ Գյուղնախարարության հետ միասին իրենք հետեւում են «սահմանները», որպեսզի հիվանդ թռչուններ չներկրվեն Հայաստան: Ի դեպ, թռչնաբանների հավաստմամբ, միայն թռչնի մսի ներկրումն արգելելու միջոցով հնարավոր չէ ապահովագրվել «թռչնի գրիպից», քանի որ այն կարող է Հայաստան հասնել նաեւ երամի միջոցով: