«Ժառանգության գլոբալ հիմնադրամը» (Global Heritage Fund) հրապարակել է աշխարհում ոչնչացման շեմին կանգնած հուշակոթողների ցանկը, որում 12 այլ պատմական կոթողների հետ միասին ներառվել է նաեւ Անի քաղաքը: «Պաշտպանել մեր ոչնչացող ժառանգությունը» վերնագրով զեկույցում նշվում է, որ թուրքական իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն Անիի ավերակները վերջնական կործանումից փրկելու համար: «10-11-րդ դարերում հայերի հիմնադրած Անին իր նմանը չունեցող հայկական մեծ քաղաքակրթության կոթող է: Այսօր Անի քաղաքը, որ մեծամասամբ վերածվել է ավերակների, պատմում է մի ողբերգության մասին, այն բազմիցս ենթարկվել է հարձակումների, իսկ հայերը թուրքական տիրապետության ժամանակաշրջանում` 14-րդ դարում, ստիպված եղան լքել քաղաքը: Այդ ժամանակներից ի վեր Անին անպաշտպան մնաց մարդկանց դեմ եւ փորձեց իրեն պաշտպանել թալանչիներից եւ վանդալներից… Սակայն դրա գեղեցկության մեծ մասը պահպանվել է: Ավերակներում գտնվող գլխավոր եւ ամենաազդեցիկ կառույցը 1001թ. կառուցված Անիի Մայր տաճարն է, որի գոթական ոճը տարածում գտավ Եվրոպայով մեկ… Սակայն Անին վերջնական կործանումից փրկելու համար անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել»,- նշվում է զեկույցում: Երկու էջանոց զեկույցի «Անբավարար ուշադրություն, թալան եւ վանդալիզմ» բաժնում նշվում է, որ շատ հաճախ «վերանորոգում» անվան տակ քայլեր են իրականացվում, որոնք տալիս են բացասական արդյունք: «Անի ժամանող զբոսաշրջիկները շատ փոքր հարգանք են ցուցաբերում այդ պատմական եւ մշակութային արժեքի նկատմամբ: Բացի այդ, Անին վնասում են այդտեղ խնջույքներ կազմակերպողներն ու թալանչիները»,- նշվում է զեկույցում: