«Սկանդալային վճիռ»

26/10/2010

Թուրքական դատարանն անսպասելի վճիռ է կայացրել «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի նկատմամբ. մարդասպանը կդատապարտվի որպես անչափահաս: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ թուրքական դատարանը բավարարել է Սամաստի փաստաբան Լեւենթ Յըլդըրըմի` Ստամբուլի դատարան ներկայացրած` իր պաշտպանյալին որպես անչափահաս դատելու պահանջը: Այս դեպքում Սամաստին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Սա նշանակում է, որ նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ կնվազեցվի 5 տարով: Թուրքական որոշ լրատվամիջոցներ Ստամբուլի դատարանի կայացրած որոշումը որակել են «սկանդալային»: Նշենք, որ 2007թ. հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, Օգյուն Սամաստն ընդամենը 17 տարեկան էր: Վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցներում հաճախ էին Օգյուն Սամաստի պատիժը մեղմելու մասին լուրեր շրջանառվում: Ամիսներ առաջ թուրքական «Vatan» թերթը, անդրադառնալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընդունած օրինագծին, որի համաձայն` Թուրքիայում 18 տարին չլրացած անձինք ահաբեկության մեղադրանքով այլեւս չեն դատապարտվելու, ինչպես նաեւ համաներում է կիրառվելու թուրքական բանտերում գտնվող 200 անչափահասների նկատմամբ, գրել էր, որ համաներումը կարող է տարածվել նաեւ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի վրա: