Հոկտեմբերի սկզբին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության (ՌՈ) վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ՊՆ փոխնախարար նշանակվելուց հետո, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արամ Տեր-Սահակյանը, ով ՌՈ վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն էր: Մինչ օրս, սակայն, վերջինս ոչ միայն չի հաստատվել այդ պաշտոնում, այլեւ որոշ աղբյուրների հավաստմամբ՝ այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը: Ինչպես արդեն նշել էինք՝ Վ. Գասպարյանն ավելի հակված էր այդ պաշտոնում տեսնել իր տեղակալ Հայկ Ստեփանյանին, որի թեկնածությանը, սակայն, «վերեւներում» ոչ միայն դեմ են եղել, այլեւ վերջինս արդեն թոշակի տարիքի էր, եւ օրերս թոշակի է անցել: Ավելին, ասում են, որ այդ հաստիքը նաեւ կրճատվել է, ինչը նշանակում է, որ որոշ մարդիկ, ում մինչ այդ խոստացվել էր այդ տեղը` ձեռնունայն են մնացել: