Երեկ օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահի մամլո գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Սա բավական անակնկալ է ոչ այնքան հանդիպման փաստի, որքան ժամկետի առումով: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում ակնկալվում էր, սակայն քաղաքական շրջանակներն ու դիտորդները նման հանդիպում կանխատեսում էին դեկտեմբերի սկզբին` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում: Բազմաթիվ կանխատեսումներ կային նաեւ այն մասին, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր է անգամ որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Սակայն հոկտեմբերի վերջին նման հանդիպում չէին կանխատեսում անգամ բանակցային գործընթացին եւ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները: Այսինքն` ամենայն հավանականությամբ, սա նախապես չպլանավորված հանդիպում է հենց Աստանայի հանդիպումից առաջ ինչ-որ բան հստակեցնելու նպատակով: Թե ինչն է պատճառ հանդիսացել նման հանդիպման համար, դժվար է ասել: Հիշեցնենք միայն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել էր այս տարվա հունիսին` կրկին Ռուսաստանի նախաձեռնությամբ` Սանկտ Պետերբուրգում: Այդ հանդիպումից հետո հայտնի դարձավ միայն, որ ՌԴ նախագահը կողմերին է ներկայացրել կարգավորման ինչ-որ տարբերակ, որին Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը` ոչ: Դրանից հետո սկսվեցին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «S 300» համակարգեր ու այլ զինատեսակներ մատակարարելու մասին խոսակցությունները, ՀՀ-ում էլ` ՌԴ-ն երկարաձգեց իր ռազմակայանների տեղակայման ժամկետը: Այսինքն` ինչ-որ վերապահումներով կարելի է ենթադրել, որ հունիսից հետո ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը փորձում էր համոզել Ադրբեջանին` այդ տարբերակն ընդունել, եւ հիմա ինչ-որ արդյունքի է հասել, որը պետք է քննարկել մինչեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: Առաջիկա օրերին ավելի պարզ կդառնան այս հանդիպման իրական պատճառները: Իսկ մինչ այդ, հավանաբար արդեն այսօր կամ հաջորդ շաբաթ, ասենք` Էդուարդ Շարմազանովն իրեն հատուկ ոճով կհայտարարի, որ Ալիեւին կանչել են Մոսկվա` պարտվողական փաստաթղթի տակ ստորագրություն դնելու համար, ՀԱԿ-ն էլ հանդես կգա հայտարարությամբ` զգուշացնելով, թե Սերժ Սարգսյանին Մոսկվա են կանչել կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելու նպատակով: