Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում անդամ-երկրների հետ քննարկումներ են անցկացրել կազմակերպության հատուկ մանդատներ ունեցող Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ովքեր վերջերս այցելել էին Հայաստան: Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես են եկել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչները: Կալինը հայտարարել է, որ Հայաստանի «ագրեսիայի եւ օկուպացիայի» հետեւանքով Ադրբեջանը ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվը աշխարհում, եւ իր կառավարության մտահոգությունն է հայտնել, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը: Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների եւ սանձազերծած պատերազմի հետեւանքներին, մասնավորապես՝ հարյուր-հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին` ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի էությունը եւ տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:
Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցին` ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանված անձինք նախեւառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու` վերադառնա՞լ իրենց նախկին բնակության վայրերը, թե՞ ոչ, ու հավելել, որ կարեւորում է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, որոնց նախադրյալները դեռեւս առկա չեն տարածաշրջանում: Կալինը կոչ է արել, որպեսզի շահագրգիռ կողմերը նախեւառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան ելույթը սկսել է` ներկայացնելով իր տպավորությունները Հայաստան այցից, մասնավորապես նշելով, որ իր կատարած առաքելությունը լավ առիթ է հանդիսացել ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակին, եւ ինքն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին՝ հրավերի եւ առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին իր այցն ամփոփող ցեկույցը կներկայացնի Ժնեւում գործող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում: