Եթե, ապա…

23/10/2010

«Եթե Անկարան հրաժարվի Թուրքիայի տարածքում տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր, ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- այդ մասին երեկ գրել է թուրքական «Hurriyet Daily News» թերթը: Թուրքական պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրում է, որ Վաշինգտոնն Անկարային դիվանագիտական խողովակներով ուղերձ է ուղարկել այն մասին, որ եթե Թուրքիան մերժի ԱՄՆ-ի` Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրեր տեղակայելու առաջարկությունը, ապա Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարության Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հարցերով պատասխանատու Ջիմ Թոունսենդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կարծիքով` Թուրքիայի աշխարհագրական դիրքը շատ հարմար է հնարավոր բալիստիկ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու նպատակով հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար, եւ ավելացրել, որ Վաշինգտոնն այդ հարցում սպասում է Անկարայի որոշմանը: Այդ հայտարարությունից հետո որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Թուրքիան մերժել է Վաշինգտոնի առաջարկությունը: Սակայն մինչեւ հիմա հարցի առնչությամբ պաշտոնական Անկարայի կողմից որեւէ հստակ հայտարարություն չի հնչել: