Իշխանափոխություն Դիլիջանո՞ւմ

19/10/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հոկտեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություն տեղի ունեցավ նաեւ Տաուշի մարզում: Այստեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Դիլիջանի քաղաքապետի ընտրությունների վրա: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածուներ՝ Դիլիջանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ժորա Սահաբալյանը եւ Դիլիջանի տարածքային հարկային պետական ծառայության նախկին պետ, անկուսակցական Արմեն Սանթրոսյանը: Ինչպես մյուս համայնքներում, Դիլիջանում էլ ընդդիմությունը չուներ համայնքապետի իր թեկնածուն: Չնայած սրան, Դիլիջանի քաղաքապետի պաշտոնի համար բավական լարված պայքար էր ծավալվել: Վերջին շրջանի ՏԻՄ ընտրությունների համեմատ` Դիլիջանի քաղաքապետի ընտրություններն անցել են ընտրողների աննախադեպ բարձր ակտիվությամբ՝ ընտրացուցակներում ընդգրկված մոտ 14 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է մոտ 8 հազարը: Այս հանգամանքը կարելի է բացատրել նրանով, որ ընտրության օրը թեկնածուների կողմնակիցները մեքենաներով ընտրատեղամասեր էին հասցնում իրենց պաշտպանյալի ընտրողներին, ինչի հետեւանքով էլ ընտրատեղամասերի մոտ հերթեր էին գոյանում: Նկատենք, որ 2001-ին անցկացված մարդահամարի տվյալներով` Դիլիջանի մշտական բնակչության թիվը մոտ 16 հազար է, իսկ առկա բնակչությունը՝ մոտ 14,8 հազար: Ինչեւէ, քվեարկությունն ուղեկցվում էր «Ընտրական օրենսգրքի» սովորական դարձած խախտումներով. ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ, չդադարող քարոզարշավ եւ այլն: Քվեարկության նախօրեին տեղեկություններ էին տարածվում այս կամ այն թեկնածուի որեւէ ազդեցիկ կողմնակցի անհետանալու մասին: Դիլիջանցիներից ոմանք էլ պնդում էին, որ թեկնածուներից մեկի կողմնակիցները` տնետուն շրջելով, մարդկանցից վերցնում են նրանց անձնագրերի տվյալներն ու փոխարենը «պարգեւատրում» որոշակի գումարով: Սակայն թե ո՞ր թեկնածուի կողմակիցները կոնկրետ ո՞ւմ են նման ձեւով պարգեւատրել, վերոնշյալ պնդման հեղինակները վախենում էին ասել: Քվեարկության օրը քաղաքում նկատելի աշխուժություն էր տիրում: Գործող քաղաքապետի հակառակորդները հարկ էին համարում նշել, որ քաղաքապետին են պատկանում Դիլիջանի լիճը, հանրախանութը, բազմաթիվ բենզալցակայաններ եւ այլն: Իսկ քաղաքապետի թեկնածու քաղաքապետն էլ քարոզարշավի ընթացքում հպարտությամբ նշում էր, որ քաղաքի 130 միլիոնանոց բյուջեն երեք տարվա ընթացքում դարձրել է 410 մլն: Ա. Սանթրոսյանի կողմնակիցներն էլ հակադարձում էին սրան՝ նշելով, որ քաղաքի բյուջեն աճել է քաղաքի հողերն օլիգարխներին վաճառելու հաշվին: Ա. Սանթրոսյանի թիմակիցների կողմից գործող քաղաքապետին քննադատելու իրողությանը Ժ. Սահաբալյանի թիմակիցները պատասխանում են նրանով, որ չի կարելի հակաքարոզչությամբ քարոզչություն իրականացնել: Մինչեւ քվեարկության ավարտը երկու թեկնածուների շտաբներում էլ խախտումների մասին որեւէ ահազանգ չէր ստացվել: Լարվածությունը Դիլիջանում ընտրություններից հետո էլ չի թուլանում: Հակառակը՝ ընտրությունների նախնական արդյունքները եւ դրանց համաձայն` թեկնածուների միջեւ եղած ձայների չնչին տարբերությունն ավելի է մեծացրել լարվածությունը: Դիլիջանյան ընտրությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական որեւէ տեղեկություն ստանալու մեր փորձերն արդյունք չտվեցին: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ սակայն, որ նախնական տվյալների համաձայն` Դիլիջանում իշխանափոխություն է տեղի ունեցել. մոտ 140 ձայնի առավելությամբ հաղթել է Ա. Սանթրոսյանը: Մեր տեղեկություններով` մրցակից կողմերը բողոքներ են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ինչի հիման վրա էլ այսօրվանից Դիլիջանում քվեների վերահաշվարկ է սկսվելու: