Մերժել են

23/10/2010

Ամերիկյան դատարանը մերժել է օրերս բացահայտված զեղծարարությունների գործով ձերբակալված հայերից երեքին` «Պզո» մականունով Արմեն Ղազարյանին, Վարդան Բոյզաջյանին եւ Հրայր Բաղումյանին, գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, դատարանը համարել է, որ հիշյալ անձինք ազատության մեջ գտնվելով՝ կարող են փախուստի դիմել, ինչպես նաեւ սպառնալիք ներկայացնել տնտեսության համար: Ղազարյանը, Բոյզաջյանը եւ Բաղումյանը տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվելու: Ղազարյանի պաշտպանն է ամերիկահայ հեղինակավոր փաստաբան Մարկ Գերագոսը, ով հայկական կողմի շահերն է ներկայացրել New York Life, Axa ապահովագրական ընկերությունների դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հարուցած գործերում: Նա հայտնել է, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, եւ դատավորը թույլատրել է ազատազրկման վայրում բժշկի այցելությունները կալանավորին: Նույն գործով անցնող Արթուր Եպիսկոպոսյանը, ըստ դատարանի որոշման, կարող է 1.6 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակվել, սակայն` որոշ սահմանափակումներով: Մասնավորապես, նրանից պահանջվում է մնալ տանը եւ էլեկտրոնային սարք կրել, որը թույլ կտա գրանցել նրա տեղաշարժերը: