Այսուհետ` օվալաձև դահլիճում

23/10/2010

Երեկ տեղի է ունեցել Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ուղղանկյունաձեւ դահլիճն օվալաձեւ դարձնելու վերակառուցման աշխատանքները սկսվել էին մայիս ամսից, որի համար ծախսվել է 480 մլն դրամ:

Երկուշաբթի օրվանից ԱԺ նիստերն արդեն տեղի կունենան նոր դահլիճում: Նախկին ուղղանկյունաձեւ դահլիճը վերակառուցվել եւ դարձել է օվալաձեւ: Դահլիճի սկզբնամասում ԱԺ նախագահության համար նախատեսված հատվածն է, որի դիմաց պատգամավորական շարքերն են: Բոլոր պատգամավորների առջեւ դրված են համակարգիչներ, ինչպես նաեւ մեծ մոնիտորներ` դահլիճում, որոնք կցուցադրեն խորհրդարանական նիստերի ընթացքը: Ամբողջությամբ տեղադրվել է նոր տեխնիկա, նոր է նաեւ դահլիճի գույքը: Սակայն, եթե այդ դահլիճը հարմարավետ է պատգամավորների համար, ապա նույնքան անհարմար է լրագրողների համար: Բանն այն է, որ նոր դահլիճում լրագրողները չեն կարող մասնակցել եւ լուսաբանել ԱԺ նիստերի ընթացքը, ինչպես նախկինում էր: Այժմ լրագրողները կարող են աշխատել միայն դահլիճի վերեւում հատուկ կառուցված օթյակներից, ինչը գրեթե անտեսանելի է դարձնում, ասենք, ԱԺ-ում ընդունված` ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերն արձանագրելու հնարավորությունը: Այսինքն` լրագրողները պատգամավորների աշխատանքներին կարող են հետեւել միայն ապակիների հետեւից: Բացի այդ, նոր պայմաններում տեխնիկապես դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են լրագրողները հարցազրույցներ կամ մեկնաբանություններ վերցնել պատգամավորներից, քանի որ լրագրողների ու պատգամավորների միջեւ եղած հարկերի տարբերությունն ու հեռավորությունը միշտ չէ, որ հնարավորություն կտա դահլիճից դուրս եկած պատգամավորի հետ զրուցել: Իսկ սա, թերեւս, բավական լուրջ խնդիր է: Իսկ երեկ դահլիճի բացման արարողության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե դահլիճի օվալաձեւ տեսքը խորհրդանշական է. «Այն նման է կլոր սեղանի շուրջ կազմակերպվող քննարկումներին: Այս դահլիճը կնպաստի համագործակցության նպատակամետ քննարկումներին: Խորհրդարանի դերն ու նշանակությունը կերտվում է ապագայի համար»: Ավելին` նա հույս ունի, որ նոր դահլիճը կնպաստի «քննարկումների բովանդակային փոփոխությանը», իսկ թե դահլիճի ձեւն ինչ կապ ունի պատգամավորների «բովանդակալից» լինելու հետ` այդպես էլ պարզ չդարձավ: Իսկ Ս. Սարգսյանն ասել է. «Իրոք, մենք ստացել ենք շատ ժամանակակից եւ աշխատելու համար հարմարավետ դահլիճ: Իսկապես, մեծ աշխատանք է կատարվել, եւ այդ աշխատանքի արդյունքն ակնհայտ է: Հաճելի է, որ ՀՀ Ազգային ժողովն այսուհետ իր նիստերը կանցկացնի այս նոր դահլիճում, որը վերակառուցվել է` հաշվի առնելով տարբեր երկրների օրինակը: Յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական եւ քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը` մենք եւս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարեւորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված եւ կշռադատված այդ ընտրությունը: Այս ճանապարհին շատ բան արդեն արել ենք, սակայն դեռեւս ավելի շատ բան ունենք անելու: Ավելին ասեմ` այս ոլորտում մեր աշխատանքը երբեք չպետք է դադարի: Այն մշտապես պետք է հետապնդի համակարգի կատարելագործման եւ դրա անխափան աշխատանքն ապահովելու նպատակը: Խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր առաքելություն, այլեւ կարեւորագույն դերակատարում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում: Այս առումով, ուզում եմ նաեւ գոհունակությամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց եւ կրեց պատասխանատվության իր բաժինը: Իրոք, կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում, ինչի շնորհիվ ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով ծրագրերը կիրառվել են: Աշխարհը ցնցած ու մեր տնտեսությունից տասնյակ անգամ ավելի հզոր տնտեսություններ ծնկի բերած ճգնաժամի ծավալման ամիսներին գործադիր եւ օրենսդիր իշխանությունների համահունչ, ներդաշնակ ճիշտ քայլերի արդյունքում վայրկյան անգամ չուշացան եւ չկրճատվեցին ուսուցչի աշխատավարձն ու տարեցի կենսաթոշակը, չդանդաղեց բանակի մարտունակության անընդհատ բարձրացման տեմպը: Ճգնաժամի փորձությանը դիմակայելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու հավաքական ունակությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի կենսունակության եւ պետական համակարգում հայոց խորհրդարանի կարեւորագույն դերի լավագույն վկայությունն է: Ավելին` վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը, փոփոխված Սահմանադրության կենսունակությունն ու փորձությունների առջեւ հայոց պետականության ամրությունը: Մեր ժողովրդի ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսեւորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառույցում` խորհրդարանի շենքում, որը քսաներորդ դարի հայ ճարտարապետության լավագույն ձեռքբերումների արտացոլումն է: Այսօր մենք միասին պաշտոնապես բացում ենք նիստերի նոր վերակառուցված սրահը, որն իր գեղեցկությամբ իսկապես հարիր է այս ամբողջ համալիրին, այս չքնաղ շենքին: Վստահ եմ, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Հաջողություն եմ մաղթում մեզ եւ կրկին շնորհավորում վերակառուցված դահլիճի բացման կապակցությամբ»: