Ռուսական «Վրեմյա Նովոստեյ» թերթում հրապարակած հոդվածում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ՌԴ դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը
«Մինչեւ ընթացիկ տարվա վերջը քաղաքական-դիվանագիտական օրացույցը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բավականին հիշատակումներ կբերի` հաճախ՝ անարդյունք, բայց երբեմն՝ նաեւ լուրջ եւ հօգուտ խաղաղ կարգավորման: Այդ հակամարտության թեման չեն կարող շրջանցել նոյեմբերի 7-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ. քաղաքական կուսակցությունները եւ դաշինքները նույնիսկ կարող են մրցել խնդիրը ցանկացած ճանապարհով լուծելու խոստումներով եւ պատերազմի կոչերով: Շուտով ամփոփվելու են հոկտեմբերի 3-14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փաստահավաք առաքելության արդյունքները, թեեւ հազիվ թե անակնկալներ լինեն: Դեկտեմբերի սկզբին չի բացառվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ետնաբեմում պայքարի նոր փուլը Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծի շուրջ, որի քննարկումը նախորդ նստաշրջանի ժամանակ հետաձգվել էր մինչեւ հաջորդ նստաշրջան: Բոլոր այդ գործողություններն ավելի շատ կխանգարեն Ղարաբաղի շուրջ բանակցություններին, քան կօգնեն: Մինչեւ տարեվերջ նախատեսված են մի շարք քայլեր, որոնք կնպաստեն բանակցային գործընթացին: Այդ քայլերի թվում են Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումները, ինչպես նաեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում նախատեսված երկար սպասված ԵԱՀԿ գագաթաժողովը: Դժվար թե այս ամենը բեկում մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, քանի որ մի շարք կարեւոր հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են հակադիր մնալ: Սակայն չեն բացառվում նաեւ աստիճանական տեղաշարժերը: Զորքերի շփման գծում սուր միջադեպերի պատճառով առավել հրատապ է դարձել այն, որ կողմերը լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն 1994-ից հաստատված հրադադարն ամրապնդելու եւ հետագա քաղաքական երկխոսության ու համաձայնության հասնելու համար ավելի բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու համար, ինչը եւ հունիսի 17-ին Ալմաթիյում առաջարկել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները: Սակայն առայժմ հակամարտության կողմերը չեն արձագանքել այդ առաջարկին: Ավելին, 1995թ. փետրվարի 4-ին ԵԱՀԿ հովանու ներքո հակամարտության երեք կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պաշտոնապես ստորագրված համաձայնագիրը նրանց կողմից չի կատարվում: Եվրակազմակերպության կառույցները լռության են մատնում դա: Ոչ մի կողմ չի բացատրել համաձայնագրի չկատարման պատճառները, իսկ ԵԱՀԿ-ն՝ այդ հարցը նրանց առջեւ չի դնում: Այդ իրավիճակում կարելի է կասկածել, որ կողմերը հավատարիմ են ստանձնած պարտավորությունների կատարմանը, իսկ ԵԱՀԿ-ն` ունակ այդ համաձայնագրերը կյանքի կոչելու:
Շփման գծում իրավիճակի շտապ կարգավորումն անհրաժեշտ է նաեւ այն պատճառով, որ հակամարտության շուտափույթ կարգավորման ձգտումը բավարար չէ: Ներկայում կողմերը հաճույքով մեղադրում են միմյանց, իսկ երբեմն միջնորդներին՝ բանակցություններում առաջընթացի բացակայության համար, թեեւ դա պայմանավորված է իրենց իսկ անդրդվելիությամբ: Կողմերից մեկն անթույլատրելի է համարում ստատուս-քվոն եւ ձգտում է հասնել հակամարտության սեփական պայմաններով եւ ոչ թե փոխզիջումային կարգավորման: Սակայն, նա խոսք անգամ չի ասում այն մասին, թե հրադադարի 16 տարիներից որքան ժամանակ է կորչել իր իսկ մեղքով:
Վերջին տարիներին Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ պետությունների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ փոխգործակցելով, լրացուցիչ ակտիվություն է ցուցաբերում հակամարտության կարգավորումն արագացնելու հարցում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ անցկացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վեց հանդիպում, դրանցից երկուսը`այս տարի: Հնարավոր են նաեւ այդ ձեւաչափով նոր հանդիպումներ, ասենք`Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի օրերին: Անհրաժեշտ է, որպեսզի այդ ֆորումը նոր ազդակ լինի հակամարտության կողմերի հետ աշխատանքի համար եւ շեշտի, որ ողջ Մեծ Եվրոպայի համար խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած ծրագիր անընդունելի է: Վերջին ժամանակներս քիչ չեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի հնարավոր դիրքորոշման առնչությամբ շահարկումները: Պատերազմ հրահրողները անտարբերություն են սպասում Մոսկվայից: Սակայն նման սցենարն ակնհայտորեն կառնչվի Ռուսաստանի շահերին եւ նույնիսկ ազգային անվտանգության տարրերին`առաջ բերելով վերջինիս կողմից ամենաակտիվ հակազդեցությունը պատերազմին: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին լրջագույն խոչընդոտը հասարակությունների՝ զիջումների գնալու անպատրաստ լինելն է: Դրա հաղթահարմանն ուղղված աշխատանք գրեթե չի կատարվում, իսկ ներքին քարոզչությունը գովերգում է զիջումների անթույլատրելիությունը: Սակայն առանց զիջումների վեճերի, առավել եւս` հակամարտությունների, կարգավորում չի լինում: Իզուր չեն ասում, որ փոխզիջումն ավելի կարեւոր է, քան հաղթանակը»: