Հակափաստարկները` երկու շաբաթից

23/10/2010

Խմբագրությունն օրերս Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ստացել է հետեւյալ գրությունը. «168 Ժամ» թերթի հոկտեմբերի 19-ի համարում հրապարակված է «Համարձակվել է Մայր Աթոռի դեմ դուրս գալ» վերտառությամբ հոդվածը, որտեղ «Մեր տունը» հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը հանդես է գալիս իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով եւ Ամենայն Հայոց Հայրապետին վարկաբեկող վերագրումներով։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հերքում է հոդվածում տեղ գտած ստահոդ տեղեկությունները եւ դատապարտում հիմնազուրկ եւ անպատշաճ հաստատումները»։ Գրությունը ստանալուց հետո մենք կապվեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամուլի պատասխանատու Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ եւ խնդրեցինք հարցազրույց տալ այս խնդրի վերաբերյալ: Նշյալ գրությամբ բանավոր հերքվում է հ/կ նախագահ Տ. Կարապետյանի ներկայացրած փաստարկները, մինչդեռ Մայր Աթոռի կողմից որեւէ հակափաստարկ չի ներկայացվում: Տեր Շահեն սիրով համաձայնեց ներկայացնել երկրորդ կողմի փաստաթղթերը, որոնք կհերքեն «Մեր տունը» հ/կ-ի նախագահի մեղադրանքները: Պայմանավորվեցինք: Որոշ ժամանակ անց, սակայն, Տեր Շահեն կրկին զանգահարեց եւ ասաց. «Մենք խորհրդակցեցինք եւ եկանք այն եզրահանգման, որ այդ փաստաթղթերը ավելի ուշ կներկայացնենք, մոտ երկու շաբաթից»: