Կինոն ադեկվատ ռելսերի կարիքն ունի

23/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Կինոաշուն» մեկամսյա ծրագիրը հայ հանդիսատեսին ներկայացնում է հին ու նոր հայկական ֆիլմերը, որոնք տարբեր պատճառներով վրիպել են հանդիսատեսի ուշադրությունից եւ նույնիսկ կարգին չեն էլ ներկայացվել: Ֆիլմերի ցուցադրումներից բացի, «Կինոաշունը» նաեւ մի շատ անշնորհակալ գործ էր ձեռնարկել. քննարկման էր հրավիրել ռեժիսորներին, կինոգետներին ու կինոյի մասին գրող լրագրողներին:

Կինոգետ Գարեգին Զաքոյանը հիշեց, որ 40 տարի առաջ Կինոյի տան սրահում տեղի է ունեցել նմանատիպ քննարկում, որը նպատակ ուներ «առողջացնել» կինոմթնոլորտը. «Միավորվելու, քննարկելու կոչերը միշտ են հնչել, հիմա էլ նույն բառերով՝ կրկնվում են։ Այն ժամանակ ոչինչ չստացվեց, կինոգործիչները դիտումների ու քննարկումների չէին գալիս»։ Հիմա էլ չեն գալիս, հատկապես՝ կինոռեժիսորները, մանավանդ, այսպես կոչված` կարկառունները։ Որպես կինոստեղծման անհրաժեշտ տարր՝ շատ հաճախ հիշատակվում է կինոպրոցեսի «փակ» լինելու հանգամանքը, ինչը արդի տերմինոլոգիայով ասած՝ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ ֆիլմերի կառուցվածքը, ֆորման, ոճն ու շեշտադրումները մշակման չեն ենթարկվում ու թողնվում են ռեժիսորների քմահաճույքին։ Քմահաճույքն էլ ռեժիսորին գցում է այնպիսի «բաղերը», որտեղից սթափ գիտակցությամբ վերադառնալ այլեւս հնարավոր չէ։

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը նկատեց, որ Կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանի ցանկությունը՝ կինո վերադարձնել խմբագրի մասնագիտությունը, շատ գովելի է։ «Ֆիլմին միշտ անհրաժեշտ է կողքի աչքով նայել։ Թե չէ ստացվում է, որ սուտ ընկալված «հեղինակային կինո» հասկացությունը մեր տունը քանդում է։ Հեղինակային կինոն, որպես «արտհաուսի» նշանաբան, չի կարող ընկալվել։ Ֆելինին չէր լինի Ֆելինի, եթե առանց Տոնինո Գուերայի ու այլ սցենարիստների աշխատեր։ Իսկ մեզ մոտ ֆիլմերը մեկ հեղինակ ունեն», – ասաց նա։ Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը մի շատ խորհրդանշական ու զավեշտալի հիշատակում արեց՝ պատմելով, որ կինոփառատոներից մեկում ինքը կարճամետրաժ հայկական մի ֆիլմ է դիտել, որի ռեժիսորը, սցենարիստը, նկարիչը մեկ մարդ է։ «Տպավորություն է, որ մարդը ֆիլմ է նկարահանել, որպեսզի 7 անգամ տիտրերում իր ազգանունը գրի»,- ասաց նա։

Կինոարվեստը դիալոգի արվեստ է: Ս. Հասմիկյանը, որ զարմանալի հետեւողականությամբ տեղեկանում է բոլոր համաշխարհային կինոնորույթներին, շեշտում է, որ այսօրվա հայ կինոյում դիալոգներ չկան, հիմնականում մոնոլոգներ են. «Մոնոլոգը սարսափելի բան է, որը հնարավոր չէ լսել էկրանից նույնիսկ այն ժամանակ, երբ շատ խելացի մտքեր են ասվում: Կինոյում հենց դիալոգն է հարաբերություններ ստեղծում ու սիտուացիաներ գծում: Մեր կինոյի 90%-ում սյուժեն բացակայում է, դրանք ոչ մի բանի մասին չեն պատմում: Եվ երբ ֆիլմից դուրս է գալիս պատմությունը, հանդիսատեսն այլեւս չի կարող դիտել այդ ֆիլմը։ Ազատ, անկախ Հայաստանում մենք ազատ արտահայտվելու իրավունք ենք ստացել, եւ ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ մենք մեզ ավելի վատն ենք ներկայացնում, քան կանք, քանի որ մեր կինոհերոսներն են ավելի վատը, քան մենք: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ռեժիսորների ենթագիտակցությունը «խեղդել» է գիտակցությունը: Կլիպային, գովազդային մոնտաժը կինոարվեստ է մտել, եւ այդ խնդիրը ոչ միայն տեղական, այլեւ` համաշխարհային կինոյին է վերաբերում: Այժմ շատ տեսաբաններ որպես գիտական տերմին օգտագործում են «դեբիլիզացիա» բառը: Եվ մենք ստիպված ենք հակադրվել այդ գլոբալ դեբիլիզացիային»:

Ինչպես ժողովուրդն է արժանի իր ղեկավարներին, այնպես էլ թերեւս՝ հանդիսատեսն է արժանի իր դիտած ֆիլմերին։ Է. Բաղդասարյանը վստահ է, որ այսօրվա հայկական կինոն ադեկվատ է կյանքին, թեեւ նշում է, որ ադեկվատությունը նկատվում է միայն վավերագրական ֆիլմերում։

Պրոֆեսիոնալիզմը ու «սիրտը» միշտ եղել են այն կարեւոր բեւեռները, որոնք թույլ չեն տվել ռեժիսորներին ինքնահավանության անդունդը գլորվել։ Եվ Գ. Զաքոյանը, ում խոսքը լսելը միշտ շատ հաճելի ու օգտակար գործ է, հիշեցնում է, որ արվեստում աքսիոմներ կան, որոնք անգիր անել է հարկավոր. «Արվեստում թեման ոչինչ է, զրո է։ Որոշիչը թեման չէ, այսինքն` ոչ թե «ինչը», այլ «ինչպեսը»։ Եվ արվեստով զբաղվող ու արվեստը «ղեկավարող» մարդիկ պետք է դա աքսիոմի պես իմանան։ Բոլորին հայտնի է, որ պատերազմի տարիներին Մարտիրոս Սարյանը ծաղիկ էր նկարում։ Կարող ենք հիշել ֆիլմեր, որոնք մի շատ չնչին, ախմախ բանի մասին են, սակայն դրանք գլուխգործոցներ են։ Ամեն ինչի մասին կարելի է հանճարեղ ֆիլմ նկարել, եւ կարելի է կյանքից ծնված ճշմարիտ իրականությունը «զիբիլ» դարձնել։ Այդ պատճառով էլ ես դեմ եմ, որ Հայաստանում Եղեռնի մասին ֆիլմ ստեղծեն, քանի որ դա թեմայի նսեմացում կլինի։ Ոչ թե թեման է բարձրացնում կամ խայտառակում հայ ազգին, այլ՝ որակը։ Սարյանի ծաղիկները մեզ չեն կարող խայտառակել, բայց հերիք է հրապարակում ձիու վրա նստած Անդրանիկի արձանը տեղադրենք, որպեսզի աշխարհի առջեւ խայտառակվենք, քանի որ սարսափելի անորակ քանդակ է»։

Ո՞ւմ համար գրել

Այդ հարցը կինոքննադատները հռետորական են համարում։ Սուրեն Հասմիկյանն, արդեն 20 տարի, ֆիլմերի մասին գրախոսականներ չի գրում` վստահ լինելով, որ այսօրվա կինոյի մասին ռեցենզիաներ պետք է գրեն ֆիլմերի ռեժիսորների ժամանակակիցները: Իսկ Գարեգին Զաքոյանն ավելի կտրուկ է արտահայտվում. «Իսկ ինչո՞ւ պետք է կինոքննադատություն լինի։ Կինոքննադատը գրում է կինոհանդիսատես-ընթերցողի համար, իսկ եթե հաշվի առնենք, որ մեր ողջ հանրապետությունում ընդամենը մեկ կինոթատրոն կա, ապա պարզ է դառնում, որ կինոքննադատն անելիք չունի։ Հանուն ինչի՞ ես պիտի փչացնեմ Վիգեն Չալդրանյանի հետ ունեցած մարդկային հարաբերությունները։ Ճիշտ հասկացեք, ես հաճույքով կանեմ դա, եթե իմանամ, որ դա իմաստ կունենա։ Իսկ հիմա դա որպես անիմաստ դոնքիշոտություն է ընկալվում»։

Իհարկե, նույնիսկ այս կարճ նախադասությամբ Գ. Զաքոյանն իր կարծիքն է հայտնում կոնկրետ մեկ ֆիլմի մասին, սակայն կինոգետների մասնագիտական կարծիքի պահանջարկն այսօր շատ մեծ է։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ տարեկան մի քանի տասնյակ ազգային կինոարտադրանքի նմուշներ ենք լույս աշխարհ թողարկում։ Եվ լավագույն դեպքում ֆիլմերի մասին տեղեկանում ենք այն ժամանակ, երբ նրանք խոշոր ու մանր մրցանակների են արժանանում։ Օրինակ, վերջին տարիներին մրցանակների մեծ պաշար է ստացել Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը (որը կարելի է ռեկորդակիր անվանել), սակայն ֆիլմը հայրենիքում ոչ մի վերլուծական վավերացում չի ստացել։ Վստահ եմ, որ շատերը կուզենային Ս. Հասմիկյանի կամ Գ. Զաքոյանի մասնագիտական կարծիքն իմանալ։ Ինչպես նաեւ՝ կարդալ նրանց ռեցենզիաները Վ. Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի մասին, որն, ի դեպ, շատ հետաքրքիր վերլուծեց երիտասարդ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

Ս. Հասմիկյանի կարծիքով՝ սպառողական հասարակություններում կինոքննադատի խոսքը հաճախ նույնանում է «PR»-ի հետ. «PR»-ը սպառողական, գովազդային ֆունկցիա ունի, սակայն դա կինոգիտության ժանր չէ: «PR»-ը ծառայություն է, որը արվում է պրոդյուսերի պատվերով, սակայն մեր օրերում այն զարմանալի անհեթեթ ֆորմաներ է ստանում: Մի քանի տարի առաջ, օրինակ, Երեւանում հսկայական վահանակների վրա գրվում էր` «աշխարհի ամենանշանավոր հայ ռեժիսոր Դոն Ասկարյան», մինչդեռ Հայաստանում այդ ռեժիսորին ոչ ոք չի էլ ճանաչում: Կինոքննադատը ոչ դատավոր է, ոչ դատախազ, ոչ էլ` դատապաշտպան, այլ հասարակական կարծիք ձեւավորող է: Կինոքննադատը նույն արվեստագետն է, որի ձեռքին ընդամենը մեկ միջոց կա` խոսքը»:

Եվ այդ խոսքն այսօր կշիռ չունի։ Միգուցե, եթե իրոք գրելու բան լինի, կինոքննադատներն իրենք կզգան գրելու պահանջը։ Իսկ հիմա եւ՛ գրելու, եւ՛ ֆիլմ դիտելու ցանկությունը «բթացվել» է, սակայն զարմանալի է, որ այդ իրավիճակը դուր է գալիս ռեժիսորներին։ Նրանց թվում է, որ եթե արձագանք չկա, ուրեմն լավ է։ Եվ շատերը հանգիստ սրտով ասում են՝ իմ ֆիլմերը ամբոխի համար չեն, այլ՝ ընտրյալների (այդպես է կարծում, օրինակ, ռեժիսոր Սուրեն Բաբայանը)։

Հասարակական ռեզոնանսի առաջացումը կարծես դուրս է մղվել ոչ միայն հայ ռեժիսորների, այլեւ՝ պետության ուշադրությունից։ Եվ ստացվում է, որ կինոն ինքնասպասարկող մի ոլորտ է, որի գոյության համար մենք գումար ենք հատկացնում ու մի քանի մարդու համար՝ ընտրյալ ընտրազանգված ապահովում։ Մասնագետներից շատերը վստահ են, որ կինոյին «օդի» պես անհրաժեշտ են դեբյուտները, թարմ անուններն ու միգուցե նաեւ՝ բոլորովին նոր «ինչպես»-ները։ Եվ շատ կարեւոր է, որ այդ ամենը համակարգեն «թարմ» ուղեղները։ Կլոր սեղաններն ու քննարկումները ոչ միայն թարմ չեն, այլեւ՝ ժամանակավրեպ են։ Ի դեպ, բավական խոսուն էր Գ. Զաքոյանի` լոլիկի եւ արվեստի համեմատությունը։ «Պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ արվեստն իր ռելսերը փոխել է։ Այնպես, ինչպես փոխվել է պոմիդորը։ Անունը կա, գույնն ու ձեւը՝ նույնպես, բայց պոմիդոր այլեւս չկա»,- ասաց նա։