«Մենք կցանկանայինք, որ կողմերը վավերացնեին արձանագրությունները եւ դրանք կյանքի կոչեին»,- Ջոն Հոփկինսի համալսարանի Փոլ Հենրի Նիտցեի անվան միջազգային հետազոտությունների կենտրոնում երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ պատասխանելով հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ հարցին: «Մենք հավատում ենք, որ նման քայլը կօգնի Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Բայց դա տեղի չունեցավ: Եվ մենք ափսոսում ենք դրա համար: Հնարավոր է, որ ապագայում դրա համար առաջ գան անհրաժեշտ պայմաններ»,- ասել է նա: Գորդոնի խոսքով` ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է հասնել հաշտեցման: «Նման հաշտեցումն ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի»,- ասել է Ֆիլիպ Գորդոնը: