Զարմացե՞լ է

21/10/2010

Մարտի 1-ի 10 զոհերի 10 հարազատները երեկ հանդիպել են ԵԽ-ի Ժողովրդավարության եւ քաղաքական հարցերի տնօրինության գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանի հետ: Նա չի ցանկացել, որ հանդիպմանը մասնակցեն լրատվամիջոցները` ասելով, թե հանդիպումը ոչ պաշտոնական է, այն պարզապես զրույց է զոհերի հարազատների հետ, ուստի կարիք չկա, որ դրան մասնակցեն նաեւ լրագրողները: Նախնական պայմանավորվածության համաձայն` զոհերի հարազատները պետք է հանդիպեին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդին, սակայն նա զբաղվածության պատճառով չի եկել հանդիպմանը: Զոհվածների ծնողների փոխանցմամբ` իրենք եվրոպացի պաշտոնյային տեղեկացրել են, որ Հայաստանում ընդհանրապես հետաքննություն չի ընթանում սպանությունների վերաբերյալ, կասեցվել են դատական գործերը, դատարաններում վիրավորում եւ նվաստացնում են զոհերի հարազատներին: Դժգոհել են նաեւ Հայաստանի հարցով եվրոպացի համազեկուցողներից: «Գալիս են ներկայացուցիչները. մեզ լսում են, գնում, բայց ոչ մի բան չի փոխվում, ոչինչ չեն անում սպանությունների հետ կապված»,- «Ա1+»-ին ասել է զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: «Մենք ուզում ենք, որ Եվրոպան մեզ հետ հաշվի նստի, արդեն չենք խնդրում, այլ պահանջում ենք»,- հավելել է զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը: Զոհերի հարազատների խոսքով, Ժան Լուի Լորանը պարզաբանել է, որ իր ներկայացրած կառույցը անգործ չէ եւ մշտապես հետամուտ է այս հարցին: Նա խոստացել է, որ մինչեւ 2011թ., երբ արդեն ընտրված կլինի Հայաստանի հարցով երկրորդ համազեկուցողը, նրանք նորից կայցելեն Հայաստան ու լայն շրջանակներով լուրջ հանդիպումներ կիրականացնեն: Իսկ մինչ այդ խնդրել է սպասել: Ի դեպ, նշենք, որ զոհերի հարազատների տպավորությամբ` ԵԽ-ի Ժողովրդավարության եւ քաղաքական հարցերի տնօրինության ղեկավարը նոր բացահայտումներ է արել իրենց հանդիպման ժամանակ: «Չէր պատկերացնում, թե մարտի 1-ին ինչեր են եղել: Գիտեր, թե զոհվածները եղել են քաղաքական անձինք, այլ ոչ թե հասարակ քաղաքացիներ: Միայն մեր հետ հանդիպումից հետո երեւի հասկացավ, որ կատարվել է սպանդ, եւ անմեղ մարդիկ են սպանվել ու, որ մենք էլ քաղաքական ուժ չենք ներկայացնում»,- ասել է Ալլա Հովհաննիսյանը:

Նշենք, որ զոհվածների ծնողները ԵԽ-ի ներկայացուցչի հետ հանդիպման մասին տեղեկացել են նախօրեի երեկոյան: