Երեկ Ազգային ժողովում Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտին 2011թ. բյուջետային հատկացումների քննարկումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին:
Նա բավական ծավալուն անդրադարձ կատարեց այդ հարցին, ինչը բոլորովին չէր տեղավորվում բյուջետային հատկացումների քննարկումների թեմայի շրջանակներում: Դա գիտեր նաեւ 2011թ. բյուջեի նախագիծը հյուրընկալած` ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Եվ վերջինս հասկացել էր, թե որոնք են միջազգային այն երեք հիմնական` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները, որոնց շրջանակում պետք է լուծվի ԼՂՀ հակամարտությունը: Բայց նա լավ չէր պատկերացնում այն վեց կետերը, որոնք ընկած են ԼՂՀ հարցի կարգավորման հիմքում: Միանգամից ասենք, որ խոսքը Մադրիդյան սկզբունքների այն վեց կետերի մասին է, որոնք նախորդ տարվա հուլիսին Ակվիլայում Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ բացահայտեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահները` Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը: Է.Նալբանդյանը կարծես թե սպասում էր այդ հարցին ու աննախադեպ պատրաստակամությամբ ներկայացրեց այդ «վեց էլեմենտների էությունը»: «Առաջինը, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի բնակչության կողմից` կամարտահայտությամբ, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ»,- այսպես սկսեց իր բացատրությունը պարոն Նալբանդյանը:
Միանգամից հիշեցնենք, որ անցած տարի, երբ հրապարակվեցին այս սկզբունքները, քննադատության ալիք բարձրացավ «կամարտահայտություն» ձեւակերպման համար: Շատ փորձագետներ եւ քաղաքական գործիչներ այդ բառը համարում էին լղոզված եւ անորոշ` պատճառաբանելով, թե դա ամրագրվել է հետագայում մանեւրելու մեծ հնարավորություններ ապահովելու համար: Եվ մինչեւ հիմա անհասկանալի է մնացել, թե ինչ է իրենից ենթադրում այդ «կամարտահայտությունը»: «Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը կարո՞ղ է սրա հետ համաձայնել: Իհարկե: Դա ճիշտ սկզբունք է եւ լավ սկզբունք է: Եվ ասում է հենց նրա մասին, որ ինքնորոշման իրավունքը ոչ միայն ճանաչվի, հարգվի, այլ նաեւ իրականացվի»,- այնուամենայնիվ շարունակեց պարոն Նալբանդյանը:
Գուցե դիվանագիտական փորձից կամ օտար լեզվամտածողության պատճառով Է.Նալբանդյանի մտքերը դժվար է ընկալել ճիշտ շարադասությամբ: Փորձենք ՀՀ արտգործնախարարի խոսքերը մեջբերել նույնությամբ, որպեսզի գոնե սխալ ներկայացված չլինեն: Ըստ արտգործնախարարի՝ մինչեւ այս կամարտահայտության կազմակերպումը ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: «Դա այն է, որն այսօր ունի Ղարաբաղը: Դա պետք է ունենա կարգավիճակ, եթե այսօր այդ կարգավիճակը ոչ մեկը չի ճանաչում, ապա դա որպես համապատասխան դրույթ է առաջարկվում, ուրեմն դա պետք է ունենա ճանաչում, ոչ թե որպես պետություն, այլ մինչեւ որ կամարտահայտությունը լինի, որի միջոցով ԼՂ բնակչությունը կորոշի իր կարգավիճակը: Երրորդը` պետք է լինի անխափան ցամաքային կապ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Այդ երկրորդի համար մենք համաձա՞յն ենք: Չհամաձայնելու պատճառ չեմ տեսնում: Երրորդի համար կարո՞ղ է ինչ-որ բաներ ունենք, դե՞մ ենք: Չեմ կարծում: Չորրորդը` պետք է լինեն միջազգային անվտանգության երաշխիքներ, ներառյալ նաեւ խաղաղապահ ուժերի գործողությունը Ղարաբաղի շուրջ: Հինգերորդը, որ բոլոր փախստականները եւ տեղահանված անձինք պետք է կամավոր վերադարձի իրավունք ունենան: Բնական է, այն ժամանակ, երբ ապահոված կլինեն անվտանգության երաշխիքները, երբ այս լուծումները կլինեն: Եվ վեցերորդը` տարածքների վերադարձ: Ի՞նչ է ասում Ադրբեջանը, Ադրբեջանն ասում է, երբ որ տարածքները վերադարձնեք, այն ժամանակ մենք պատրաստ կլինենք խոսել մյուս հարցերի շուրջ: Մեր դիրքորոշումն այն է, որ, այո, մենք պատրաստ ենք սա ընդունել բանակցությունների հիմք: Սա չի նշանակում, որ համաձայնեցված է կամ այս բոլոր հարցերի շուրջ համաձայնության ենք եկել: Եվ սա է 2007թ. նոյեմբերին ներկայացված Մադրիդյան փաստաթղթի հիմքը, որին նույնպես ՀՀ-ն ասաց, թե կարող ենք ընդունել բանակցությունների հիմք: Ադրբեջանը մերժում էր բավական երկար ժամանակ: Հետո հասանք նրան, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում ներկայացվեց Մադրիդյան փաստաթղթի հիման վրա մշակված տարբերակ, որին, մենք ասացինք, թե կարող ենք ընդունել որպես բանակցությունների հիմք: Ադրբեջանցիներն էլ ընդունեցին, մեկ օր հետո մտքները փոխեցին»,- բացատրում էր Է.Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարի խոսքերով` 2007-ի նոյեմբերից մինչեւ 2010-ի հունիսը ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ միջնորդ կազմակերպությունների ու երկրների կողմից ներկայացվել են մոտ 30 փաստաթղթեր: Ադրբեջանցիները երբեմն ասել են, թե որպես բանակցային հիմք ընդունում են այդ տարբերակներից մեկը, բայց որոշ բացառություններով: «Դա նշանակում է, որ չես ընդունում: Դա նշանակում է, որ դա ընդունում ես հիմք բանակցությունների համար եւ հետո դրա վրա արտահայտում ես կարծիքներ: Բայց երբ դու ասում ես՝ բացառությամբ, ու բացառություններն ավելի շատ են, քան այն, ինչ ընդունում ես, ուրեմն դու չես ուզում բանակցել: Սա է իրական իրավիճակն այսօր: Եռանախագահող երկրների արտգործնախարարները Ալմաթիում ասացին` ոչ, այս երեք սկզբունքները եւ էլեմենտները մշակված են որպես ամբողջություն: Եվ չի կարելի բաժանել մեկը մյուսից կամ գերակայություն տալ մեկը մյուսի հանդեպ: Ձեզ նաեւ ասեմ, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ սա լուրջ էվոլյուցիա է: Ժամանակին բոլորը խոսում էին միայն տարածքային ամբողջականության մասին, հետո խոսեցին երեք սկզբունքների մասին, բայց մեկ-մեկ թռցնելով, թե ամենակարեւորը տարածքային ամբողջականությունն է: Իսկ հիմա բացահայտ ասում, են, թե որեւէ մեկ սկզբունք չի կարող գերակայություն լինել մյուսի հանդեպ: Սա է էվոլյուցիան»,- ասաց Է.Նալբանդյանը:
Նշենք, որ Է.Նալբանդյանը այդ սկզբունքները ներկայացրեց ոչ այն դասավորությամբ, ինչպես ներկայացրել էին երեք նախագահները: Այդ տարբերակում տարածքների վերադարձը առաջին կետում էր: Պարոն Նալբանդյանն այդ սկզբունքը տարավ վերջին` վեցերորդ կետ: Առաջին տեղում նա ներկայացրեց ԼՂՀ կարգավիճակի հարցը, որը հրապարակված տարբերակում գտնվում էր չորրորդ հորիզոնականում: Թե իրականում այդ դասավորությունը կամ դրա խախտումը ինչ նշանակություն ունի, կարելի է միայն ենթադրել: Նալբանդյանն ինքն ասում է, որ այդ 6 կետերը պետք է համաձայնեցվեն փաթեթով, հետո նոր սկսվի դրանց իրագործումը: Երեկ այդ վեց սկզբունքների եւ դրանց շուրջ կայացած կամ չկայացած համաձայնությունների մասին փորձեցինք հավելյալ մեկնաբանություն ստանալ պարոն Նալբանդյանից:
– Պարոն Նալբանդյան, նախագահների հայտարարության մեջ ԼՂՀ հարակից տարածքների վերադարձը առաջին կետում էր, Դուք այն ներկայացրեցիք վերջին` վեցերորդ տեղում, եւ ասացիք, թե դրանց շուրջ պետք է փաթեթային համաձայնության գալ: Այնուամենայնիվ, համաձայնությունից հետո արդեն իրականացման փուլում ո՞ր կետն է առաջինն իրագործվելու: Տարածքների վերադա՞րձը:
– Ոչ: Այսինքն, եթե կա երկու էլեմենտ, 6 էլեմենտ, 16 էլեմենտ որեւէ հարցադրման մեջ, եւ ասում է, թե բոլորը ներկայացված են որպես ամբողջություն եւ չի կարելի անջատել մեկը մյուսից, դա նշանակում է, որ բոլորի շուրջ պետք է պայմանավորվածության գալ: Երբ որ բոլորի շուրջ, ոչ թե մեկի շուրջ պայմանավորվածության եկար, հետո սկսում ես դա իրականացնել: Եթե բոլորի շուրջ դու պայմանավորվել ես, այն ժամանակ արդեն տեխնիկական հարցեր են, թե ե՞րբ, ինչպե՞ս է իրականացվում: Նախագահների հայտարարության մեջ հնչած կետերը Մադրիդյան առաջարկների հիմնական, բայց ոչ բոլոր կետերն են:
– Այս տարիներին ո՞ր կետերի շուրջ եք համաձայնության եկել:
– Եթե դրա հրապարակման կարիքը լիներ, վստահ եղեք, որ Ձեր հարցին չէինք սպասի, մենք կհրապարակեինք, թե որի շուրջ համաձայնություն ունենք, որի` ոչ: Եթե դրան հասնենք, այդ համաձայնությունը ունենանք եւ ուզենանք հրապարակել… եւ դուք հասկանում եք, որ սա գործընթաց է եւ դեռ ներգրավված են Ղարաբաղի հարցի կարգավորման կողմերը: Պետք է պայմանավորվածություն լինի կողմերի միջեւ:
– Ձեր պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ դեռեւս ոչ մի սկզբունքի շուրջ համաձայնություն չի կայացվել:
– Չէ, դուք արդեն տարբեր կողմերից նորից նույն հարցն եք տալիս: Բայց սխալ եք անում:
– Իսկ գոնե կարո՞ղ եք ասել, թե այդ վեցից քանի սկզբունքի շուրջ ունեք համաձայնություն:
– Այս հարցին էլ կպատասխանեմ այն, ինչ որ մյուս հարցերին եմ պատասխանել:
– Ձեր խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներից է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ անխափան ցամաքային կապ ունենալը: Ի՞նչ է դա նշանակում, պարզապես կապող ճանապա՞րհ, թե՞ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ ընկած երկու` Լաչինի ու Քելբաջարի շրջանները:
– Դուք արդեն մտնում եք ինչ-որ մանրամասների մեջ, որոնք, եթե կարիք լիներ, կհրապարակեինք:
– Սեպտեմբերի վերջին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիայում հանդիպել էր այդ երկրի արտգործնախարար Միշլին Կալմի-Ռեյի հետ: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ վերջինս ասել էր, թե «ակտիվ բանակցություններ են ընթանում երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը շարունակելու համար»: Դուք հայտարարեցիք, թե Թուրքիայի հետ բանակցություններ չկան: Իսկ Շվեյցարիան Հայաստանի հետ քննարկե՞լ է այն վերսկսելու համար:
– Մեր թղթակիցներից մեկը կապվել էր Շվեյցարիայի արտգործնախարարի հետ ու հարցրել էր: Նա ասել էր՝ ոչ, այդպիսի բան չի ասել: Եթե Շվեյցարիայի արտգործնախարարը հերքում եւ ասում է՝ ոչ, ես ի՞նչ պիտի ասեմ:
– Այդ դեպքում ՀՀ ԱԺ-ն սխա՞լ հաղորդագրություն էր տարածել:
– Հարցրեք նրանց, ովքեր տարածել են այդ հաղորդագրությունը: