Շարունակեք դատարկաբանել, պարոնայք

21/10/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց հերթական տեղեկատվությունը՝ այս տարվա առաջին 9 ամիսների համար։ Միանգամից նշենք, որ մակրոտնտեսական ցուցանիշները այնքան էլ ոգեւորիչ չեն. տնտեսական աճի տեմպը դանդաղել է եւ հունվար-սեպտեմբերի համար կազմել 2.8%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հիշեցնենք, որ հունվար-օգոստոսին այդ ցուցանիշը կազմում էր 3.1%, դրանից մեկ ամիս առաջ՝ 4%, դրանից էլ առաջ՝ 6.2%, 8.8%։ Փաստորեն, չնայած տարեսկզբի ոգեւորությանն ու տարվա ընթացքում հնչող հայտարարություններին՝ ՀՆԱ-ի աճի ցուցանիշը մոտենում է 2010թ. բյուջեով նախատեսված 1.2%-ին։ Նշենք նաեւ, որ եթե նախորդ ամիսներին տնտեսական աճի տեմպը նվազում էր, ապա ամսվա կտրվածքով ՀՆԱ-ն աճում էր։ Ասենք՝ օգոստոսի ՀՆԱ-ն հուլիսի նկատմամբ աճել է 49.1%-ով, հուլիսը հունիսի նկատմամբ՝ 16.1%-ով։ Սեպտեմբերին, սակայն, բացասական դինամիկա ունենք. օգոստոսի նկատմամբ ՀՆԱ-ն նվազել է 24.6%-ով։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին անկում են ապրել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Շինարարության ոլորտը նախորդ տարվա համեմատ նվազել է 5.2%-ով։ Գյուղատնտեսությունը իսկական կոլապս է ապրել. 17.9% անկում։ Նշենք, որ հենց այս ոլորտն էլ դարձել է տնտեսության «քավության նոխազը»։ «Միակ բացասական ազդեցություն ունեցող հանգամանքը գյուղատնտեսության ոլորտն է, որում այս տարի էական անկում գրանցվեց` պայմանավորված բնակլիմայական խնդիրներով: Եթե դա չլիներ, ապա ավելի բարձր տնտեսական աճ կգրանցվեր»,- ամսվա սկզբին ասել էր ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

Ծառայությունների ոլորտն աճել է 7.4%-ով, արդյունաբերությունը՝ 10.9%-ով։ Ի դեպ, հիմնականում մետաղների միջազգային գների թանկացման հաշվին արձանագրված այս աճը կարմիր թելի պես անցնում է մեր չինովնիկների ելույթներում։ Արդյունաբերության ծավալների ցուցանիշը մեր տնտեսական պատկերի միակ լուսավոր կետն է, որով փորձում են լուսավորել ընդհանուր մռայլությունը։

Արտաքին առեւտրի ոլորտում պատկերն այսպիսին է. արտահանումն աճել է 43.9%-ով եւ կազմել 705.3 միլիոն դոլար։ Ներմուծման աճն ավելի փոքր է՝ 19.2%։ Սակայն ծավալները մի քանի անգամ գերազանցում են արտահանումը՝ 2 միլիարդ 678 միլիոն դոլար։ Իհարկե, մեր պաշտոնյաները կխոսեն միայն տոկոսներից՝ «արտահանման տեմպերի առաջանցիկ աճից», քանի որ այդպես ավելի ձեռնտու է։ Իսկ այն մասին, որ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մոտենում է 2 միլիարդի սահմանին, համեստաբար կլռեն։ Այս ցուցանիշներին ծանոթանալուց հետո կարող է հարց առաջանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ շուրջ երկու միլիարդ դոլար «դուրս ենք տվել», սակայն դոլարի փոխարժեքը ոչ միայն չի բարձրանում է, այլեւ իջնելու միտում ունի։ Այս հարցին էլ անուղղակիորեն պատասխանել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Ազգային ժողովում մի քանի օր առաջ հայտարարելով, որ դրսից եկող տրանսֆերտներն ավելացել են։ Վարչապետը դա ներկայացրել է որպես տնտեսության աշխուժացման վրա ազդող դրական գործոն։ Սակայն մյուս կողմից՝ դա եւս մեկ անգամ վկայում է, որ մեր տնտեսությունը շարունակում է իր «պորտաբուծական» վարքագիծը՝ դրսից փող են ուղարկում, մենք էլ այդ փողերով բավարարում ենք մեր պահանջմունքները՝ նույն այդ դրսի արտադրանքով։ Հայկական պանիրը, ցավոք, դեռ աշխարհը չի նվաճել, Ջերմուկը չի դարձել զբոսաշրջության կենտրոն, Դիլիջանն էլ՝ ֆինանսական։

Արտաքին առեւտրաշրջանառության 23%-անոց աճը մեկ այլ հարց էլ է առաջ բերում, ինչպե՞ս է ստացվում, որ մանրածախ առեւտրաշրջանառությունն աճել է ընդամենը 0.4%-ով։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի քաղաքացիները միայն մեծածախ առեւտուր են անում, ասենք՝ շենքով կամ թաղամասով հավաքվում են ու գնում մի քանի տոննա շաքարավազ՝ ամբողջ տարվա համար, հետո բաժանում իրար մեջ։ Ի դեպ, տվյալ հարցն ավելի խուճուճ ու անհասկանալի է թվում, երբ հաշվի ենք առնում նույն հրապարակման մեջ արձանագրված աշխատավարձի ցուցանիշները։ Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսներին ամսական միջին անվանական աշխատավարձը աճել է 7.9%-ով։ Գործազրկության մակարդակն էլ, եթե հավատանք վիճակագրությանը, նվազել է։ Այս ցուցանիշների հիման վրա նման վերլուծություններ անելն անիմաստ զբաղմունք է։ Մանրածախ շրջանառության վերաբերյալ պաշտոնական տվյալները ամենեւին էլ չեն արտացոլում սուպերմարկետներում ու կրպակներում վաճառված ապրանքների իրական ծավալները։ Նախորդ տարի, երբ տնտեսությունն անկում էր ապրում, մանրածախ առեւտրաշրջանառությունը ոչ աճում էր, ոչ նվազում։ Դա պայմանավորված էր կտրոնների վիճակահանության եւ բոնուսների շուրջ ստեղծված ոգեւորությամբ։ Իսկ այժմ գնումներ կատարողը այլեւս նույնքան անհամբեր չի սպասում կտրոնին։ Այսինքն՝ մանրածախ առեւտրաշրջանառության պաշտոնական տվյալները պարզապես ցույց են տալիս ՀԴՄ կտրոնների ազդեցությունը, ոգեւորության մակարդակը։

Հիմա ամփոփենք ընդհանուր պատկերը։ Եվ այսպես.

ա) ճգնաժամային տարվա համեմատ տնտեսությունն աճել է 2.8%-ով,

բ) նախորդ տարի ճգնաժամի ազդեցության ինդիկատորի դեր կատարեց շինարարությունը՝ զգալի անկում ապրելով։ Այս տարի այս ոլորտում անկումը շարունակվում է,

գ) ի տարբերություն նախորդ տարվա, անկում է ապրել գյուղատնտեսությունը (կապ չունի` ինչ պատճառներով),

դ) մանրածախ առեւտրաշրջանառությունը չի փոխվել,

ե) գնաճի ցուցանիշը գերազանցում է նախատեսված մակարդակը մի քանի տոկոսային կետով,

զ) այս ամենին ավելացնենք այն տեղեկատվությունը, որ առաջին 9 ամիսների ընթացքում օդային ճանապարհով Հայաստանից անվերադարձ մեկնել է 70 հազար հոգի։

Ի՞նչ հետեւություն կարելի է անել այս ամենից։ Իհարկե մեկ հետեւություն՝ մենք շա՜տ պատվով «հաղթահարել ենք» ճգնաժամը։