Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը նախօրեին, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, Թուրքիային կոչ է արել «ընդունել իր անցյալը եւ հաշտվել հարեւան Հայաստանի հետ»: Գերմանական DPA գործակալության փխանցմամբ` նույն օրը ավելի վաղ թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ ասուլիսում նա գովաբանել է Թուրքիային՝ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի համար` հորդորելով նրան ավելի շատ քայլեր կատարել` նորմալացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: «Ֆրանսպրեսի» վկայությամբ` Գերմանիայի նախագահը Թուրքիային հորդորել է հարգել քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները, ինչը Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի ճանապարհի առանցքային խնդիրներից է: «Մենք ակնկալում ենք, որ մահմեդական երկրներում քրիստոնյաները ունենան նույն իրավունքները` հրապարակավ դավանելու իրենց կրոնը, կրթելու նոր հոգեւորականների եւ կառուցելու նոր եկեղեցիներ»,- Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է Գերմանիայի նախագահը: Այնուամենայնիվ, Թուրքիա կատարած նրա այցելության, հանդիպումների ուշադրության կենտրոնում Գերմանիայում թուրք էմիգրանտներին վերաբերող հարցերն են: Շաբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով Գերմանիայում ապրող էմիգրանտներին, ասել էր, թե «այս բազմամշակութային մոտեցումը, որ իբրեւ մենք ապրում ենք կողք կողքի եւ գոհ ենք միմյանցից, ձախողվեց, ամբողջովին ձախողվեց»: «Որպես նրանց նախագահ` ես պահանջում եմ, որ յուրաքանչյուր էմիգրանտ մեր հասարակությունում ինտեգրվի ակտիվորեն եւ բարի մտադրություններով: Ոչ մեկը կարիք չունի եւ պարտավոր չէ հրաժարվել իր մշակութային ինքնությունից կամ մերժել իր ազգային պատկանելությունը»,- Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Ք. Վուլֆը` հավելելով, թե շատ թուրքեր են արմատներ ձգել Գերմանիայում, ուսում ստացել, բիզնես հիմնադրել, աշխատատեղեր ստեղծել: Նա նաեւ անդրադարձել է էմիգրանտների հարուցած խնդիրներին` դրանց թվում նշելով պետական օգնության խնամքի տակ մնալը, քրեականացումը, ագրեսիվությունը, սովորելուց հրաժարվելը: Քրիստիան Վուլֆն ասել է՝ «անհրաժեշտ է ենթարկվել Գերմանիայի օրենքներին ու Սահմանադրությանը, սովորել գերմաներեն եւ ընդունել մեր ապրելակերպը»: Նշենք, որ Գերմանիայի նախագահի այցը Թուրքիա ավարտվելու է ուրբաթ օրը: Երեկ նա մասնակցել է գերմանաթուրքական գործարար համաժողովին: