Սկիզբը` «Ես անվերջ չգիտեմ»
– Մաեստրո՛, Բեթհովենն իր 3-րդ սիմֆոնիան նվիրեց Նապոլեոնին, հետո հիասթափվեց եւ դարձրեց «Հերոսական»: Հետաքրքիր է, Դուք նման ցանկություն չե՞ք ունեցել` ստեղծագործություն նվիրել քաղաքական, պետական որեւէ հայ գործչի:
– Բանը քաղաքական գործիչներին չի հասել: Այնքան լավ գործընկերներ ունեմ, որոնց դեռ չեմ հասցրել գործեր նվիրել: Պետական գործիչներին սիմֆոնիա՞ նվիրել. մտքովս էլ չի անցել: Եվ, ճիշտն ասեմ, չեմ կարծում, որ երբեւէ նման պահանջ իմ մեջ հասունանա:
– Երբ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հետ էի զրուցում, նա նշեց, թե իր համար «երաժշտություն» հասկացությունն արդարացնում են Բախը, Հենդելը եւ Կոմիտասը: Իսկ Ձե՞զ համար:
– Ես ամբողջ երաժշտությունն եմ սիրում, ինչ գոյություն ունի: Կա արաբական երգը, չինական պալատական երաժշտությունը, ճապոնական գագակուն… Բոլորն ինձ համար անչափ սիրելի են: Եվ նաեւ այն երգերը, որոնք ծնվել են ընդամենը փողոցում ապրելու համար: Բայց, իհարկե, տարբերվում են «գիտական» երաժշտությունը եւ փողոցի տարերքով ապրող երաժշտությունը: «Գիտական» երաժշտությունը կառուցվում է դարերի ընթացքում հղկված միջոցներով, օրենքներով: Եթե «գիտական» երաժշտությունը համեմատենք, ասենք, Ս. Հռիփսիմեի տաճարի հետ, ապա փողոցի երաժշտությանը մի պարզ խրճիթ կարող ենք ասել: Արեւմուտքի դասական երաժշտության մշակույթն այս «գիտական» երաժշտության զարգացման ուղին է:
– Մինչ մեր զրույցը, երբ Ձեր նոր ստեղծագործությունից մի հատված էիք նվագում, ասացիք. «Սա մաքուր երաժշտություն է` առանց կոմպոզիտորության»:
– Որոշ հեգնանք ունեմ երաժշտական խելացիությունների, «կոմպոզիտորության» հանդեպ, որովհետեւ, դառնալով արհեստ, դրանք շատ հեշտությամբ նմանակում են այն ամենը, ինչ մեզ համար սրբություն է: Եթե կարողանում ես ձերբազատվել արհեստավորությունից, նվազագույնի հասցնել միջոցը, որով աշխատում ես` հանուն մաքուր ոգու, բնության, զգացումի արտահայտության` հրաշալի է: Խոսքը սրա մասին է:
– Ձեր հարցազրույցներում հաճախ եք ասում` հայկական երաժշտությունն ուղղված է մարդու ներս: Իսկ ստեղծագործելիս Ձեզ օգնում են այդ «ներսի՞» ձայները, թե՞ լսում, համակարգում եք այն ձայները, որոնք կան արտաքին աշխարհում:
– Մի պատմություն պիտի պատմեմ. 90-ամյա մի տատիկի հանդիպեցի Փարիզում: Պարզվեց` Կոմիտասն իրենց տանը հաճախ է եղել: Պատմում է, որ երբ մի անգամ Կոմիտասը եկել է իրենց տուն, ինքն ու իր քույրը խնդրել են, որ նա իրենց համար երգի: Կոմիտասը երգել է իր երգերից մեկը եւ դաշնամուրով նվագակցել ինքն իրեն: Դեպքը Պոլսում է տեղի ունենում: Քույրերը երաժշտության դասեր են առնում, նոտա գիտեն, հեղինակների անուններ գիտեն, եւ խնդրում են` իսկ չի՞ կարող մի եվրոպական երգ երգել եւ նվագել: «Սիրո՛վ»,- պատասխանում է Կոմիտասը եւ երգում Շուբերտ` ինքն իրեն նվագակցելով: Այդ ընթացքում պատուհանը բաց է լինում, եւ ժողովուրդ է հավաքվում: Երբ Կոմիտասն ավարտում է երգը, հավաքվածները ծափ են տալիս: Տատիկը կարծում էր, թե ինձ պատմում է, թե որքան գեղեցիկ էր Կոմիտասը Շուբերտ երգում: Իսկ ինձ համար հրաշքն այն էր, որ երբ մե՛ր երգն էր երգում, մեծ ձայն ցուցադրելու պահանջ չուներ: Պատուհանն էլի՛ բաց էր, բայց ժողովուրդ չէր հավաքվում, չէր ծափահարում: Մեր երգն ուրիշ երգեցողություն է, եւ սա՛ նկատի ունեմ, երբ ասում եմ` մեր երգը դեպի նե՛րս երգվող երգ է: Եվ հետո` մեղեդի է դառնում ամեն ինչը: Մարդը տեւական հարաբերությունների մեջ է ոչ միայն ձայների աշխարհի, այլեւ իր մարմնի շարժումների հետ, իր տեսած բնապատկերի հետ: Երաժիշտն, իհարկե, աշխարհի ձայների հետ անկասկած կապված է: Բայց նաեւ իր մարմնի շարժումների հետ. քայլելն ինքը ռիթմ է: Մարմինը ռիթմերի կույտ է: Եվ մի կարեւոր բան` ստեղծագործողի հիմնական ուսուցիչներից մեկը լեզուն է, որով խոսում է, իսկ լեզուն մի ուրիշ տեսակ գեղեցկություն է` իբրեւ հնչողություն: Մեր բաղաձայների շքեղությունը, գոնե ինձ համար, ուրիշ մի շքեղություն է: Մայրենի լեզուն երաժշտի մեծագույն ուսուցիչն է, եւ երբ դու հեռանում ես քո լեզվից` իբրեւ երաժիշտ, կիսով չափ այստեղ չես: Երգչախմբի երեխաներից մեկը մի օր ասել է Կոմիտասին` ձայն չունեմ: Կոմիտասն ասել է. «Բայց դու խոսում ես, չէ՞, ուրեմն ձայն ունես»: Երաժշտության գոյացման ակունքները շատ են ու տարբեր: Բայց այսօր ամենաշատը հուզվում եմ մեր երգերից։ Ասացի նաեւ, որ լսում եմ ամեն կարգի երաժշտություն:
– Անգամ ռո՞ք:
– Ո՛չ:
– Երբեք չե՞ք լսել, օրինակ, «Beatles», «Deep Purple», «Rolling Stone»:
– Ես սիրում եմ մարդկանց, ովքեր երգում են: Երբ հետաքրքիր է երգում, իր ապրումները ներկայացնելիս ճարտար է, սիրում ես իրեն: Բայց, հավատացեք, այս դեպքում երաժշտության հարց այստեղ ամենեւին չի դրվում, լուծվում է երգող անձի խնդիրը: Էլիոթը հստակ զատում էր բանաստեղծին եւ նոթատետր ունեցող մարդուն, ով գրառում է իր բանաստեղծությունները: Մեզանում շատ են նոթատետրով մարդիկ: Տեսեք` որքան լեցուն են գրախանութները հրատարակված գրքերով: Չենք լրջացել շատ հարցերում: Մեզ անվերջ թվում է, թե անմահություն ստեղծելու մեր միջոցները պետք է շտապ գործի դնենք, բանաստեղծություններ հրատարակենք, մեզ ծանոթ փոքրիկ մի մարդուկի հուշաքարը փակցնենք հարեւան շենքի ճակատին: Անհանգիստ ենք այս հարցերում: Երբ քո գործով չես զբաղված, ա՛յլ տիպի գործեր ես փնտրում, որ գոյությունդ արդարացնես: Միամիտ խաբկանքներ, թե անմահություն ես ստեղծում: Աստված իմ, ի՜նչ հզոր մարդիկ են եղել, անցել այս աշխարհով, ի՜նչ բանաստեղծներ, որոնց մասին հիշատակություն անգամ չկա:
– Մարդկանց հատուկ է վախը` հանկարծ կմահանան ու կմոռացվեն:
– Միայն մահվան եւ մոռացվելու խնդիրը չէ. նաեւ փառքի հարցերն են: Երբ Հայաստանի օրհներգի մրցույթ հայտարարվեց, այնքա՜ն մարդ մեջտեղ եկավ: Բոլորին թվում էր` իրենք էլ կարող են օրհներգի բանաստեղծական տեքստ գրել: Գրագետ են, հայերեն գիտեն, մանավանդ` հայրենասեր են: Իրենք էլ կիրթ, լավ մարդիկ են: Ինչո՞ւ չփորձեն: Մի քանի անգամ փորձել եմ այդ մարդկանց բացատրել իրենց արածը. «Դու շախմատ խաղո՞ւմ ես»: «Այո՛»: «Գիտե՞ս ինչքան շախմատային խնդիրների, էտյուդների ժողովածուներ կան, կարդացե՞լ ես»: «Ո՛չ»: Եվ այս մարդը բակում նարդի խաղացողի մակարդակով է փորձում շախմատ խաղալ։
– Դուք ներկայացել էիք Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա գրված հիմնով:
– Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», ուզենք թե չուզենք, մեր հիմնն է: Հավատացած եմ։
– Չե՞ք կարծում, որ յուրաքանչյուրի անհատական ինքնագնահատականն ուռճացված է, իսկ մեր հավաքական ինքնագնահատականը, հակառակը, ցածր է:
– Երեւի թե այդպես չէ: Երբ դը Գոլը դարձավ Ֆրանսիայի նախագահ, երկրի վիճակը ծանր էր: Նա դարձավ նախագահ, երբ ողջ Ֆրանսիան համախմբվելու ներքին պահանջ ուներ: Եվ եղավ այդ հավաքականությունը. Ֆրանսիան հաղթահարեց ճգնաժամը: Գիտե՞ք ինչու պաշտոնից հրաժարվեց դը Գոլը: Ըստ նշանավոր Անդրե Մալրոյի (դը Գոլի կառավարության մշակույթի նախարարն էր)` դը Գոլն իր այդ քայլն այսպես է հիմնավորել. «Ես հրաժարվում եմ նախագահ լինելուց, որովհետեւ ֆրանսիացիներն այլեւս Ֆրանսիան չեն սիրում»: Դա երեւի հատուկ է բոլոր ժողովուրդներին, նաեւ մեզ: Երբ փորձեցի երգել «Ես իմ անուշ Հայաստանին», անմիջապես մտա բառերի ուղնուծուծի մեջ: Տեսնում ես` բանաստեղծությունը, որը ներկայացնում է մի ողջ երկիր, սկսվում է ես-ով: Հայի՛ ես-ով: Հետո` «Ես իմ…»: Եվ դա այնքա՜ն իր տեղում է: Այսինքն` մեկով է սկսվում: Մենք մեկ-երի գումար ենք, եւ լավ է, որ այդպես է: Ես ինքս ինձ թույլ չեմ տալիս ասել` լավն ենք կամ վատն ենք: Դրանից առաջ ավելի առաջնային հարցը կա` ես ի՞նչ արեցի, որ ավելի լավ լինի։ Չարենցը այս հոգեվիճակը «Մահվան տեսիլ»-ում այսպես է ձեւակերպել. «Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի»։
– Այդ հարցը տալը բարդ է այնքանով, որ դրան պիտի հետեւի պատասխանը, որը հաճախ շփոթված լռությունն է: Հետեւո՞ւմ եք քաղաքական իրադարձություններին:
– Շատ ուշադիր եմ հետեւում, միայն թե անվերջ հարցականների մեջ եմ` հասկանալու համար թե՛ սա, թե՛ նա, սրա խորքը, նրա պատճառը: Անվերջ: Ու ես անվե՛րջ չգիտեմ: Կամ իմ իմացածը մշտապես ճշգրտելու պահանջ ունեմ: Լավն էլ եմ տեսնում, վատն էլ: Շատ հավատում եմ մեր երիտասարդությանը: Մեր լավագույն ուժերն այս երիտասարդներն են, որ վաղը ուրիշ տեսակ Հայաստան են ստեղծելու, շատ ավելի լուսավոր: Եվ բոլորովին սխալ է կարծել, թե պետք է արմատների նկատմամբ որոշ սահմանափակումներ դնել, որպեսզի կարողանանք միանալ դրսերին: Այդպես չէ ամենեւին: Կարծում եմ, որ այն տղերքը, ովքեր լավ կրթություն են ստանալու հայեցի հիմքի վրա, այդ հիմքն ունենալուց հետո իրենց իմացածը շատ ավելի արդյունավետ են ծառայեցնելու երկրին, որովհետեւ լեզուն ինքը երկիր է:
– Նկատի ունեք «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխություննե՞րը:
– Չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարելի է ուրիշ լեզվով գոյանալ, կայանալ, գիտելիքներ հավաքել ու օգտակար լինել երկրին, երբ երկրի մի մասն արդեն քեզնից օտարել ես: Անհնար է, որ մարդու հոգեբանության մեջ տեղի չունենա այդ խեղաթյուրումը, երբ իր մայրենին իր հետ չէ: Եվ եթե այսօր մենք ժառանգել ենք այս լեզուն, եւ դու փոխում ես լեզուդ, անմիջապես քո ժառանգությունը մի կողմ ես դնում եւ մտնում ես քո գիտակցության մի նոսր շերտ: Չե՞ք նկատել` ինչպես է բարոյականությունից անտեղյակ երեխան վիրավորվում մոր սեթեւեթանքները տեսնելիս։ Այդպես էլ, այդ նույն երեխաները, տեսնում են քո վարքագծի կեղծիքը, երբ դու նրանց շեղում ես ընտանիքի ներսում գործող ամենօրյա մայրենիից… Երեխան զգայուն է կեղծիքի հանդեպ, հետո է, որ ընտելանում է այդ կեղծիքին: Ես շատ եմ ուզում, որ լեզվի հարցում բոլորս միաբան լինենք: Որ փողոցում չլինեն մայրեր, ովքեր կարծում են, որ եթե երեխայի հետ օտար լեզվով խոսեն, երեխային ավելի կարեւոր են դարձնում: Լեզվի այս քաղքենիությունն անտանելի բան է: Անտանելի՛: Մենք տանը մշտապես հեգնանքի զգացում ենք ունեցել մայրենիից խուսափող ծանոթ-բարեկամի նկատմամբ, ով ուրիշի լեզուն իրեն գեղեցկացնելու, խելոքացնելու միջոց է համարել` ամաչելով խոսել իր մայրենիով։ Մարդն, ախր, իր մոր համար կամաչի՞: Եթե ինձ հարց տրվի, թե երկրին հավատարմության առումով ո՞ւմ նախապատվություն կտամ՝ հայոց լեզուն ուրացած «ինտելիգենտ» ընտանիքի զավակի՞ն, թե՞ մայրենիի արմատներին կառչած մեր գողականին ու ռաբիսին, ապա ինձ համար գերադասելի են գողականը, ռաբիսը: