Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Լիբանանում պատրաստվում էին սպանել Իրանի նախագահին, սակայն լիբանանյան հետախուզությունը կանխել է անցյալ շաբաթ Լիբանան կատարած այցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ մահափորձը: Քուվեյթի «Ա-Սիասա» հրատարակությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնում է, որ Ահմադինեջադը Բինտ Ջբել գյուղ է մեկնել երկու ժամ ուշացումով, քանի որ նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկություն էր ստացվել: Վարչապետ Սաադ Հարիրիի կողմից իր պատվին տրված ճաշից հետո Ահմադինեջադն արագընթաց մայրուղով ուղեւորվել է Լիբանանի հարավ: Սակայն ճանապարհին թիկնապահները կարգադրել են վերադառնալ Բեյրութ՝ հատուկ պահակախումբ ստանալու համար: Ավելի ուշ պարզվել է, որ լիբանանյան բանակը կասկածելի շարժ է նկատել մայրուղու վրա, որով շարժվել է Իրանի նախագահի ավտոշարասյունը: Ավելի ուշ հավաստի տեղեկություն է ստացվել նախապատրաստվող հարձակման մասին: Չնայած լիբանանյան իշխանությունները փորձել են համոզել նրան հրաժարվել Հարավային Լիբանան այցելելուց, Ահմադինեջադը համառել է, եւ երբ շրջակա տարածքը մանրազնին ստուգվել է, ուղեւորվել է Բինտ Ջբել: Առայժմ հայտնի չէ, թե ով է ծրագրել Իրանի նախագահի վրա հարձակումը: