Տոկտայիմ Ումետալիեւա. «Ղրղըզստանում անցած ընտրություններն ամենակեղտոտն էին»

21/10/2010 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Ղրղըզստանն իրավացիորեն ստացել է նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաանհանգիստ հանրապետության տիտղոսը: Իշխանության բռնի փոփոխությունն այստեղ սովորական բան է դարձել: Հերթական հեղափոխական իշխանությունների` հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջոցով իրադարձությունները սահմանադրական հունի մեջ դնելու փորձերն ապարդյուն անցան: Ղրղըզստանի մի շարք շրջաններում, մայրաքաղաք Բիշքեկում քաղաքական կուսակցությունների հանրահավաքներ սկսվեցին` քվեաթերթիկները վերահաշվարկելու պահանջով: Խախտումների մասին խոսում են ընտրության բոլոր մասնակիցները, դիտորդները, եւ անգամ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) խոստովանում է, որ քվեարկության ընթացքը հեռու էր անթերի լինելուց: Ղրղըզստանում տեղի ունեցած դեպքերի եւ այն մասին, թե ի՞նչ կարելի է ակնկալել մոտ ժամանակներս, «168 Ժամի» թղթակցին պատմում է տեղի ունեցած ընտրությունների մասնակից, հանրապետության նախագահական ընտրություններում արդեն երկրորդ անգամ առաջադրված թեկնածու Տոկտայիմ Ումետալիեւան, ով, ի դեպ, Ղրղըզստանում միակ կինն է, ով քաղաքական կուսակցություն է գլխավորում (այն կոչվում է «Ժաշասըն Կըրգըզստան»`«Ապրի՛ր, Ղրղըզստան»):

– Կարելի՞ է ասել, որ Ղրղըզստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան ազատ սցենարով: Շա՞տ են արդյոք քվեարկության արդյունքները վիճարկողները:

– Ներկայիս ընտրությունները տարբերվում են բոլոր նախորդներից նրանով, որ քվեարկության ընթացքը ընդհանուր առմամբ հանգիստ անցավ, եւ երկրում ցնցումներ չեղան: Սա կարեւոր է: Սակայն, որքան էլ դա պարադոքսալ թվա, այս ընտրություններն ամենակեղտոտն էին Ղրղըզստանի պատմության մեջ: Սրանք ամենաապաքաղաքական ընտրություններն էին: Քաղաքական կուսակցությունների կողմից բացեիբաց կաշառվում էին ընտրողները: Քվեարկության ընթացքում կիրառվում էր «քարավան» կամ «կարուսել» կոչվող տեխնոլոգիան, երբ ընտրողներին կազմակերպված ձեւով մի ընտրատեղամասից մյուսն էին տեղափոխում: Շատերը 3-4 անգամ են քվեարկել: Քվեաթերթիկները բացահայտորեն լուսանկարվում էին: Այսօր մենք չենք կարող խոսել քվեարկության գաղտնիության մասին: Մինչ օրս ԿԸՀ-ն չի ամփոփել քվեարկության արդյունքները: Կարելի է վստահաբար արձանագրել, որ ԿԸՀ-ն ինքնակամ հեռացել է արդյունքները ամփոփելուց: Ընտրություններից արդեն 10 օր է անցել, իսկ արդյունքները դեռ չեն հրապարակվել, թեեւ, ըստ օրենքի, դրանք պետք է հրապարակվեն ընտրություններից 7 օր հետո: Սա բավականին պերճախոս վկայությունն է այն բանի, թե ինչ է տեղի ունեցել Ղրղըզստանում: Այժմ որոշ կուսակցությունների ղեկավարների ճնշման տակ սկսվել է արձանագրությունների վերահաշվարկը: Իմ կարծիքով, սակայն, դա ոչինչ չի տա: Դա ընդամենը իրավիճակը կերկարաձգի: Քվեարկության արդյունքների պատկերն իրականում կարող է փոխել միմիայն քվեաթերթիկների վերահաշվարկը: Սակայն դրանով ոչ ոք չի զբաղվի: Արդեն հայտնի է, որ ԿԸՀ-ի արձանագրությունների տվյալները չեն համապատասխանում «Շայլոո» («Մաքուր ընտրություններ») այլընտրանքային հասարակական կազմակերպության տվյալներին: Ղրղըզստանում խորհրդարանական վերջին ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում կիրառվել են երկակի ստանդարտներ: Որոշ կուսակցությունների համար 5%-անոց շեմը հաղթահարելը կազմում է ընտրողների ձայների մի թիվ, մյուսների համար` մի այլ թիվ: Դրա վառ օրինակը «Բուտուն Կըրգըզստան» կուսացության շուրջ ստեղծված խառնաշփոթությունն է: Համաձայն պաշտոնական տվյալների` այդ կուսակցությունը հաղթահարել է 5%-ի շեմը եւ կարող է օրինական անցնել խորհրդարան: Սակայն ԿԸՀ-ն չի թողնում: Պատճառը ընտրողների ցուցակների եւ քվեաթերթիկների թվերի միջեւ տարբերությունն է: Ի սկզբանե ցուցակները կազմվել էին 2 մլն 800.000 ընտրողների համար: Քվեարկության ընթացքում, չգիտես որտեղից, հայտնվեցին եւս 200.000 ազգանուններ: «Որտեղի՞ց են հայտնվել այդ 200.000-ը» հարցին ԿԸՀ-ն այդպես էլ չկարողացավ քիչ թե շատ հասկանալի բացատրություն տալ: Բացի այդ, մեր հաշվարկներով` «Շայլոո»-ում քվեարկության մասնակիցների 45.000 ձայներ չեն բավականացնում: Արդյոք ԿԸՀ-ն քաջություն կունենա՞ ընդունելու իր սխալը: Արդեն առաջ է գալիս ԿԸՀ-ի ազնվության եւ անաչառության հարցը: Թեեւ ԿԸՀ-ն ինքն է խոստովանել «թերությունների» առկայությունը: Մի խոսքով, միակ բանը, որ փրկում է Ղրղըզստանին ներկայիս իրավիճակում, հարաբերական կայունությունն է: Սակայն չի կարելի հույս փայփայել, թե դա երկար կտեւի: Արդեն այսօր անհրաժեշտ է փոխգործակցության մեխանիզմներ, երկխոսության ձեւեր փնտրել, որպեսզի հանրապետության հյուսիսի եւ հարավի միջեւ հակամարտությունը չսրվի: Առավել եւս, որ կան ուժեր, որոնք բացահայտ կերպով ցանկանում են ընտրությունների արդյունքների հիման վրա սրել երկու շրջանների միջեւ հակամարտությունը: Այսօր մենք ականատեսն ենք անկանխատեսելի հետեւանքներով հղի քաղաքական եւ պետական ճգնաժամի: Ըստ իս` միակ ելքը կուսակցությունների` միմյանց միջեւ փոխզիջումների գնալն է: Իրադրության կայունացման գործում կարեւոր դեր կարող են խաղալ նաեւ արտաքին աշխարհաքաղաքական ուժերը` Ռուսաստանը, Ղազախստանը, ԱՄՆ-ը: Զգացվում է նաեւ Թուրքիայի եւ Չինաստանի ազդեցությունը:

– Փոխզիջում ասելով, թերեւս, նկատի ունեք կոալիցիայի ստեղծո՞ւմը: Իսկ եթե չհաջողվի, ապա կլինի՞ արդյոք նոր հեղափոխություն կամ նոր ընտրություններ:

– Եթե կոալիցիա ստեղծել չհաջողվի, ապա դրանից կշահի ներկայիս նախագահ Ռոզա Օտունբաեւան: Ի դեպ, նա ոչ մի բան չի ձեռնարկում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ, որպեսզի կուսակցությունների առաջնորդները կարողանան իրար հետ համաձայնության գալ: Օտունբաեւան կարող է ընտրությունների նոր ժամկետ նշանակել կամ հետաձգել անորոշ ժամանակով` բացատրելով դա ներքին քաղաքական կամ տնտեսական ճգնաժամով: Սակայն այդ դեպքում մենք կստանանք երկարատեւ ճգնաժամ, կսրվի երկրի հարավի եւ հյուսիսի միջեւ հակամարտությունը: Առավել մեծ հավանականությամբ կարելի է խոսել այն մասին, որ իրավիճակն ապակայունացնելու մեջ շահագրգռված են նախագահին մոտ կանգնած անցումային շրջանի մարդիկ եւ նրանց թիկունքին կանգնած քաղաքական ուժերը: Չէ՞ որ լեգիտիմ խորհրդարանի առկայությունը կրճատում է Օտունբաեւայի` անցումային այս ժամանակաշրջանի նախագահի եւ նրա մերձավորների իշխանության գլուխ մնալը:

– Այդուհանդերձ ասում էին, որ Ղրղըզստանը ընտրություններից հետո ձեռնամուխ կլինի խորհրդարանական տիպի հանրապետության ձեւավորմանը: Ձեր կարծիքով` պատրա՞ստ է արդյոք երկիրը խորհրդարանական կառավարմանն անցնելուն. չէ՞ որ կուսակցությունները, որպես կանոն, պաշտպանում են ոչ թե ազգային, այլ բնակչության փոքրաթիվ խմբերի շահերը:

– Ես ուսումնասիրել եմ կուսակցաշինության համակարգը եւ եկել այն եզրակացության, որ նույնիսկ առաջատար «Աթա-մեքեն» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Օմուրբեկ Տեկեբաեւը, որը կառավարման նոր ձեւ է առաջարկել, ելնում է առաջնորդի իր անձնական ամբիցիաներից: Այս օրինակը ցույց է տալիս, որ չկա հատուկ գաղափարի եւ ազգային արժեքների ձեւավորված շարժում: Ներկայիս առաջնորդների ընդհանուր բնորոշ գիծն այն է, թե ով ավելի շատ ընտրողներ կկաշառի: Ընտրողը գնահատվում է որպես որոշակի ապրանք: Քաղաքական առաջնորդներից ոչ մեկը չհիշեց, որ հոկտեմբերի 7-ին լրացավ Բիշքեկում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կես տարին, երբ հրապարակում այն ժամանակվա նախագահ Կուրմանբեկ Բակիեւին հավատարիմ ուժերի կողմից գնդակահարվեց ավելի քան 80 մարդ: Որեւէ մեկը չհիշեց, որ հարավում` Օշեում, Ջալալաբադում, դեռեւս շարունակվում է զոհվածների համար սուգը: Այնտեղ ներկայիս քաղաքական առաջնորդները համերգներով էին եկել: Այնինչ, ջարդերից տուժած մարդիկ դեռ շարունակում են ապրել վրաններում: Դեպի իշխանություն գնացող քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը երկակի ստանդարտներ է կիրառում:

– Ընտրարշավի ընթացքում շատ ակտիվ էր նախկին վարչապետը` Ֆելիքս Կուլովը: Նրան ընդունում էին Մոսկվայում եւ Աստանայում: Միայն այդ հանգամանքո՞վ է պայմանավորված խոսակցություններն այն մասին, որ Կրեմլը հենց Կուլովի վրա է իր «խաղադրույքը» կատարել:

– Կուլովը, որպես կուսակցության առաջնորդ, դեռ պետք է աճի: Սակայն ուզում եմ նշել, որ ի տարբերություն այլ ուժերի` նրա թիմն ամենից շատն է ձգտում կայունության: Ընտրությունների ժամանակ Կուլովին պաշտպանում էր Ղրղըզստանի ինտերնացիոնալ ընտրազանգվածը: Օշեում տեղի ունեցած հունիսյան ողբերգությունից հետո նրա պահվածքը անվտանգության հույս է ներշնչում հանրապետության բազմազգ բնակչությանը:

– Սակայն Կուլովը հանդես է գալիս երկրի կառավարման նախագահա-խորհրդարանական ձեւի օգտին: Ամեն դեպքում սա նշանակում է հերթական սահմանադրության ընդունում: Կուլովի` իշխանություն վերադառնալը նոր ցնցումներ չի՞ բերի արդյոք:

– Չեմ կարծում: Օրինակ` ձայների այն 5%-ը, որ ստացել է իմ կուսակցությունը, փոխանցվել են Ֆելիքս Կուլովի օգտին:

– Այն հինգ կուսակցությունները, որ ԿԸՀ-ի ներկայիս տվյալներով անցել են խորհրդարան, այժմ պետք է կոալիցիա կազմեն: Որքանո՞վ է դա իրատեսական:

– Ամեն դեպքում վերջնական արդյունքները դեռեւս հայտնի չեն: Կոալիցիայի ձեւավորումը, ավելի ճիշտ` կոալիցիա ձեւավորելու փորձ կարող է լինել միայն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո: Ճիշտ է, կուսակցությունների միջեւ բանակցություններ արդեն իսկ ընթանում են: Կուսակցությունների առաջնորդները ժամանակ առ ժամանակ մեկնում են Մոսկվա. կոնսուլտացիաների…: Նրանց միջեւ լուրջ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հակասություններ գոյություն ունեն, ինչը թույլ չի տալիս հուսալ, որ կոալիցիա ստեղծելը հեշտ կլինի: Դրան գումարած՝ նաեւ արդեն հիշատակված հակամարտությունը հանրապետության հյուսիսի եւ հարավի միջեւ, որոնց շահերն արտահայտում են տարբեր կուսակցություններ: Դժվար է ասել, թե ինչպես կընթանան իրադարձությունները. Ղրղըզստանը անկանխատեսելի երկիր է: Հայտնի է միայն, որ եթե երեք փորձից հետո չհաջողվի ստեղծել կոալիցիա, ապա խորհրդարանը, նույնիսկ առաջին նիստը չգումարած` կլուծարվի: