Տուսովկայի են վերածվել

21/10/2010

Ռուսաստանում եւ Ուկրաինայում հրատարակվող «Անիվ» ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանի խոսքով` Ռուսաստանում, մասնավորապես, Կրասնոդարի հայ համայնքներում այժմ նկատվում են բացասական միտումներ` կապված հայ համայնքների ինքնակազմակերպման հետ: Նրա հավաստմամբ` մասնավորապես, Կրասնոդարում հայ համայնքներն այսօր դադարել են գոյություն ունենալ որպես այդպիսին. «Ըստ էության, դրանք այսօր ոչ թե համայնքներ են, այլ ինչ-որ հանրույթ կամ, ինչպես ասում են ժամանակակից լեզվով, տուսովկա»: Կ. Աղեկյանի ասելով` այսօր Ռուսաստանում հայ համայնքները հիմնականում կազմակերպվում են որեւէ բիզնեսմենի շուրջ, որն էլ իր բիզնեսն առաջ տանելու համար իր վրա է վերցնում հայ համայնքի գործունեության պատասխանատվությունը: «Կազմակերպվում են փառատոներ, մշակութային միջոցառումներ, բայց ոչ ավելին: Ամեն ինչ արվում է, որ դրանից այն կողմ չանցնեն: Այդ բիզնեսմեններն իրենց վրա են վերցնում համայնքի ներկայացուցիչների վարքագծի վերահսկողությունը` հատկապես ընտրությունների անցկացման ժամանակ»,- ասել է Կ. Աղեկյանը: Նաեւ հավելել է, թե համայնքները «ղեկավարող» բիզնեսմենները հետեւում են, որ ընտրություններն անցնեն այնպես, ինչպես հարկն է, հետեւում են, որ քաղաքական հայտարարություններ չհնչեն, եւ, որ ամենակարեւորն է, ապրիլի 24-ին մեծ միջոցառումներ չկազմակերպվեն: «Եվ այս ամենն արվում է հենց հայերի ձեռքով»,- ընդգծել է Աղեկյանը: