Հոկտեմբերի 21-30-ը Հայաստանում անցկացվելու է փորձնական մարդահամար, որի նպատակը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի` 2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացվելիք հիմնական մարդահամարին նախապատրաստվելն է, ինչպես նաեւ՝ առկա թերությունները վերացնելը: Փորձնական մարդահամարը կանցկացվի 174 աշխատակիցների միջոցով Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում, Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր եւ Խաշթառակ գյուղական համայնքներում: Այն կանցկացվի հատուկ հատակագծերի միջոցով, որոնք պարունակում են փողոցների եւ տների վերաբերյալ տեղեկատվություն: Մարդահամարը կանցկացվի հատուկ հարցաթերթի միջոցով, որի հարցերը նախօրոք համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, որպեսզի մատչելի լինեն: Ի տարբերություն նախորդ մարդահամարի, այս մարդահամարի հարցաթերթիկների մեջ նոր հարցեր են ընդգրկվել, որոնք վերաբերում են կրոնին, տնային տնտեսությունների կողմից գյուղատնտեսությամբ զբաղվելուն, համակարգչի առկայությանը եւ դրանք ինտերնետային ցանցին միացնելուն: «Մարդահամարը միայն մարդ համրելու նպատակ չունի: Մեր նպատակն է՝ նաեւ բնակչության վերաբերյալ բազմապիսի տեղեկատվություն հավաքելը: Մարդկանց կրթական մակարդակը պետք է պարզվի, ընտանեկան դրությունը եւ այլն»,- ասել է Կ. Կույումջյանը: Նրա խոսքով` կատարված հաշվարկները փաստել են, որ մարդահամարի բոլոր փուլերի անցկացման համար 2.5 միլիարդ դրամ է անհրաժեշտ, որից պետությունն ի վիճակի է վճարել ընդամենը 20 տոկոսի չափով: Մնացած գումարը հատկացնելու են դոնոր կազմակերպությունները: Արդեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, Իտալիայի կառավարությունն ու Համաշխարհային բանկն աջակցելու որոշումներ են կայացրել: Կույումջյանի հավաստմամբ` յուրաքանչյուր հաշվարարի աշխատանքը վերահսկվելու է, եւ կեղծ տվյալներ չեն հավաքագրվելու: Նաեւ հավելել է, թե մարդահամարի ժամանակ հավաքագրված մարդկանց անձնական տվյալները գաղտնի են պահվելու եւ որեւէ այլ նպատակներով չեն օգտագործվելու, իսկ եթե որեւէ անփույթ աշխատող դրանք հրապարակի, ապա դատական հարցեր կառաջանան: Այնպես որ` փորձնական մարդահամարի արդյունքները չեն հրապարակվելու, դրանց վերաբերյալ կազմվելու է զեկույց, որն էլ կհրապարակվի հաջորդ տարվա մարտին: Իսկ հիմնական մարդահամարի արդյունքները կհրապարակվեն 2013թ.: Այսինքն` ՀՀ նախագահական հերթական ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մարդահամարն անցկացվել էր 2001թ.: