Տարօրինակ է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը չհասցրեց վայելել սեփական հերթական ծրագիրը հրապարակելու հաճույքը: Կարծեմ երկուշաբթի օրը վարչապետը հայտարարեց, որ 2011-ը «Հայկական պանիր» ծրագրի տարի է լինելու: Ասել կուզի՝ 2011-ին խրախուսվելու է պանրի արտահանումը: Նույնիսկ արտահանման գծագիրն է կազմված` նախ Ռուսաստան, ապա այլ երկրներ: Ցավոք, այս ծրագիրն առաջինը չէ: Անկախության ակունքներում շատերին էր թվում, որ երկիրը կարելի է պահել հանքային ջրերի, մասնավորապես՝ «Ջերմուկի» արտահանմամբ: 90-ականների սկզբին ավելի սրսուռ պլաններ հայտնվեցին: Մենք արաբական անջրդի աշխարհին խմելու ու ոռոգման ջուր էինք մատակարարելու: Ճիշտ ու ճիշտ սիբիրյան գետերը միջինասիական անապատներ ուղղելու ծրագրի օրինակով: Չիրագործված ծրագրի օրինակով: Հաջորդն աշխարհը ծիրանով հեղեղելու դարակազմիկ պլանն էր: Բայց պարզվեց, որ պարենի համաշխարհային շուկան ոչ միայն ծանոթ չէ մեր «շալախ» ծիրանին, այլեւ չի ուզում ծանոթանալ: Տեսլականներ հորինող մեր կառավարիչները երկար ժամանակ լռում էին: Այսինքն՝ համաշխարհային շուկան նվաճելու նոր ծրագրեր երկար ժամանակ չկային: Անկեղծ ասած, «Ջերմուկով» աշխարհը լիացնելու հիմքում, նաիվությունից բացի, ինչ-որ իրական բան կար: Թե մենք, թե մեր ղեկավարները հստակ պատկերացում չունեինք համաշխարհային (իմա` շուկայական) տնտեսության մասին: Մեր իմացածը խորհրդային քաղաքատնտեսությունն էր: Գիտեինք, որ նավթ ունեցող երկրները հարուստ են: Նավթը ԽՍՀՄ-ում վաճառվում էր լիտրը 6 կոպեկով: Իսկ հանքային ջուրը թանկ էր` մեկ լիտրը 20 կոպեկ: Երեք անգամից ավելի թանկ: Հետո հասկացանք, որ աշխարհը մեր հանքային ջրերի կարիքը չունի: Հասկացանք ու հորինեցինք նույն նավթ արտահանողներին զուլալ ջուր մատակարարելու ծրագիրը: Գիտեինք, որ այդ երկրներում էլ ջուրը նավթից թանկ է: 90-ականների առաջին կեսի մեր մամուլը հեղեղված էր Հայաստանի խմելու ջրի անսպառ պաշարների ու դրանք խողովակաշարով Արաբական թերակղզի հասցնելու «մասնագիտական» վերլուծություններով: Չստացվեց: Ծիրանի արտահանման պլանների հիմքում, ի տարբերություն նախորդ երկուսի, ոչ մի գիտելիք կամ տրամաբանություն չկար: Դա ուղղակի հոգու ճիչ էր: Ճիչ էր աշխարհին իմաց անելու, որ բուսաբանություն կոչվող գիտությունը լատինական տառադարձությամբ ծիրանը հայկական է կոչում: Թարսի պես աշխարհը լատիներենը վաղուց էր մոռացել: Հիմա արդեն հերթը հայկական պանրինն է: Անկեղծ ասած, խոհարարական ոչ մի գրքում ես «հայկական պանիր» արտահայտություն չեմ կարդացել: Ոչ էլ, ասենք, «ֆրանսիական» կամ «իտալական»: Պանրի արտադրությամբ հայտնի բոլոր երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա եւ այլն) դրանք արտադրության տեղանունն են կրում: Ճիշտ՝ ինչպես Հայաստանում, օրինակ՝ Եղեգնաձորի պանիր, Թալինի պանիր, Ախալքալաքի պանիր եւ այլն: Բայց մեր վարչապետը նոր բրենդ է հիմնում համաշխարհային շուկայում` «Հայկական պանիր»: Հետո՞ ինչ, որ նույնիսկ հայերը ծանոթ չեն այդ ապրանքանիշին: Կարեւորը ձգտումն է: Դեռ Իգնատիոս Լոյալան էր ասում՝ «Նպատակն արդարացնում է միջոցները»: Բայց ինձ հանգիստ չի տալիս «Ինչո՞ւ հենց պանրի արտահանում» հարցը: Այն, որ պանրի արտադրությունը լճացման փուլում էր, նկատելի էր վերջին տարիներին: Դա հավանաբար միակ սննդամթերքն է, որի գինը վերջին տարիներին նվազում էր: Մեր պանիրը հավանաբար միայն մեր քիմքին է հարմար գալիս: Որովհետեւ ներքին շուկան հագեցած է, իսկ արտահանման ուղղությամբ` տխուր պատկեր: 2009թ. Հայաստանից արտահանվել է 336,9 տոննա պանիր: Ըստ պաշտոնական վիճակագրության: Նույն աղբյուրը գրանցել է, որ ներմուծվել է 569 տոննա: Աշխարհին պանիր վաճառելուց Հայաստանը ստացել է 1 մլն 113 հազար դոլար: Իսկ ներմուծելու դիմաց դուրս է ուղարկել 3 մլն 186 հազար դոլար: Տխուր է, չէ՞: Բացասական հաշվեկշիռը կազմում է 2 մլն 73 հազար դոլար: Մասշտաբներն էլ մի բան չեն, որ վարչապետի ուշադրությանն արժանանալու բացատրություն համարվեն: Տխուր է նաեւ այն փաստը, որ Հայաստանից պանիր արտահանվում է մեկ կիլոգրամը 3,3 դոլարով: Ներմուծվում է ավելի թանկը` մեկ կիլոգրամը 5,6 դոլարով: Այստեղից չի կարելի եզրակացնել, որ մեր պանիրը գնի առումով մրցունակ է արտաքին շուկայում: Այն պարզ պատճառով, որ ներմուծվում են հիմնականում թանկարժեք տեսակներ` հալած, ռոկֆոր եւ այլն: Բայց հենց վարչապետը 2011-ը հայտարարեց պանրի տարի, առեւտրի ոլորտն անմիջապես արձագանքեց: Մեկ օրում պանիրը թանկացավ կիլոգրամը 300 դրամի չափով: Թանկացման փաստը եւս բացատրություն չունի: Եթե, իհարկե, հոգով բոլշեւիկ չես ու մեր վարչապետի ջերմ երկրպագու: Այս դեպքում թանկացումը կարելի է հայտարարել ներքին թշնամու սադրանք, որ կատարվել է վարչապետի հեղինակությունը խաթարելու անազնիվ մղումով: Բայց սա լուրջ չէ: Տնտեսական ճգնաժամ ապրող ոչ մի երկրում էլ ոչ մի վարչապետ բարձր հեղինակություն չունի, որ ինչ-ինչ ուժեր փորձեն խաթարել այն: Վստահ եմ, որ վարչապետը չի նկատի թանկացումը: Ինչպես մնացած բոլոր թանկացումները: Եթե նկատի էլ, այն կհամարի պատահական զուգադիպություն: Բայց նրան հաստատ կարելի է խնդրել, որ գոնե մինչեւ ձմռան ավարտն այլ սննդամթերքի մասին հրապարակավ կարծիք չարտահայտի:
Հ.Գ. Երբ հրաժարական տալուց հետո Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլին լրագրողները խնդրեցին բացատրել իր քայլի պատճառները, պատասխանեց. «Անհնար է կառավարել մի ժողովրդի, որ 365 տեսակի պանիր ունի»: 365 տեսակն, իհարկե, չափազանցություն է: Բայց չափազանցություն, որ համաշխարհային բրենդ է: Մրցակցություն չհանդուրժող բրենդ: Հաջողություն մաղթենք «Հայկական պանիր 2011-ին» այդ անհավասար պայքարում: