Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Հայ Առաքելական եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կրոնական կազմակերպության եւ «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության Զոյա 13 հասցեում գտնվող անշարժ գույքի (մանկատան ) վերաբերյալ դատական վեճին:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել «Մեր տունը» հ/կ-ին սեփականության իրավունքի վկայականով պատկանող Էջմիածնի Զոյա 13 հասցեի բնակելի տան սեփականության իրավունքը չեղյալ ճանաչելու եւ եկեղեցու իրավունքն այդ տան նկատմամբ վերաձեւակերպելու հայցադիմումով: Ինչպես Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն, այնպես էլ` ՀՀ Վերաքննիչ դատարանը Մայր Աթոռի հայցը բավարարել էր, եւ ներկայումս երկրորդ կողմը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան: «Մեր տունը» հ/կ հիմնադիր-նախագահ Տիգրանուհի Կարապետյանը երկու ատյանների դատարանների վճիռները համարելով անօրինական եւ կամայական` պատրաստվում է հարցը վիճարկել Եվրոպական դատարանում: Իրավաբան Արամ Ճուղուրյանը դատարանում հ/կ-ի իրավունքների օրինականությունը հաստատող մի շարք փաստարկներ է ներկայացրել, որոնք քննության չեն ենթարկվել, իսկ դատավճիռները վերջինս համարում է անհիմն եւ ապացույցներից զուրկ: Նախորդ հոդվածում մենք խոստացել էինք տպագրել «Մեր տունը» հ/կ-ի ամերիկյան մասնաճյուղի «Մեր տունը Ինք» կոչվող կազմակերպության տնօրենների խորհրդի նամակը, որն ուղարկվել էր դատարան Տ. Կարապետյանի գործունեության օրինականությունը հաստատելու նպատակով: Այսպիսով, 2009թ. նոյեմբերի 24-ին ուղարկած գրության տակ ստորագրել են «Մեր տունը Ինքի» տնօրենների խորհրդի նախագահ Ջուլի Աշեկյանը, փոխնախագահ Տանյա Փարեչյանը, քարտուղար-գանձապետ Կլեմենտ Աշեկյանը, գանձապետի օգնական Ռոբերտ Խարանյանը, Գարո Գարիբյանը, Ջեյն Լ Մահակյանը եւ Գայ Սիմոնյանը: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ: «Մեր տունը Ինք» (ԱՄՆ) կազմակերպության տնօրենների խորհուրդը սույնով իր համաձայնությունն է տալիս հետեւյալին. «Իր ստեղծման օրվանից ի վեր մեր նպատակն է եղել եւ շարունակում է մնալ մեր մտադրությունը օժանդակել «Մեր տունը» հ/կ-ին` (Հայաստան) Հայաստանի անապահով ընտանիքների եւ ծնողազուրկ երեխաներին ապահովել փոխանցիկ բնակարաններով եւ կրթական օժանդակությամբ: Նշված ծրագիրն ապահովում է համակարգված ընտանեկան միջավայր իր բնակիչների համար, ինչպես նաեւ կրթություն ստանալու, լեզվական եւ կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ստանալու անզուգական հնարավորությամբ, ինչպես նաեւ` համապատասխան կերպ նրանց ներ է գրավում ինքնուրույն կյանքում: Իր նպատակներով եւ մեր առաքելությամբ, ինչպես նաեւ «Մեր տան» աջակցությամբ եւ վստահությամբ, մենք կարողացանք դրամահավաք կազմակերպել` գնելու մի շենք, ուր կկարողանայինք կացարան տրամադրել երիտասարդներին` Էջմիածնի Զոյա 13 հասցեում: «Մեր տունը Ինք»-ը շարունակ ստացել է բավականաչափ առատաձեռն օգնություններ, այդ թվում` մեկ նվիրատուից մի մեծ, միանվագ օգնություն, որը մեր կողմից նախկինում հավաքագրված գումարների հետ միասին, մեզ հնարավորություն տվեց շտապ օգտվել առիթից եւ գնել կացարանը: Դիմած լինելով եւ համապատասխանելով 501 (գ) (3) հարկային կետին, սակայն Դաշնային կառավարությունից դեռեւս ստացած չլինելով հարկից ազատվելու մեր հարկային թիվը, մեր նվիրատուներից մեկը, անհարմար զգալով հարկից ազատվելու մասին վկայականի ուշացման փաստի առթիվ (հակառակ դաշնային օրենքների 27-ամսյա ժամկետի) խնդրեց, որ մենք քանի որ Էջմիածնում շենքը գնելու բանակցություններ էինք վարում, խնդրենք Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովնան Դերդերյանին, թե արդյո՞ք հնարավոր է, որպեսզի մենք թեմը որպես միջոց օգտագործենք դրամը «Մեր տուն Ինքից» «Մեր տուն» հ/կ փոխանցելու համար: Այդ բանից հետո 100.000 ԱՄՆ դոլար գումարը «Մեր տուն ինքից» փոխանցվեց «Մեր տուն» հ/կ նախագահ Տիգրանուհի Կարապետյանին` Էջմիածին, Զոյա 13 հասցեում գտնվող տուն գնելու միակ նպատակով` այն օգտագործելու «Մեր տունը» հ/կ-ի եւ իր վարչությունների կողմից` ինչպես որ հավանություն էր տվել ԱՄՆ խորհուրդը: Գնումը կատարելուց հետո «Մեր տունը Ինքի» կողմից շարունակվել է դրամահավաքը շենքի ընթացող վերանորոգման աշխատանքների, հարկերի, վճարված կրթական եւ խորհրդատվական ծախսերի համար: Բացի «Մեր տունը Ինքից» Արեւմտյան թեմի կամ ուրիշ այլ կազմակերպության անունով ոչ մի գումար չի հավաքագրվել: Ի սկզբանե մենք հավատարիմ ենք մնացել 501 (գ) (3) կետին եւ եղել ենք անկախ բոլոր այլ կազմակերպություններից: Որպես «Մեր տունը» կազմակերպության ղեկավարություն, մենք ֆինանսական պարտավորություններ ունենք մեր նվիրատուների առջեւ` կապված ծրագրերի նպատակների հետ, այն մասին, թե ինչպես ենք գործում եւ օրինական ճանապարհով սույն նպատակներին հասնելու համար: Փաստերի ուսումնասիրությունից հետո մենք կարծում ենք, որ «Մեր տունը» հավանաբար կշահի գործը: ԱՄՆ մեր տնօրինությունը նույնպես, ինչպես որ Հայաստանի հ/կ-ի տնօրինությունը, զգում են, որ նշված կարգի դատական փոխհարաբերություն պահպանելը եւ վարույթ վարելը չեն բխում մեր եկեղեցու շահերից: Չնայած մենք համաձայն ենք, որ վարույթը հաղթողներ չլինեն, այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ մենք պաշտպանում ենք մի այնպիսի գործողություն, որ կարող է հօդս ցնդեցնել մեր մարդասիրական ծրագիրը եւ հեղինակազրկել մեր եկեղեցին: Որպես տնօրինություն՝ մեր նպատակն է եղել պահպանել «սեփականության իրավունքը», քանի դեռ չի լուծարվել մեր կազմակերպությունը, որի դեպքում տերը կդառնար եկեղեցին: Մեր տնօրինությունը միայն ակնկալել է, որ մենք ազատ կլինենք ցանկացած տեսակի դրսի ցուցումներից կամ ղեկավարությունից եւ կշարունակենք գործել անկախ»:
Հ.Գ. Նշենք, որ նախորդ հրապարակման մեջ մեջբերել էինք Տ. Կարապետյանի խոսքերը. «Նա կտրուկ ասաց` բոզանոց եք սարքելու»: Հրապարակումից հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ Տ. Կարապետյանը մեզ խնդրեց տպագրել հետեւյալ տեղեկատվությունը. «Նա բառացիորեն ասել է «անբարոյականների» վայր բառը»: