Հայերի դե՞մ

21/10/2010

Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը կարծում է, որ նախօրեին Օղակաձեւ այգու` «Առագաստ» սրճարանի հարակից հատվածում տեղադրված Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումն ուղղված է հայերի դեմ: Հիշեցնենք, որ հուշարձանի վրա հայտնվել էր ֆաշիստական սվաստիկա եւ «Մահ հրեաներին» գրությունը: «Հայաստանում գործում է ֆաշիստական կազմակերպություն, որը նման վանդալիզմ է իրականացնում: Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պղծումը, իմ կարծիքով, ավելի շուտ ուղղված է հայերի, քան հրեաների դեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Ռ. Վարժապետյանը: Ըստ նրա, այս ամենում իր բաժին մեղքն ունի նաեւ անվտանգության համակարգը, քանի որ մինչեւ օրս հուշարձանի մոտ տեսախցիկներ չեն տեղադրվել: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պղծվում է հուշարձանը: Նախկին վանդալների հետ հրեական կազմակերպության ներկայացուցիչները չեն հանդիպել, հիմա էլ որեւէ կասկած դեռ չունեն, թե ով կարող էր այս անգամ պղծել հուշարձանը: «Ոստիկանությունը արդեն քրեական գործ է հարուցել: Ես կեսգիշերին հուշարձանի մոտ էի, եւ վանդալիզմի հետքերն արդեն վերացված էին»,- ասել է Ռիմա Վարժապետյանը: ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանն էլ փոխանցել է, թե առայժմ վանդալիզմն իրականացնողների մասին իրենց ոչինչ հայտնի չէ. «Գործն ընթացքի մեջ է, դեռ նյութեր ենք նախապատրաստում»: