ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ հայտարարել է, թե իր ղեկավարած` Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում եւս բռնության դեպքեր եղել են: «Ես չեմ ունեցել այդպիսի վայրի ուսուցիչ, ինչպիսին YouTube-ի վերջին տեսանյութինն էր, բայց եղել են բողոքներ, ու փորձել ենք հարթել»,-ասել է նա` հավելելով, որ YouTube-ի տեսանյութի մանկավարժի նմաններին պետք է անմիջապես աշխատանքից հեռացնել: Ըստ նրա` երեխաները ոչ մի մեղավորություն չունեն, քանի որ նրանց համար օրինակ են ծառայում մեծերը: «Եթե պաշտպանում ես աշակերտի արժանապատվությունը եւ նրա հետ համագործակցում ես որպես գործընկեր, ապա ինքը հրաշալի պատասխանում է քո այդ քայլին: Դպրոցում պետք է աշխատեն մանկավարժներ, որոնք առաջին հերթին երեխայի արժանապատվությունն են գնահատում եւ երբեք չեն փորձում նսեմացնել»,- ասել է պատգամավորը` հավելելով, թե բռնության դեպքերը նոր չեն դպրոցում, նախկինում էլ եղել են, եւ եթե հնարավորություն լիներ նման տեսագրություններ առաջ էլ կատարելու եւ ինտերնետում տեղադրելու, ապա մենք ավելի վատ դեպքերի ականատես կլինեինք: