Հորաքույրը գլխին «գո՞րծ է սարքել»

21/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օրերս «168 Ժամի» խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ք/հ) կալանքը կրող Նշան Հարությունյանից:

Վերջինս տեւական ժամանակ է՝ ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն եւ այլ իրավասու մարմիններին իր գործի առնչությամբ անօրինականությունների եւ կոռուպցիայի կոնկրետ դեպքերի մասին նամակներ է ուղարկում, որոնք, սակայն, մնում են անարձագանք: Ն. Հարությունյանը մեզ խնդրեց իր կնոջ միջոցով լսել, ուսումնասիրել իր դեմ հարուցված քրեական գործում եւ դատական ատյանների գործողությունների մեջ տեղ գտած անօրինականություն պարունակող փաստաթղթերը: Երեկ խմբագրություն էին այցելել Ն. Հարությունյանի կինը` Գյուլվարդ Սարգսյանը, եւ որդին, ովքեր մանրամասն ներկայացրին քրեական գործի նախապատմությունը եւ դրանում տեղ գտած մի շարք անօրինական գործողությունների մասին տվյալներ: Նշենք նաեւ, որ գործը ներկայումս գտնվում է Եվրոպական դատարանում, որտեղից Գ. Սարգսյանն օրերս պատասխան նամակ է ստացել, ըստ որի` մոտ ժամանակներս այն անպայման կուսումնասիրվի:

Դաժանաբար սպանել է հորաքրոջը

Արարատի մարզի Արտաշատի Աբովյան փողոցի 93 տան բնակիչ, 3 երեխաների հայր Ն. Հարությունյանը երկու հարազատ հորաքույր ունի` Մարգարիտա եւ Ռոզա Մարտիրոսյանները: Ռոզան չամուսնացած, միայնակ 70-ամյա կին է եղել, ով Արտաշատում որպես սեփականություն՝ ունեցել է մեկ սենյականոց բնակարան եւ մշտապես ապրել է այդ տանը: Մյուս հորաքրոջ` Մարգարիտայի միակ որդին` Արտակ Մանասերյանը, ըստ Գ. Սարգսյանի` Արտաշատում հայտնի է որպես «կազինոների մշտական հաճախորդ»: «Բոլորն էլ գիտեին, որ խաղում է: Նա կազինոներում մեծ փողեր էր կրվում եւ շատ-շատերին պարտքեր ուներ: 2006-ից ամուսնուս 1,5 մլն դրամ պարտք էր, բայց հասկանում էինք, որ չի կարողանում մարել պարտքը եւ առանձնապես չէինք անհանգստացնում: Բանկից էլ շատ փողեր էր վերցրել, եւ տոկոսները խեղդում էին»,- վստահեցնում է Ն. Հարությունյանի կինը: Ըստ նրա` միայն «Արդշինինվեստ» բանկին վարկ 4մլն դրամի պարտք է ունեցել, եւ 2009թ. Ա. Մանասերյանը փորձել է գումարը մարելու համար ճանապարհներ գտնել, մանավանդ, որ մայր գումարից բացի, մեծ տոկոսներ են կուտակված եղել: Վերջինս հորաքրոջը՝ Ռոզային, մի քանի անգամ առաջարկել է տեղափոխվել իրենց տուն, բնակարանը վաճառել եւ իրեն օգնել բանկի գումարը մարելու հարցում. «Ռոզան հրաժարվում էր` ասելով, որ ինքն ամբողջ կյանքում միայնակ է ապրել, չի կարող ուրիշի տանը հանգիստ խղճով ապրել: Նա Արտակին ասում էր` երբ մեռնեմ՝ տունը քոնն է լինելու, իմ մահից հետո ինչ ուզում ես արա: Փոքրուց Արտակին ինքն էր պահել, որովհետեւ երեխա չուներ եւ բնակարանը նրան էր ժառանգելու»: Հասկանալով, որ բնակարանի վաճառքի հետ կապված հորաքրոջը համոզելն անիմաստ է, ըստ Գ. Սարգսյանի` Ա. Մանասերյանը սկսել է սպառնալիքներ տեղալ: Նա մոր հետ բազմիցս գնացել է Ռոզայի բնակարան, եւ սկսել են նրան սպառնալ, ահաբեկել: «Արդեն նրան սկսում էին վախեցնել, ահաբեկել, բայց ոչ մի կերպ Ռոզան չէր համաձայնում: Այդ մասին բոլորս էլ գիտեինք»,- ասում է նա: 2009թ. մայիսի 26-ին մայր ու որդի կրկին գնացել են Ռոզա Մարտիրոսյանի տուն` նորից բնակարանը վաճառելու բանակցություններ վարելու նպատակով: Գ. Սարգսյանն ասում է` «Այնուհետեւ մայրը տանից դուրս է եկել, գնացել է, իսկ Արտակը մնացել է Ռոզայի բնակարանում: Կեսգիշերին Արտակը հորաքրոջը դաժանաբար սպանել է: Խոհանոցում օղու շշով էնքան էր հարվածել, որ գլուխը ջախջախել, արնաքամ էր արել: Սպանել ու հեռացել էր: Տունը խառնել, անկողինը, դարակները, հագուստները թափել, շիլաշփոթ է սարքել` պատրանք ստեղծելով, թե գող է մտել»: Լուսաբացին Ռոզայի հարեւանները նրան հայտնաբերել են սպանված եւ իսկույն ահազանգել են Արտաշատի ոստիկանություն: Սպանության դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, հարեւանները ցուցմունք են տվել, ըստ որի` ականատես են եղել վերջին անգամ մոր ու որդու այցելության փաստին, եւ Ռոզային սպառնալիքների ենթարկելու մասին վկայություններ են տվել: Սեփական անասնագոմում Արտակի արյունոտ հագուստը գտնելուց հետո Ոստիկանությունն արդեն նրան բերման է ենթարկել ոչ թե որպես կասկածյալ, այլ սպանությունը կատարող անձ: Հետեւաբար՝ վերջինս խոստովանել է իր կատարած հանցագործության մասին: «Արտակի ձերբակալության օրը Մարգարիտան զանգեց մեր տուն, թե` որ իմանաք ինչ է եղել, Արտակին բռնեցին տարան, Ռոզային սպանված գտել են ու ասում են՝ Արտակն է արել: Ամուսնուս ասաց` շուտ արի, հասի: Մայիսի 26-ից սկսած` ամուսինս հորաքրոջ` Մարգարիտայի կողքին է եղել: Ամուսինս ի սկզբանե ասում էր` Արտակն իր արածի համար պիտի պատժվի: Ճիշտ է` հորաքրոջ տղան էր այդ արարքն արել, բայց հորաքրոջը խղճում էր ու փորձում էր նրան օգնել: Ամուսինս, ըստ օրենքի` հանդես էր գալիս որպես Ռոզայի իրավահաջորդ, որովհետեւ միայնակ այդ կինն ուրիշ ոչ մեկը չուներ եւ, փաստորեն, հանդես էր գալիս որպես հորաքրոջ տղային մեղադրող կողմ եւ Ռոզայի իրավունքները պաշտպանող: Դա պատճառ դարձավ, որ Մարգարիտան ամուսնուս գլխին «սարքի»,- ասում է Գ. Սարգսյանը` վստահեցնելով, որ Մարգարիտան ամուսնուն` Նշանին, խնդրել է իրեն օգնել եւ իրենց ջերմոցը շտապ վաճառել: Այնուհետեւ Նշանին համոզել է՝ որպես իրավահաջորդ Արտակին դեմ դուրս չգալ, ինչի դեպքում դատարանը սպանությունը կատարողին ավելի մեղմ կմոտենա: Մինչ տղայի գործը դատարանում քննվելը, նա փորձել է իր ունեցվածքից որոշ բաներ վաճառելով՝ բանկի պարտքը մարել: Ինչեւէ, Նշանը հորաքրոջ խնդրանքով ջերմոցի համար գնորդ է գտել, այն վաճառել են, բանկից գրավ դրած ոսկին ետ են վերցրել, որը Արտակի կնոջ անունով է գրավ դրված եղել: Մի խոսքով` ունեցվածքից ինչ-որ բաներ վաճառելով՝ Մարգարիտան կարողացել է որդու պարտքերը մարել:

Վրեժխնդիր է լինում

2009թ. դեկտեմբեր ամսին Արտակ Մանասերյանը սպանության հոդվածով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման. «Մարգարիտան չհամակերպվեց այն հանգամանքի հետ, որ ամուսինս դատարաններում հանդես եկավ որպես Ռոզայի իրավահաջորդ: Ասում էր՝ եթե Նշանը հրաժարվեր որպես իրավահաջորդ հանդես գալուց, չպաշտպաներ հորաքրոջ իրավունքը` Ռոզան կհամարվեր անտեր կին եւ Արտակին ավելի մեղմ կդատեին: Բայց Արտակին Ռոզան ավելի շատ էր պահել, քան Մարգարիտան, իսկ նա հավի ճտի նման նրան սպանել էր, եւ ամուսինս չէր կարող իր բողոքը չարտահայտել: Ասում էր` հորաքրոջս սպանել է, պիտի իր արարքի համար պատասխան տա: Արտակին դատելուց առաջ ամուսինս Մարգարիտայի կողքին է եղել ու օգնել է ջերմոցի վաճառքի, պարտքերը մարելու հարցում, բայց երբ 12 տարվա ազատազրկման դատապարտեցին, եւ ամուսինս չհրաժարվեց օրենքով իրավահաջորդ հանդես գալուց, նա սկսեց վրեժխնդիր լինելու համար ամուսնուս շանտաժի ենթարկել: Ինքը հետագայում Վերաքննիչ դատարանում կաշառք բաժանելով՝ 4 տարի կալանքից գցեց: Ասում է` մի մեշոկ փող եմ տվել, որ չորս տարի թափեն»: Ինչեւէ, Գ. Սարգսյանն ասում է, որ Մարգարիտան Նշանից վրեժ լուծելու համար սկսել է միջոցներ ձեռնարկել` նրա գլխին «գործ սարքելու» ուղղությամբ: Գ. Սարգսյանի ասելով` «Մարգարիտան Արտաշատում համարվում է «հարց լուծող» ու տեղի հեղինակությունների հետ կապեր ունեցող կին»: Ավելին, ըստ նրա` Սովետական տարիներին որպես հաշվապահ աշխատել է «Շինտրեստ» գործարանում եւ այդ տարիներին կարողացել է մանկապարտեզի շենքը վաճառելու միջոցով այդ փողերին տիրանալ: «Երբ այդ գործով քրգործ է հարուցվել, իր հանցակից տնտեսվարին համոզել է, թե` վերցրու քո վրա, հետո ես քեզ ազատել կտամ: Մինչդեռ այդ հանցանքի հեղինակն ինքն է, փաստաթղթերի կեղծիքն իր ձեռքով է արվել: Ասել է` եթե ես նստեմ, մեկ ա, դու էլ ես նստելու, բայց դու չես կարա մեզ ազատես, իսկ եթե քո վրա վերցնես` ես ազատության մեջ լինելով` քեզ կազատեմ: Էդ կնոջը 12 տարով դատեցին, ընտանիքը քայքայվեց, իսկ ինքը չոր դուրս եկավ: Ինքը նման խարդախությունների վարպետ է»,- ասում է Ն. Հարությունյանի կինը: Այնուամենայնիվ, Նշանից վրեժ լուծելու համար, ըստ Գ. Սարգսյանի` Մարգարիտան դիմել է տեղի հեղինակություններին. «Սկսեցին ամեն օր ամուսնուս անհանգստացնել: Գիշերով ինչ-որ մարդիկ, գողականներ էին գալիս: Կանչում էին դուրս, ասում էին` դու Մարգոյին 20.000 դոլար պարտք ես, պիտի փակվես: Նա լուրեր էր տարածել, թե Նշանը ջերմոցս վաճառել է ու փողերը չի տվել: Բայց Նշանը անգամ դատարանում ներկայացրել է Արտակի պարտքերը մարելու համար ծախսած գումարների կտրոնները: Դրանք մինչեւ հիմա էլ կան, բայց փաստաբանի միջնորդությունը` կտրոնները քննության առնելու վերաբերյալ, որպես կանոն, մերժվել են: Ամուսինս այդ գողականներին բացատրում էր, որ Մարգարիտայի խնդրանքով ինքն օգնել է այդ հարցերում եւ ողջ գումարը ծախսել է Արտակի պարտքերը փակելու համար, ինչի ապացույցը կա` կտրոնները: Նա նաեւ վերցրել էր մեր պարտքը` 700.000 դրամը, ես նշեցի, որ Արտակը մեզ էլ էր պարտք: Ամուսինս Մարգոյին ասել էր, որ մենք էլ վատ վիճակում ենք, մեզ էլ է փող պետք եւ, քանի որ էսքան բան ես վաճառել, իմ պարտքն էլ փակի»: Գ. Սարգսյանի ասելով` այդ գումարն իրենց անհրաժեշտ էր, քանի որ 2-րդ կարգի հաշմանդամ, էպիլեպսիայով հիվանդ որդի ունի, իսկ մյուս որդին էլ ծառայում է Ղարաբաղում: Նրա խոսքով` ամուսինը` հասկանալով, որ Մարգարիտան «գողականների» միջոցով փորձում է վեճ հրահրել եւ, խուսափելով որդիներին հնարավոր կռվի մեջ ներքաշելուց, ստիպված դիմել է Արտաշատի ոստիկանության քննչական բաժին` տեղեկացնելով, որ անհիմն կերպով իրեն անհանգստացնում են: Այնուհետեւ անհասկանալի պատճառներով գործը տեղափոխվել է Մասիսի ոստիկանություն եւ տեղում կատարված քննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել Ն. Հարությունյանի դեմ: «Ամուսինս ահազանգել է Արտաշատի բաժին, բայց ոչ ոք չգիտի, թե ինչու է գործը հայտնվել Մասիսի բաժնում: Մի քանի անգամ ամուսնուս կանչել են հարցաքննության ու դրանից հետո նրան ձերբակալել են: Որեւէ մեկը քննության մասին բան չի իմացել: Մասիսի բաժնի ավագ քննիչ Սամվել Անդրեասյանին, որը շատ լավ հարաբերությունների մեջ է Մարգարիտայի հետ, ամուսինս ասել է, որ անմեղ է, ոչ մի գումար չի հափշտակել, ու մինչեւ հիմա էլ ասում է: Դատարանում պնդել է իր անմեղությունը մինչեւ վերջ»,- ասում է Գ. Սարգսյանը` ներկայացնելով ամուսնու կողմից բանկերին վճարած գումարների կտրոնները: Համաձայն 2009թ. հուլիս ամսին Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Հ. Հակոբյանի ստորագրությամբ կազմված մեղադրական եզրակացության` Ն. Հարությունյանը մեղադրվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 4 մլն 520.000 դրամ գումար հափշտակելու մեջ: Ավագ քննիչ Մ. Անդրեասյանը մեղադրական եզրակացության մեջ նշել է. «Ն. Հարությունյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ Մարգարիտա Մկրտչի Մարտիրոսյանից առանձնապես խոշոր չափերի 4.520.000 դրամ ընդհանուր արժեքով գույք հափշտակելով, կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»: ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ն. Հարությունյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Գործի դատավարության մանրամասները, ինչպես Մարգարիտա Մարտիրոսյանի կողմից՝ դատավորներին (որտեղ դատավորների կոնկրետ անուններ են հնչում) կաշառք տալու հետ կապված, նաեւ Գ. Սարգսյանի մեղադրանքները կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում: