Շենգավիթի տարածքային հարկային տեսչությունը խստացրել է հսկողությունը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալողների նկատմամբ: Արդյունքում, օրերս կատարած ստուգայցի ժամանակ, հարկային տեսչության աշխատակիցները Արարատյան 9 շենքի հարեւանությամբ հայտնաբերել են ապօրինի գործող ավտոկայանատեղի, որը գործել է միայն գիշերային ժամերին: Ըստ ՊԵԿ մամուլի ծառայության` ստուգման արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Վաչագան Տոնիկյանը նշված հասցեում ավտոկայանատեղիի գործունեություն է կազմակերպել` չունենալով պետական գրանցում ու հայտարարություն իր ներկայացրած ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ: Նաեւ պարզվել է, որ Վ. Տոնիկյանը գործունեությունը սկսել էր այս տարվա հոկտեմբերի սկզբից եւ ապօրինի կայանատեղիի միջոցով օրական սպասարկել քսան եւ ավելի ավտոմեքենաների` յուրաքանչյուրից գանձելով 300-ական դրամ: Գործի վերաբերյալ կազմվել է ստուգման ակտ եւ նշանակվել տուգանք:
Օրերս կատարած ստուգայցի ընթացքում Շենգավիթի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները բացահայտել են եւս մեկ ավտոկանգառի ապօրինի կազմակերպման գործունեություն: Այն իրականացրել էր քաղաքացի Ա. Ոսկանյանը: Ապօրինի գործունեության կազմակերպման դեպքեր են հայտնաբերել նաեւ Էրեբունու հարկային տեսչության եւ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները: Ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Էրեբունի համայնքում հայտնաբերվել է պատուհանների եւ դռների պատրաստման ապօրինի արտադրամաս: Արտադրամասն առանց պետական գրանցման գործել է այս տարվա հուլիսից: Ապօրինի գործունեություն իրականացրած Նորայր Սարուխանյանի գործունեությունը կասեցվել է, կազմվել է համապատասխան ակտ եւ վարչական վարույթ: