2009թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը Կանանց իրավունքների կենտրոնի Ազգային թեժ գծի հեռախոսահամարը ստացել է 1323 զանգ, որոնցից 730-ը եղել է՝ առաջին, իսկ 593-ը՝ կրկնվող զանգեր: 1323 զանգերից 443-ը եղել են ընտանեկան բռնության դեպքերի կապակցությամբ, որոնցից 266-ը` հոգեբանական, 167-ը՝ ֆիզիկական եւ 10 սեռական բռնության դեպքեր: «Ընտանեկան բռնությունը շատ մեծ խնդիր է բոլոր երկրներում, կապ չունի` դեմոկրատական, հարուստ, զարգացած, թե ոչ: Այսօր ընտանեկան բռնության խնդիրը սուր է դրված նաեւ Եվրոպայում, որը դեմոկրատական է, ԱՄՆ-ում, որը հարուստ է»,- հայտարարել է Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը: «Եթե ես չաշխատեի այս ոլորտում, երբեք չէի իմանա, թե ինչ է կատարվում: Ահավոր բաներ են կատարվում նաեւ մարզերում՝ էլ ծեծում են կանանց, էլ կախում: Դաժան դեպքեր շատ են կատարվում: Դեպքեր կան, որ ամուսինը զանգում-ասում է. ժամը 7-ին եկա տուն` իզութոզդ չի մնա: Կամ էլ` էնքան են ծեծում կանանց, որ էլ չեն դիմանում»,- երեկ ասուլիսում ասել է Ս. Վարդանյանը: Նրա խոսքով, ՀՀ-ում կանանց համար մեկ ապաստարան է գործում, սակայն այնտեղ գալիս են այնպիսի կանայք, որոնք այլեւս ծայրահեղ վիճակում են: Կանանց բռնությունները նվազեցնելու համար հարկավոր է ունենալ առանձին օրենք` «Ընտանեկան բռնության մասին», պետք է լինեն պատրաստված մասնագետներ, որոնք կայցելեն խնդիրներ ունեցող ընտանիքներին, կաշխատեն նրանց հետ, ինչպես նաեւ բռնությունների ենթարկված կանանց համար պետք է ստեղծել սոցիալական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներ:
Ի դեպ, Ս. Վարդանյանը նաեւ տեղեկացրել է, որ ամերիկահայ, Դենվեր քաղաքի բնակիչ Սիմոն Մագաքյանը, ով 7 տարի առաջ է հեռացել ՀՀ-ից, ստորագրահավաք է նախաձեռնել, Մասիսում 20-ամյա հարսին դաժանաբար ծեծելով սպանած ամուսնու եւ սկեսուրի դեմ: Ստորագրահավաքին արդեն մասնակցել է մոտ 3000 մարդ: Ստորագրությունները Մագաքյանն ուղարկելու է ՀՀ վարչապետին:
Հիշեցնենք, որ Մասիսում 20-ամյա հարսին դաժանաբար ծեծելով սպանել են նրա ամուսինն ու սկեսուրը: Մահացած աղջիկն ունեցել է 1 տարեկան երեխա, բազմաթիվ անգամ սկեսուրի եւ ամուսնու կողմից ենթարկվել է ծեծի, անգամ Ոստիկանությունը երկու անգամ ամուսնուն կանչել եւ նրանից ստորագրություն վերցնելով՝ բաց է թողել: «Չնայած Ոստիկանությունը որպես անհաշտ ընտանիք նրանց պետք է հաշվառման վերցներ: Հստակ տեղեկություններ չունեմ` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, բայց, ըստ երեւույթին, նման բան չի արվել, հակառակ դեպքում այս դեպքը կկանխվեր»,- ասել է Ս. Վարդանյանը: Նա տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է այն վարկածը, թե աղջկան ոչ թե գլորել են աստիճաններից, ինչի հետեւանքով նա մահացել է, այլ նա ինքն է գլխապտույտ ունեցել, ընկել աստիճաններից ու արյան զեղումից մահացել: