Օրերս «168 Ժամը» մի գրություն ստացավ, որով Երեւանի թիվ 137 նախադպրոցական ուսումնական հաստատության կոլեկտիվը շնորհակալություն էր հայտնում ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկնոջը` Հայաստանում օտար դիվանագետների կանանց «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանին` մանկապարտեզում իրականացված ծրագրերի կապակցությամբ:
«Երեւանի թիվ 137 նախադպրոցական ուսումնական հաստատության կոլեկտիվը, ծնողական համայնքը՝ ի դեմս տնօրեն Մելանյա Աբրահամյանի, իր խորին երախտագիտությունն է հայտնում «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի նախագահ հարգարժան տիկին Նատալյա Նալբանդյանին իր ջերմ մարդկային, հոգատար վերաբերմունքի եւ մանկապարտեզում իրականացրած բարեգործական աշխատանքների համար: Տիկին Նալբանդյան, եղեք առողջ եւ երջանիկ` երջանկություն պարգեւելով կարիքավորներին»,- գրված էր նամակում: Հիշեցնենք, որ «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի նախաձեռնությամբ դեկտեմբերին բարեգործական տոնավաճառ էր կազմակերպվել Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք: Տոնավաճառին առանձին տաղավարներով մասնակցում էին տարբեր կազմակերպություններ, այդ թվում` Երեւանում հավատարմագրված 17 դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնք ներկայացրել էին իրենց երկրներից հուշանվերներ, ազգային ուտեստներ: Իսկ հայաստանյան ընկերությունները ներկայացրել էին իրենց արտադրանքը: Տոնավաճառից ստացված ողջ հասույթը նախատեսված էր երեւանյան որոշ մանկապարտեզներում ջեռուցման համակարգերի տեղադրման համար: Այս պարզ գրությունը, որքան էլ մարդկայնորեն հուզիչ, այնուամենայնիվ, փոքր-ինչ շինծու թվաց, եւ փորձեցինք գնալ նամակի հետքերով` առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Հատկապես, որ ժամանակին այդ միջոցառումը նաեւ մենք էինք լուսաբանել: Նկատենք նաեւ, որ մեր օրերում հաճախ են տեղեկություններ տարածվում ինչ-ինչ բարեգործական նպատակներով ձեռնարկների ու միջոցառումների մասին, որոնց հետագա ընթացքը հիմնականում այդպես էլ գաղտնիք է մնում: Սկզբում կապվեցինք ՀՀ-ում օտար դիվանագետների կանանց «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի նախագահ, ԱԳ նախարարի տիկին Նատալյա Նալբանդյանի հետ: Նա մեր հեռախոսազանգն ընդունեց շատ բարեհամբույր կերպով եւ համառոտ պատմեց, որ ասոցիացիայի առաջնային առաքելությունն է` դյուրացնել արտասահմանցի դիվանագետ ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք, մոտիկից ծանոթացնել երկրին, հայ ժողովրդի մշակույթին ու լեզվին, հետաքրքիր եւ հաճելի դարձնել նրանց կեցությունը Հայաստանում: Պարզվեց, որ այդ նպատակով դիվանագետների ընտանիքների համար ԱԳՆ-ում անց են կացվում հայոց լեզվի դասընթացներ, կազմակերպվում են հանդիպումներ, էքսկուրսիաներ, համերգներ եւ այլ միջոցառումներ, այդ թվում` այցելություններ ՀՀ մշակութային, պետական հաստատություններ եւ տնտեսական ձեռնարկություններ` Ազգային ժողով, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երվանդ Քոչարի ցուցահանդես, Գորգերի գործարան, Կոնյակի գործարան, Գրանդ Քենդի հրուշակեղենի ֆաբրիկա եւ այլն: Կազմակերպվել են նաեւ մի քանի բարեգործական ակցիաներ` ի նպաստ մի քանի մանկապարտեզների, ինչպես նաեւ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար նախատեսված դպրոցների: Բարեգործական այս տոնավաճառ-նախագծի մասին մանրամասներ, սակայն, տիկին Նալբանդյանը չցանկացավ տալ. «Գիտեք, երբ բարեգործությամբ զբաղվողը թմբկահարում է իր արածը, դա, մի տեսակ, դադարում է բարեգործություն լինելուց: Մենք պարզապես փորձել ենք մեր ուժերի սահմաններում օգտակար լինել երեխաներին»: Լրագրողական մեր պնդումներին ի պատասխան, այնուամենայնիվ, նա առաջարկեց կապվել իր օգնական Նարինե Թորոսյանի հետ, որն էլ հետագայում որոշ մանրամասներ հաղորդեց: Եվ այսպես, «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիան, ինչպես արդեն նշեցինք, Երեւանի քաղաքապետարանի սրահում կազմակերպել էր Ամանորյա այդ տոնավաճառը, որին, բացի ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններից եւ միջազգային կազմակերպություններից, մասնակցել էին նաեւ հայաստանյան չորս տասնյակից ավելի ձեռնարկություններ: Միջոցառումն ուներ երկակի ուղղվածություն` տնտեսական եւ բարեգործական. մի կողմից` օտարերկրյա ներկայացուցիչներին մոտիկից ծանոթացնել հայաստանյան ձեռնարկություններին ու նրանց արտադրանքին, մյուս կողմից` ստացված հասույթը տրամադրել Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացրած որեւէ ծրագրի, եւ` կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի առաջարկով, ընտրությունը կանգ էր առել Շենգավիթի երեք մանկապարտեզների բարեկարգման վրա: Այդ աշխատանքներին, Նատալյա Նալբանդյանի խնդրանքով, ներգրավվել էր նաեւ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը: Այցելեցինք մյուս երկու մանկապարտեզներ` համոզվելու համար, թե որքանով են ծրագրերն իրականացված: «Խնդրում եմ մեր անունից էլ հայտնեք, որ Երեւանի թիվ 139 (195) ՆՈՒՀ-ի ողջ կոլեկտիվը եւ տնօրեն Հեղինե Հակոբյանը խորին շնորհակալություն են հայտնում տիկին Նատալյա Նալբանդյանին իր բարի, կամեցող, հոգատար եւ սկզբունքային գործելաոճի համար: Նա իր մարդասիրական սկզբունքով վեր հանեց մեր վարչական շրջանի մի քանի մանկապարտեզների շենքային պայմանների ծանր վիճակը, որն էապես բարելավվեց վերանորոգման աշխատանքների արդյունքում»,- ասաց մանկապարտեզներից մեկի տնօրենը: Իսկ թիվ 128 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն Լ. Բաղդասարյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշեց. «Առավել մեծ է ծնողների երախտագիտությունը, ովքեր բարեկարգ պայմանների ապահովումից հետո ավելի անհոգ են բերում իրենց փոքրիկներին մեր կրթօջախ»: Ահա այսպիսի մի պատմություն: Մի բարեգործության պատմություն, որի մանրամասները կանցնեն-կգնան, սակայն կմնա մանկապարտեզների աշխատողների, ծնողների եւ հատկապես երեխաների ուրախությունը, որը ամենակարեւորն է: Ի դեպ, Ն. Նալբանդյանի օգնականը մեզ նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա դեկտեմբերին ծրագրվում է բարեգործական ուղղվածությամբ, դարձյալ մանուկների համար Ամանորյա տոնավաճառ անցկացնել:
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ