Նյու Յորքում ապրող արվեստի պատմաբան, կուրատոր Մարգարիտա Տուպիցինան ամռանը Հայաստան էր այցելել` Իջեւանում անցկացվող համայնքային արվեստի փառատոնին մասնակցելու համար: Մ. Տուպիցինան աշխարհում մեծ արձագանք ստացած մի քանի նախագծեր է արել` աշխարհին ներկայացնելով ռուսական ավանգարդը: Իջեւանյան հանդիպումները, որոնք կազմակերպվել էին Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի ուժերով, նպատակ ունեին հետազոտել արվեստի միջոցով ստեղծվող կոմունիկացիաները: Եվ Մ. Տուպիցինայի հետ զրույցում մենք շարունակեցինք այդ թեման: Մոսկվայում ծնված ու խորհրդային համակարգի գործելաոճին ծանոթ Մ. Տուպիցինան փայլուն կրթություն է ստացել Նյու Յորքում (ուսանելով հայտնի արվեստաբան Ռոզալին Կրաուսի մոտ) եւ, որպես արվեստի տեսաբան, հաճախ է զուգահեռներ անցկացնում անցյալի ու ներկայի միջեւ: Նրա համոզմամբ` արվեստի համար առաջնայինը «պարտիզանական շարժումներն» են, որոնք արվեստը դուրս են հանում կոմունալ բնակարանների հարթությունից:
– Իջեւանում նոր պատկերասրահի շենք է վերակառուցվել, որի նմանը Երեւանը չունի: Կարելի՞ է ակնկալել, որ այլեւս ոչ թե մայրաքաղաքը, այլ` արվարձանն է դառնում արվեստի կենտրոններից մեկը:
– Իհարկե, արվեստը մայրաքաղաքներից է սկսվում, Մոսկվան, Թիֆլիսը, Փարիզը ու վերջիվերջո` Նյու Յորքը միշտ եղել են այն կենտրոնները, որտեղ խմորվել են նոր գաղափարներն ու հետագայում` մոդա թելադրող ուղղությունների են վերածվել: Բայց Երեւանը բնավ էլ այդ կենտրոնի մթնոլորտը չունի, դուք նույնիսկ արվեստի ցուցադրման համար պիտանի, նորմալ տարածքներ չունեք: Այդ դեպքում ինչո՞ւ չսկսել ծայրամասերից: Իջեւանը շատ հարմար վայր է, քանի որ այստեղ որպես պատկերասրահ գործող ֆանտաստիկ տարածք կա: Եվ եթե այս պատկերասրահում 2 ամիսը մեկ լավ ցուցադրություններ կազմակերպվեն, նկարիչներն ու այցելուները իրար հետ հանդիպելու ու զրուցելու հնարավորություն կստանան, ինչը կօգնի լոկալ տարածքի ակտիվացմանը: Լավ օրինակ կարող եմ բերել. երբ Գերմանիայի մայրաքաղաքը դադարեց կենտրոն լինել, փոքր քաղաքներում արվեստի համար զարմանալի ազատ մթնոլորտ սկսեց ձեւավորվել, ստեղծվեցին տարածքներ, որտեղ պարբերաբար շատ սուր արվեստ էր ցուցադրվում: Մայրաքաղաքներում շատ ուժեղ վերահսկում է լինում, իսկ գավառների ղեկավարները, որպես կանոն, արվեստով շատ չեն հետաքրքրվում ու չեն էլ խառնվում արվեստագետների գործերի մեջ, ասելով` արեք` ինչ ուզում եք: Իջեւանում հիանալի արվեստի տարածք են բացել, բայց այդ տարածքի հետ աշխատող մարդիկ են բացակայում: Պարզապես շատ տխուր կլինի, եթե այդ տարածքն անշունչ մնա: Մեծ քաղաքներում ապրող նկարիչներն անընդհատ իրար հետ խաչվում են, սեփական ամբիցիաներն են ցուցադրում, ինչը անպտուղ է դարձնում նրանց արվեստը:
– Երեւանում նկարիչները ընդգծված բարյացակամ են, ոչ ոք եւ ոչ մեկի մասին վատ բան չի ասում: Դա հետխորհրդային կիսաքնած մթնոլորտն է հիշեցնում:
– Եթե մարդիկ վախենում են վիճել, ուրեմն նրանք ոչինչ չեն կարող ստեղծել: Կարելի է բոլորի համար թշնամի լինել, բայց շշմելու գործեր անել: Սովետական բարեկամությունը իրականում շատ է խանգարում արվեստի մարդկանց: Երբ բոլոր ղեկավարների հետ հարթ հարաբերություններ ես ունենում, քեզ ավելի շատ են հրավիրում տարբեր միջոցառումների, սակայն` ոչ ավելին: Շարան-շարան իրար ետեւից անցկացվող ֆորմալ սեմինարները աբսուրդ իրավիճակ են ստեղծում եւ միայն ընդգծում են անճարությունը, հաստատված ձեւաչափին սոսնձված լինելն ու, վերջիվերջո, կոմունալ բնակարանի տպավորություն են թողնում: Կոմունալ բնակարանի պատկերը իզուր չեմ հիշատակում, քանի որ, երբ մարդկանց համար անհրաժեշտ դիստանցիան վերանում է, նրանց ավելի հեշտ են կառավարում, դրդում են միայն հաճելի խոսքեր ասել: Ես համոզված եմ, որ ավելի լավ է սրճարանում նստել ու խոսել, քան անիմաստ սեմինարներ կազմակերպել:
– Հավերժական հարց է` ի՞նչ է արվեստը:
– Այդ հարցը պետք է մահանա, քանի որ այսօր ամեն ինչն էլ կարող է արվեստ լինել: Ժամանակին, երբ հայտնվեցին առաջին աբստրակտ նկարները, մարդիկ ասում էին` սա ինչ «քաք» է, ես էլ կարող եմ այսպես նկարել: Այո, կարող ես, բայց քո նկարները թանգարաններում չեն հայտնվի: Այն գործերը, որոնք թանգարաններ են մտնում, արդեն արվեստի տեսանկյունից քննարկվելու ու ուսումնասիրվելու շանս են ստանում: Արվեստի որոնումները շատ նման են հնէաբանների աշխատանքներին: Լավ «աչք» ունեցող մարդիկ ամենուր կարող են արվեստ գտնել, եւ հետո նրանց «գտածոները» տասնամյակներ անց որոշիչ դեր են ստանում: Այդ հարցում շատ կարեւոր է ինֆորմացված լինելը, քանի որ կրթական գործոնը ճիշտ կատարված «պեղումների» երաշխիքն է: Լավ արվեստը անպայման դիսկուրս է առաջ քաշում, եւ այդ արվեստի մասին կարելի է լավ ուսումնասիրություն գրել: Իսկ եթե չես կարողանում արվեստի մասին գրել, ուրեմն դրան չարժե անդրադառնալ: Ի՞նչ կարող ես, օրինակ, գրել գյուղում վրձին թափահարող տղայի կամ գուլպա գործող տատիկի մասին: Այո, նրանք ստեղծագործում են, բայց նրանց ստեղծածը դիսկուրս չի առաջացնում: Հավատացնում եմ, որ եթե ահա այս սրճարան, որտեղ նստած-զրուցում ենք, հանկարծ գար Զուրաբ Ծերեթելին, ես պարզապես սրճարանից դուրս կգայի: Նա մարմնավորում է ամենասարսափելի բանը արվեստում` «կիչը»:
– Երեւանի Գեղարվեստի ակադեմիայում, նաեւ այլ արվեստի բուհերում դասավանդվող արվեստի պատմությունը ավարտվում է 1960-70 թվականներով, կարծես դրանից հետո արվեստը կանգ է առնում:
– Ռուսաստանում էլ է նույնը, արդի արվեստը չի վավերացվում, արվեստի պատմությունը չի գրվում: Մոսկվայում (համոզված եմ` նաեւ ձեզ մոտ) շատ ժամանակ է վատնվել ու, վերջիվերջո, կարգին չի բնութագրվել 20-րդ դարավերջի ու 21-րդ դարի արվեստը: «Հին» արվեստը մարդիկ շատ լավ են հասկանում (Ռաֆայելը մնում է Ռաֆայել), Պիկասոյին կարող են հասկանալ նրանք, ովքեր կրթված են: Մարդկանց պետք է կրթել, սովորեցնել ընկալել նոր արվեստը: Իսկ երբ դա տեղի չի ունենում, դիտորդների մոտ ներքին բողոք է սկսվում: Եվ պատահական չէ, որ բողոքը շատ հաճախ սկսվում է կրոնական կազմակերպություններից, քանի որ նրանց կարծիքով՝ արդի արվեստը վայրի ուժ է պարունակում ու անկառավարելի է: Մինչդեռ այդ ամենը մոլորություն է: Վեճերն արվեստի մասին անվերջ են, սակայն այդ վեճի մեջ ներգրավվելու համար պետք է ծանոթ լինել բոլոր նյութերին: Չէ՞ որ եթե զրույցին կեսից ես մասնակցում, կորցնում ես խոսակցության թելն ու այլեւս ոչինչ չես հասկանում: Արվեստը շղթա է, անվերջ գործողություն: Նաեւ լեզու է: Եթե, օրինակ, դուք չիմանաք այդ լեզուն, մենք չենք կարող խոսել իրար հետ: Լեզուն սովորել է պետք: Երբ դա տեղի չի ունենում, մարդիկ սկսում են քմծիծաղով`«վերեւից» նայել արդի արվեստին ոչ թե` որովհետեւ ավելի խելացի են, այլ` որովհետեւ ավելի անտեղյակ են: Գիտե՞ք, թե ինչու են թանգարաններ այցելող մարդկանց մեծ մասը կազմում ամերիկացիները: Որովհետեւ ԱՄՆ-ում ամենակարեւոր օղակը Կրթության դեպարտամենտն է: Մարդկանց սովորեցնում են թանգարաններ գնալ, նայել ու ուսումնասիրել: Եվ մինչ ցուցահանդես այցելելը` նաեւ համապատասխան գրքեր կարդալ: Ամերիկան այն երկրներից է, որտեղ անընդհատ շարժում կա, էներգիա է ակումուլյացվում: Մանավանդ Նյու Յորքում, որտեղ արվեստագետները չեն վախենում ռադիկալ լինել: Եթե Հայաստանում ներկայացնող, բացատրող ու նաեւ` դիտորդի աչքը կոփող արվեստի դասընթացներ լինեն, ապա արվեստն իրեն «հարմարավետ» կզգա: Բավական է սկսել սլայդերի ցուցադրումից ու դասագրքերի ֆորմատ ունեցող նյութերի պատրաստումից: Եվ հարկ չկա սեփական մեկնաբանությունը տալ, բավական է նույնիսկ պարզապես ներկայացնել այն, ինչը ստեղծված է: Կարծում եմ, այսօրվա Ռուսաստանի գլխավոր խնդիրն այն է, որ հեղափոխություն տեղի չունեցավ: Եղավ «պերեստրոյկա», սակայն ոչ մի ռադիկալ փոփոխություն չարվեց, եւ սովետական գիտակցությամբ ղեկավարները կրկին ղեկավար պաշտոններում մնացին:
– Նույնը Հայաստանում է:
– Բոլոր սովետական մարդկանց պետք էր ազատել աշխատանքից, առավելեւս՝ մշակութային հիմնարկների տնօրենների պաշտոններից: Թանգարանը չի կարող ղեկավարել այն մարդը, ով սովետական նոմենկլատուրային աշխատող է եղել: Չի կարող, եւ վերջ:
– Ռադիկալ քայլ եք առաջարկում:
– Այլ կերպ չի լինի: Գիտեք, կարելի է դեմոկրատիա «խաղալ» ու երկյուղով մոտենալ կտրուկ փոփոխություններին: Սակայն իրականում պսեւդոդեմոկրատիան շատ մեծ վնաս է հասցնում: Ցանկացած տարածք պետք է իր դիկտատորն ունենա, այլապես` բոլոր նախաձեռնությունները տապալվելու են: Իհարկե, նախաձեռնողները պետք է պրոգրեսիվ, տաղանդավոր, ճաշակի եւ ինտելեկտի պաշարի տեր մարդիկ լինեն, որոնք կարող են իրենց կամքը թելադրել մյուսներին: Իսկ Հայաստանում, որքան նկատեցի, բոլորը ջանում են հարգալից վերաբերմունք ցույց տալ ու մեծ իմաստով` ոչինչ չեն անում: Այդ պայմաններում բանավեճ, դիսկուրս ու պայքար չի կարող ծագել: Եթե ես ձեզ հետ վիճում եմ, դա չի նշանակում, որ ես ձեզ չեմ սիրում:
– Արվեստի ցուցադրություններն այսօր անհնար է առանց կուրատորական հայացքի պատկերացնել: Կուրատորը նույնիսկ ավելի կարեւոր է, քան ստեղծագործողը: Այդպե՞ս է:
– Սեզանն ասում էր, որ 10 տարին մեկ պետք է նկարիչներին գնդակահարել, որպեսզի մնացածները սթափվեն: Կարող եմ ավելացնել, որ նույնը պետք է անել նաեւ կուրատորների հետ, քանի որ չափազանց մեծ քանակի բյուրոկրատներ են զբաղվում արվեստով: Կուրատորի գիտակցությունը լիովին փոխվում է, երբ նա ստիպված է լինում իր նախագծերի համար գումար որոնել: Նա սկսում է թղթաբանության ետեւից ընկնել ու ավելի քիչ ժամանակ է հատկացնում արվեստին: Բյուրոկրատ-կուրատորները փչացնում են արվեստի դաշտը: Իսկ լավ կուրատորին հանդիպելով` նկարիչը միայն շահում է, մանավանդ այն դեպքում, երբ նրա անհատական ցուցահանդեսն է կազմակերպվում: Առաջնայինը կոնցեպտն է, եթե կուրատորը ունակ չէ իր սեփական գաղափարը լիարժեք հոդվածի տեսքով ներկայացնել, ապա նա չի էլ կարողանա նկարիչներին ճիշտ ներկայացնել: Շատ հաճախ, երբ կուրատորական աշխատանք եմ անում, առաջին հերթին նոր դիսկուրսի համար դաշտ բացել եմ ձգտում: Կարելի է վաղուց արդեն բոլորին ծանոթ նկարչին այնպես ներկայացնել, որ դիտորդները պարզապես սիրահարվեն նրա գործերին ու ընդունեն, որ դեռ շատ բան կա քննարկելու:
– Նկարչի համար կարեւո՞ր է թանգարանում «կախվելը», թե՞ կարելի է թանգարանային հիերարխիայից դուրս մնալ:
– Երբ արվեստագետը հայտնվում է թանգարանում, նա կարծես կշիռ է ձեռք բերում, ներքուստ հանդարտվում է: Օրինակ, Ռոբերտ Ռաուշենբերգը` ներկայացվելով հայտնի թանգարանների կողմից, արդեն բոլորովին այլ կոնտեքստում է հայտնվում եւ արդեն կարիք չունի այլ ստեղծագործողների հետ մրցել, քանի որ հաստատվել է որպես ավանգարդի դասական: Իսկ Ռուսաստանի նկարիչները (չնայած, որ շատերը պատկառելի տարիքի են հասել) դեռ շարունակում են կողք կողքի «վազել» ու մրցել իրար հետ: Եվ ինչպես 80-ամյա բռնցքամարտիկը չի կարող կռվել 30-ամյա հակառակորդի հետ, այնպես էլ տարբեր սերունդների նկարիչները չեն կարող «կռվել» իրար հետ, քանի որ ժամանակը պետք է արդեն նրանց տեղը ամրագրեր: Այն, ինչը, ցավոք, Ռուսաստանում չի արվել: Երբ նկարիչները իրենց տեղը չեն զբաղեցնում, արվեստի պատմությունը չի կարող գրվել: Ինչպե՞ս կարելի է տուն կառուցել, եթե հիմք չկա: Հետխորհրդային տարածքում այդ հիմքն է բացակայում, եւ երբ պետք է պարտիզան-արտիստները իրենց գործերով «պայթյուններ» անեն, ապա նրանք ստիպված են ամեն անգամ պայթեցնել ոչ թե վերին հարկերը, այլ վատ սարքած հիմքը: Իսկ դա նշանակում է, որ արվեստի դիսկուրսը զրոյական կետին է վերադառնում, ու մեծ իմաստով` շարժում չի ստեղծվում: Ողջերի եւ մահացածների ստեղծած արվեստի պատմություններն իրականում խիստ տարբեր են:
– Իսկ ինտերնետը չի՞ կարող ցուցահարթակ դառնալ արդի արվեստի համար:
– Ինտերնետ տարածքը, որտեղ ցանկացած ապուշ կարող է իր կարծիքը հայտնել, ջնջում է այն սահմանը, որն ուղղակի անհրաժեշտ է արվեստի տեսության համար: Իհարկե, ինտերնետը հարմար ու արագ գործիք է, սակայն արվեստի մարդուն, միեւնույն է, պետք է ինստիտուցիաների մեջ ներգրավել: Պատկերասրահներում ու գալերեաներում ցուցադրվելը նկարչին որոշակի մասշտաբ է հաղորդում, եթե կուզեք նաեւ` ելակետ:
– Ի՞նչ կասեք հայ երիտասարդ արվեստագետների մասին:
– Բացի այն, որ բոլորի (ոչ միայն հայ արվեստագետների) կրթությունը «կաղում» է, նրանցից շատերն անթաքույց կարիերիստներ են ու ունեն մեկ ցանկություն` լավ աշխատանք գտնել: Երբ միայն աշխատանք գտնելու մասին ես մտածում, անպայման կոնֆորմիստ ես դառնում: Իսկ արվեստում հարկավոր է պարտիզան լինել: Ընդ որում` եւ ստեղծագործելիս, եւ կուրատորական գործ անելիս, եւ քննադատելիս: Իհարկե կարելի է հարմարվել արվեստի լեզվին` գործածելով տեսաբանների տերմիններն ու ինֆորմացիան, սակայն լեզվի արժեքը նրա կենսունակությունն է: Բավարար չէ բառապաշարին տիրապետել, լեզուն հարկավոր է զգալ, լեզվական հոտառություն մշակել: Նկատելի է, որ այն արվեստաբանները, որոնք բարդ տերմինոլոգիայով ելույթներ են ունենում, հետո, երբ նրանց պարզ հարցեր ես տալիս, մոլորվում են ու սկսում են կաշկանդվել: Դա վկայում է նրանց թերի կրթության մասին: Պետք չէ մոռանալ, որ տեսաբանները արվեստից ոչինչ չեն հասկանում, նրանք արվեստի փիլիսոփայությունն են ուսումնասիրում, սակայն արվեստի օբյեկտներն իրենց համար «փակ» են մնում: Մարզեք ձեր աչքը, գործածեք լեզուն, ու արդի արվեստի լեզուն կբացի իր գեղեցկությունը: