«Ես համոզված եմ, որ հայ-թուրքական համագործակցությունը պետք է կառուցել անհատների փոխհարաբերությունների ու բիզնեսի հիմքի վրա»,- ասում է թուրք գործարար Ակիֆ Իշիկը: Վերջինս Թուրքիայի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում Ամերիկայի Առեւտրի պալատի («AmCham») կազմակերպած տարածաշրջանային համաժողովում: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ զրուցեցինք Ակիֆ Իշիկի հետ:
– Պրն Իշիկ, ինչպե՞ս եք պատկերացնում հայ-թուրքական համագործակցությունը:
– Քաղաքական հակամարտությունները մեր երկու երկրների միջեւ երբեք հնարավորություն չեն տա պետական մակարդակով երկխոսության: Սակայն վստահ եմ, որ հայ եւ թուրք գործարարները կարող են համատեղ ծրագրեր իրականացնել, ներդրումներ կատարել եւ, ընդհանրապես, սերտ փոխհարաբերություններ ձեւավորել:
– Չե՞ք կարծում, որ անցյալի իրողությունները խոչընդոտ են այդ գործընթացի համար:
– Թուրք եւ հայ ժողովուրդները դարեր շարունակ եղբայրներ են եղել, միասին պայքարել են Բյուզանդական Կայսրության դեմ, չպետք է մոռանալ այս հանգամանքը: Իհարկե, անհնար է ժխտել դարասկզբի որոշ իրադարձությունները, բայց մեզ էլ փորձեք հասկանալ, մեր պատմություններն էապես տարբերվում են: Ես հասկանում եմ թե՛ հայաստանաբնակ հայերի, թե՛ սփյուռքահայերի վերաբերմունքը Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ, սակայն գտնում եմ, որ ժամանակն է մի կողմ դնել զգացմունքները եւ բանականությամբ առաջնորդվել հանուն մեր երկրների բարեկեցության:
– Ձեր կարծիքով, ի՞նչ կտա Հայաստանին եւ Թուրքիային պետական սահմանի բացումը:
– Վերջինից երկու երկրներն էլ կօգտվեն: Թուրքիայի արեւելյան հատվածը մի քանի անգամ ավելի թույլ է զարգացած, քան արեւմտյան կողմը: Մեր երկիրը հավասարապես կարող է զարգանալ: Հայաստանի հետ առեւտուրը, մասնավորապես՝ Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը, մեծ խթան կհանդիսանա թուրքական տնտեսության զարգացման համար: Օրինակ, իրատեսական եմ համարում սահմանի մոտ տուրիզմի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն վարելը: Թուրքիայի հետ առեւտրից կշահի նաեւ Հայաստանը:
– Դուք պաշտոնապես համաժողովում ներկայացնում եք Թուրքիան: Իսկ մասնակցության հարցում որեւէ դժվարության հետ չառնչվեցի՞ք ձեր երկրում:
– Իհարկե, այո: Շատերն էին դեմ իմ այցին: Նույնիսկ մեր իշխանավորներից մեկը գալուս նախօրեին ինձ խնդրեց հրաժարվել հրավերից: Պատճառներից մեկն այն է, որ 5 տարի առաջ Հայաստանի «AmCham»-ի ներկայացուցիչը Թուրքիայում տեղի ունեցած համաժողովում ներկայացավ ոչ թե կազմակերպության, այլ հենց իր անունից:
– Իսկ ի՞նչն է Հայաստանի ու հայերի նկատմամբ Ձեր անձնական բարյացակամ վերաբերմունքի պատճառը:
– Նախ ասեմ, որ հայերին նման ձեւով է վերաբերվում ողջ թուրք Ժողովուրդը: Ես եւ իմ ընտանիքի անդամները շատ հայ ընկերներ ունենք: Մի փոքր դեպք պատմեմ, որն անջնջելի հետք է թողել իմ հիշողության մեջ: Տարիներ առաջ հայրս սրտի նոպա է ունեցել: Չկարողանալով նրան օգնել՝ քույրս դիմել է մեր հայ հարեւանի օգնությանը: Վերջինս մեծ դժվարություններով, նույնիսկ շալակած, հորս հասցրել է հիվանդանոց եւ փրկել նրա կյանքը: Այդուհետ մեր ընտանիքները բարեկամացել են: