Առաջիկա օրերին Թուրքիայում հրապարակվելու է շատ հայտնի քաղաքական գործչի սիրային արկածների մասին պատմող տեսաերիզ, որը ցնցումներ է առաջ բերելու երկրի քաղաքական դաշտում: Ըստ «Milliyet» օրաթերթի` այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության Անկարայի նահանգային գրասենյակի նախկին ղեկավար Թունայ Դեմիրթաշը: Նշելով, որ այդ տեսարեզը ձայնագրվել է դեռ 2008թ. սեպտեմբերին, Դեմիրթաշը պնդել է, որ անհայտ անձինք իր հետ ցանկացել են կապեր հաստատել տեսանյութի առնչությամբ: «Այդ անձինք ինձ պատմել են տեսանյութի պարունակության մասին: Նրանք ցանկանում էին հանդիպել ինձ հետ: Սակայն ես մերժեցի»,- ասել է նա` վստահեցնելով, որ այդ տեսանյութը շատ ավելի մեծ աղմուկ է հանելու Թուրքիայում, քան Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի դեպքում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ թուրքական լրատվամիջոցներում հայտնվեց Բայքալի եւ նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջեւ սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել էր թաքնված տեսախցիկով: