Խմբագրել են Սերժ Ավեդիքյանի խոսքերը

21/10/2010

«Ասել եմ, որ ֆիլմն ուղղակիորեն չի խոսում Հայոց ցեղասպանության մասին: Այն ներկայացնում է պատմական փաստ՝ 1910թ. Կոստանդնուպոլսում շների ոչնչացումը, որի պատասխանատուն երիտթուրքերի կառավարությունն էր: Ստացվում է՝ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին չէ, բայց այդ մետաֆորան ճիշտ է, որովհետեւ նույն կառավարությունն էր, որ իրականացրեց Ցեղասպանությունը: Ահա սա եմ պատասխանել թուրք լրագրողի հարցին»: Այս մասին Tert.am-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, ով վերջերս մասնակցում էր Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնին: Բացի այդ, Սերժ Ավեդիքյանը ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ` կապված Թուրքիայում իր «Շների պատմություն» (Chienne dգhistoire) անիմացիոն ֆիլմի ցուցադրության եւ իր մասնակցությամբ թուրքական համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով տեղի ունեցած քննարկման մասին: «Նույն Անթալիայի փառատոնի ժամանակ իմ աչքի առջեւ իմ ֆիլմի 10 հազար խտասկավառակներ բաժանվեցին ուսանողներին, որպեսզի նրանք ուսումնասիրեն այն: Բացի այդ, Անթալիայի համալսարանում երեք ժամ տեւողությամբ հանդիպում ունեցա ուսանողների հետ, որի ընթացքում հարցեր հնչեցին իմ ֆիլմի եւ Ցեղասպանության մասին»,- ասել է նա` ընդգծելով, որ ինքը հանդիպման ընթացքում թուրք ուսանողներին պատմական ապացույցներով ներկայացրել է Հայոց ցեղասպանության փաստը: «Թուրք ուսանողներին պատմեցի դրա մասին՝ պատմական հիմքերով, մի քանի անգամ գործածելով Ցեղասպանություն եզրույթը: Հանդիպման ավարտին մի քանի ուսանողներ մոտեցան ինձ եւ ասացին, որ այդ պատմական իրադարձություններին դժվար է տալ Ցեղասպանություն բնորոշումը: Ես նրանց պատասխանեցի, որ մի քանի ոչ հայ պատմաբանների գրքեր, որոնք թարգմանվել են թուրքերեն, պետք է մտնեն թուրքական համալսարաններ, որպեսզի թուրք ուսանողները թոթափեն մեղավորության զգացումը` ընդունելով այդ ժամանակաշրջանի պատասխանատուների որոշումները, այսինքն` երիտթուրքերի իրականացրած հանցագործությունները: Օրինակ բերեցի Թաներ Աքչամի գրքերը, որոնք ապացուցում են հայ ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունը: Իսկ Թաներ Աքչամը թուրք պատմաբան է, ով տիրապետում է օսմաներենին եւ գիտի՝ ինչպես օգտագործել արխիվները»,- հավելել է ֆրանսահայ հայտնի ռեժիսորը:

Ըստ «Milliyet» օրաթերթի` Ս. Ավեդիքյանն ասել էր. «Միջազգային մամուլը, ուշադրություն դարձնելով իմ հայկական ծագման վրա, այդ ֆիլմը փորձում է ներկայացնել որպես բռնագաղթի ալեգորիա: Սակայն ես երբեք նման բան չեմ ասել»: