Օրակարգում է

21/10/2010

Չնայած կառավարության խոստումներին` «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսդրական լրամշակված փաթեթը կընդգրկվի հոկտեմբերի 25-28-ը ԱԺ նիստերի օրակարգում` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ներկայացվելու եւ ընդունվելու համար: Երեկ նման որոշում է կայացրել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Ավելի վաղ, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների նախագծի դեմ, իսկ ավելի կոնկրետ` օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ բարձրացած հանրային դժգոհության ալիքը, կառավարությունը հայտարարել էր, որ հրաժարվում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտադրությունից, եւ պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում օտարալեզու կրթակարգով դպրոցների բացումը թույլատրելու հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով: Սակայն երեկ պարզ է դարձել, որ «Լեզվի մասին» օրենքում ներառվել է հոդված, ըստ որի` «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով»: