Առաջին տիկինը հանկարծակիի եկավ

19/10/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Օղակաձեւ» այգում գտնվող Կամերային երաժշտության տան անդորրը խախտված է: Մի քանի տարի առաջ այգու՝ Նալբանդյան փողոցին հարող մասում կառուցվեց «Այվազովսկի-9-րդ ալիք» բացօթյա սրճարանը, որի արաբական երաժշտության բարձր ձայնը մտահոգել է նաեւ վերջերս այդ դահլիճում դասական երաժշտության համերգ այցելած Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանին:

Իսկ այս օրերին Կամերային տան դիմաց, արդեն Աբովյան փողոցին հարող մասում, մեծ թափով ընթանում են մեկ այլ սրճարան-օբյեկտի շինարարության աշխատանքներ: «Օղակաձեւ» այգու այդ հատվածը 70-ական թվականներին պատկանում էր հենց Կամերային երաժշտության տանը: 90-ականներին այդ տարածքը քաղաքապետարա՞նը, թե՞ թաղապետարանը վերցրել է եւ մաս-մաս հատկացրել է տնտեսվարող տարբեր սուբյեկտների: Իսկ Կամերային երաժշտության տունն արտաքին աշխարհի աղմուկ-աղաղակից պաշտպանվելու համար ձայնամեկուսիչ համակարգ չունի: Ավելին, երաժշտության տան դահլիճի պատերը մեծամասամբ ապակուց են: «Այգու այդ երկու հատվածներն իրենց խաղաղությամբ երաժշտության տանը պաշտպանում էին դրսի ձայներից,- ասում է Կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը: -Իսկ հիմա մեր ունկնդիրը դասական երաժշտությանը զուգահեռ կլսի արաբական կամ ռաբիս երաժշտություն: Ի վերջո, այդ աղմուկը մեր փորձերին էլ է խանգարում: Մենք դիմեցինք նախագահին: Վերահսկողության ծառայության պետը եկավ մեզ այցելության: Նրա հետ քայլում էինք այս մասով, ու ես ներկայացնում էի իրավիճակը: Հենց այդ ժամանակ այս սրճարանի (նկատի ունի «Այվազովսկի-9-րդ ալիք» սրճարանը) երաժշտությունը շատ բարձր էր միացրած: Մոտեցանք, խնդրեցինք, որ ցածրացնեն: Ներկայացանք, թե ովքեր ենք, բայց նրանք մեզ բանի տեղ չդրեցին»:

Այգու Աբովյան-Մոսկովյան հատվածի 10-15 հաստաբուն ծառեր լրիվ չորացած էին: Ա. Արաբյանի կարծիքով՝ այդ ծառերը միտումնավոր են չորացնում, որ հետո կտրեն ու տեղը կառուցապատեն: «Ֆլորա-լենդ» ՍՊԸ-ի՝ նոր կառուցվող սրճարանի շինարարության ղեկավար Նվերը հերքեց, որ իրենք դրա հետ կապ ունեն: «Հակառակը, մենք ուզում ենք տարածքը կանաչապատել, մեծերի ու փոքրերի համար հանգստի գոտի սարքել»,- ասում է Նվերը: Փորձը ցույց է տալիս, որ Երեւանում «հանգստի գոտի» արտահայտությունը վերաբերում է հիմնականում սրճարան-ռեստորանային համալիրներին, այս դեպքում՝ ամառային ու բացօթյա: Կամերային երաժշտության տան ուղիղ դիմաց, գրեթե բակում, լինելու է բիլիարդի սրահը, որից մի քանի քայլ այն կողմ, ապակիների հետեւում Երաժշտության տան դահլիճն է: Ու արդեն դժվար չէ պատկերացնել, թե բիլիարդի գնդիկների հարվածն ու սրճարանից հնչող երաժշտությունն ի՞նչ ներդաշնակությամբ կմիահյուսվեն դասական երաժշտության հետ: «Բա մեքենաների աղմուկը չի՞ խանգարում,- հակադարձեց Նվերը: -Թող բողոքեն, ինչո՞ւ չեն բողոքում: Այ, երբ որ Օպերայի բակի ու մյուս այգիների սրճարանները կարողանաք հանել տալ, ես էլ այս սրճարանի շինարարությունը կդադարեցնեմ»: «Ֆլորա-լենդ» ՍՊԸ-ի կառուցապատումը 2005թ. մայիսի 18-ին թույլատրել է Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը: Նվերի ասելով՝ իրենք ունեն գրավոր թույլտվություն նաեւ նախագահի աշխատակազմից, թե կոնկրետ ումի՞ց, չասաց: Իսկ Կամերային երաժշտության տան ղեկավարներն այս խնդրով մեծ հույսով դիմել են Ռոբերտ Քոչարյանին: Նվերի հետ զրուցելիս մեզ մոտեցավ օբյեկտին առնչվող մի երիտասարդ, որը միացավ մեր զրույցին։ «Քուր ջան, մենք որ չվերցնեինք այս տարածքը, մեկ է, ուրիշներն էին վերցնելու,- իսկապես ճիշտ մեկնաբանեց նա: -Ձեզ համար ի՞նչ տարբերություն: Հետո իրենք էլ այս տարածքի վրա աչք ունեն: Նրանք էին ուզում սրճարան կառուցեին»: Կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ այդպիսի մտադրություն իրենք իսկապես ունեցել են: «Մենք ուզեցել ենք Կամերայինի տարածքում բացօթյա «Կոմիտաս» սրճարան դնել մեզ համար»,- պատասխանեց պարոն Հարությունյանը: