«ՀԱԿ-ի միտինգում արած հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները սերտ կապեր ունեն ԱՄՆ-ում ձերբակալված «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ, իրականության հետ որեւէ կապ չունի»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, առաջին անգամը չէ, որ ՀԱԿ-ն իր հանրահավաքներում «ապատեղեկատվություն» է տարածում։ «Իրականում «Պզոն» «բարգավաճում» էր Հայաստանում 90-ականներից, երբ իշխանության ղեկին էր ՀՀՇ-ն՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Իսկ երբ ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի դիրքերը խարխլվեցին, «Պզոն» լքեց երկիրը եւ տեղափոխվեց ԱՄՆ: Այնպես որ, իրականությունն այսպիսին է»,- ասել է Շարմազանովը: ՀՀԿ-ն պատասխանել է նաեւ ՀԱԿ այն մեղադրանքին, թե «Պզոն» 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ համակարգել է մի շարք քրեական տարրերի աշխատանքը Լ. Տեր-Պետրոսյանի դեմ պայքարում: «ՀՀ իշխանությունները, մասնավորապես` Սերժ Սարգսյանը, նման խնդիր ոչ ունեցել է, ոչ ունի: Ես անլուրջ եմ վերաբերվում այդ հայտարարություններին, նրանք որեւէ աղերս չունեն իրականության հետ»,- ասել է Շարմազանովը: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Սերժ Սարգսյանն այն անձնավորությունը չէ, որ Պզոների հետ կապ ունենա: Մենք քրեական աշխարհի հետ կապված չենք, մենք նրանց ձերբակալում ենք եւ համապատասխան պատիժ ենք տալիս»: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում հայտարարվել էր, որ «Պզոն» սերտ առնչություններ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ անգամ մասնակցել է Ռ. Քոչարյանի որդու հարսանիքին: Երեկ Ռ. Քոչարյանի գրասենյակը նույնպես հերքել է «Պզո» մականունով Ա. Ղազարյանի հետ նախկին նախագահի կապերի մասին հայտարարությունները: «Բնականաբար, ես հերքում եմ նման պնդումները, եւ մեկ անգամ չէ, որ հերքել եմ: Նույնիսկ ինձ լուսանկար են ուղարկել` ճանաչելու համար, բայց բոլորովին այլ մարդու լուսանկար էր», – «Ազատություն» ռ/կ-ին ասել է գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է հանցավոր խմբավորում, որը մեղադրվում է բժշկական ապահովագրության ոլորտում 160 մլն դոլարը գերազանցող խոշոր մեքենայությունների մեջ: