Ցանկացած մաֆիա մտահոգիչ է

19/10/2010

ԱՄՆ-ի պետական բժշկական ապահովագրական գործակալությունից 163 միլիոն դոլար հափշտակած հայկական կազմակերպված հանցագործ խմբի երեք անդամներ դեռեւս փախուստի մեջ են: Ինչպես «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) Նյու Յորքի մասնաճյուղի հատուկ գործակալ Դիեգո Ռոդրիգեսը, մեղադրանքներ է ներկայացվել 71 անձանց նկատմամբ, որոնցից 44-ը` Նյու Յորքում: Փախուստի մեջ գտնվող Վահան Ստեփանյանն ինքնակամ հանձնվել է հոկտեմբերի 15-ին: Հետապնդումներն ու հետախուզությունը տեւել են մեկ տարի: Խմբի անդամների մոտավորապես 50 տոկոսը, Ռոդրիգեսի խոսքով, ԱՄՆ-ի քաղաքացիներ են, մյուս կեսը` Հայաստանի: Նրանք շատ են ճամփորդել դեպի Հայաստան եւ հափշտակած գումարների մեծ մասն էլ տեղափոխել այնտեղ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի իշխանությունների հետ համագործակցելու մասին ՀՀ կառավարության պատրաստակամությանը, ՀԴԲ-ի գործակալն ասել է. «Նման դեպքերում գրեթե բոլոր երկրների կառավարություններն են հայտնում համագործակցելու պատրաստակամություն: Սակայն ԱՄՆ-ի կողմից ՀՀ իշխանություններին այս դեպքում չի ներկայացվել հետաքննության հարցում օգնելու խնդրանք: Չի եղել նաեւ Հայաստանում իրավական կցորդից տեղեկություններ ստանալու կարիք»: Հարցին, թե ինչու է ամերիկյան բժշկական պետական ապահովագրությունը պարբերաբար հայտնվում զեղծարարությունների եւ մեծ հափշտակումների ներքո, Ռոդրիգեսը պատասխանել է, թե հանցագործներն օգտվում են հիվանդների համար ու նրանց շահերից բխող փաստաթղթային «հեշտացված» համակարգից: «Բժշկական ապահովագրական համակարգը մոտ 65 միլիարդ դոլարի հասնող իր խնդիրներով այսօր ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում է: Երկրում գործում է տեղական 56 շտաբ-կայան, որոնց թիրախն էլ հենց նման հանցագործությունների բացահայտումն է»,- ասել է նա: Դիտարկմանը, թե ամերիկյան մամուլում «հայկական մաֆիա» արտահայտությունը վերջին օրերին հաճախակի է ընդգծվում, արդյոք ԱՄՆ-ի համար այս եզրույթը մտահոգիչ հանգամանք չէ՞, ՀԴԲ-ի հատուկ գործակալը պատասխանել է. «Որեւէ մաֆիա մտահոգիչ է ԱՄՆ-ի համար: Սակայն հարցը միայն հայկականի մասին չէ: Այս դեպքում գործ ունենք հայկականի հետ, սակայն կան ու հետագայում էլ գուցե բացահայտվեն ու չեզոքացվեն մաֆիոզ այլ խմբավորումներ»: Ի դեպ, նա նաեւ նշել է, թե հարուցված մեղադրանքները ոմանց համար կարող են ապահովել մինչեւ ցմահ բանտարկության պատիժ: